Քաղաքականություն

«Հրապարակ». Եթե ես լինեի ՀՀ վարչապետը, կասեի՝ Կարսի, Նախիջեւանի հարցն ի՞նչ եղավ

«Հրապարակ». Եթե ես լինեի ՀՀ վարչապետը, կասեի՝ Կարսի, Նախիջեւանի հարցն ի՞նչ եղավ

Գյումրիում քաղաքային իշխանությունը մտադիր է Սահմանադրական դատարան դիմել՝ վիճարկելու անցած տարվա պետական բյուջեի հոդվածներից մեկի սահմանադրականությունը: Վերջնական նպատակն է՝ համայնքի վճարած եկամտահարկի մասով կառավարությունից ավելի շատ գումար ստանալ: Հարցն ընդգրկված էր Գյումրու ավագանու հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում, որը բավական թեժ ընթացավ: «Ես այդ լիազորությունն ունեմ, բայց առաջարկում եմ նաեւ ձեզ՝ ընդդիմադիրներին էլ, միանալ, ստորագրել եւ ՀՀ կառավարությանը դատի տալ: Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել էս երկրում, որ կառավարությանը դատի տա: Որ 85 միլիարդ դրամ Գյումրի քաղաքից տանում են հանրապետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդը: Իրենք պետք է Գյումրի քաղաքին տան 27-30 միլիարդ դրամ: Մեր գումարներն իրենք չեն տալիս, այդ գումարների համար ես պիտի դատի տամ: Ամեն տարի մեկ միլիարդ դոլարով մեր արտաքին պարտքն ավելանում է: 70 միլիարդ դրամ է հատկացվել Գյումրիին, բայց այդ 70 միլիարդից մինչեւ հիմա ոչ մի աշխատատեղ չի բացվել, մի բնակարան չի կառուցվել: Կողմնակից եմ, որ ձեր կառավարությունը գումար բերում է, բերում է, որ մեր երկիրը գցի այլ երկրների ազդեցության տակ, դուք որ լուրջ մասնագետներ ունենայիք, կհասկանայիք, որ երկիրն աշխատանքով, ռազմական արդյունաբերությունով է զարգանում»,- հայտարարեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը՝ ավելացնելով, թե քիչ կա իր պես հայրենիք սիրող մարդ:

«Եթե ես լինեի ՀՀ վարչապետը, կասեի՝ Կարսի, Նախիջեւանի հարցն ի՞նչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրիչ, հետո ինձ այնպես կպահեի, որ բոլորը զգաստանային...»,- ասաց Ղուկասյանը: Նշենք, որ ՀՀ կառավարությանը դատի տալու մասին միտքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր Ղուկասյանին հուշել ու իր վերլուծությունը ներկայացրել: Ավագանու նիստի ժամանակ Ղուկասյանն առաջարկեց՝ Հրանտ Բագրատյանին եւ նրա թիմին հրավիրել քաղաքապետարան՝ հարցը լրջորեն քննարկելու: Գյումրու քաղաքապետի հայտարարությունը, թերեւս, պատճառ դարձավ, որ ՔՊ-ական ավագանու անդամները փուչիկի պես պայթեն: Մեղադրանքների տարափ սկսվեց, թե քաղաքային իշխանությունը ձախողված է, քաղաքի կառավարումը տապալման է տանում, քաղաքում ոչինչ չի արվում, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձն էլ պետության հաշվին բարձրացվել է եւ այլն: Քննադատության մի ալիք էլ ուղղվեց ավագանու ընդդիմադիր անդամներին, թե չեն կիսում պատասխանատվությունը քաղաքային իշխանությունների հետ, որոնց հենց իրենք բերեցին իշխանության: Այդտեղ արդեն տեղի տվեցին նաեւ ընդդիմադիրների նյարդերը:

Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը կոշտ հակադարձեց՝ հիշեցնելով ՔՊ-ին, որ կար ժամանակ, երբ իրենք էին քաղաքի կառավարումը հավասար կիսել «Բալասանյան դաշինքի» հետ, բայց․ «Մի առավոտ արթնացաք, հասկացաք, որ տրամադրություն ու հավես չունեք, եւ հրաժարվեցիք քաղաքի կառավարումից, իսկ հիմա մենք ընտրել ենք լեգիտիմ քաղաքապետ, ունենք լեգիտիմ քաղաքապետարան, պարտավոր է զբաղվել բոլոր հարցերով»։ «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանն էլ նկատեց. «Խոսում եք Գյումրիում 7 տարվա մեջ 70 միլիարդ դրամի մասին, բայց, ինչպես Թրամփն ասաց, ձեր Ալիեւի հայրենակիցը նրան Արցախում նվիրեց 5 միլիարդ դոլարի զենք։ Այնպես որ, մնացեք քաղաքական եզրույթի մեջ, չասենք, թե ով ինչ է արել, բայց կա մի փաստ՝ ՀՀ կառավարությունը 1քմ տարածք Գյումրիում չի կառուցել»: Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին առաջարկեց քաղաքապետին՝ Գյումրի հրավիրել Հրանտ Բագրատյանին՝ քննարկում անցկացնելու, որից հետո որոշում կկայացվի՝ ինչ անել: Ի վերջո, որոշում կայացվեց ավագանու նիստից հարցը հանել՝ նախկին վարչապետին Գյումրի հրավիրելու պայմանով: ՍԴ դիմումը ներկայացնելու ու պաշտպանելու համար նաեւ իրավաբանական թիմի մրցույթ կհայտարարվի, որի վարձատրության առավելագույն շեմը 6 մլն դրամ է սահմանվելու: Այսինքն՝ ավագանին պետք է նախ հաստատի՝ դիմե՞ն ՍԴ, թե՞ ոչ, հետո տեղական բյուջեից իրավաբանների համար գումար հատկացնի: Գյումրու ավագանու ընդդիմության` ՔՊ-ականների խոսքով էլ, իրավաբանական թիմի հետ քննարկում պիտի անցկացնեն՝ հասկանալու, թե արդյոք ՍԴ դիմելու հիմք կա՞: Նշենք, որ Գյումրու քաղաքապետի տրամադրվածությունը, սակայն, չփոխվեց, նա մինչեւ վերջ պնդեց, որ, անկախ ամեն ինչից, ինքն անձամբ դիմելու է Սահմանադրական դատարան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image