Հարցազրույց

Այս ամենը 2017-ի ընտրություններն են ինձ հիշեցնում․ ի՞նչ տեղի ունեցավ հետո

Այս ամենը 2017-ի ընտրություններն են ինձ հիշեցնում․ ի՞նչ տեղի ունեցավ հետո

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ, «Բոլորին դեմ եմ» կուսակցության հինգերորդ համար Միքայել Նահապետյանն է: «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ստացել է 21 հազար 477 ձայն, ընտրություններին մասնակցողների մոտ 1,5 տոկոսի ձայները:

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները: Ի՞նչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա աշխատանքը, անելիքը:

- Մի քանի բան հստակ են: Այս համակարգը, այս խաղի կանոնները պետք է փոփոխության ենթարկվեն: Մենք վճռականորեն լավատես ենք փոփոխություններ կատարելու հարցում: Մեր կամքը ամուր է և շարունակելու ենք մեր ճանապարհը, փոփոխություններ բերելու ենք: Պետք է շատ ավելի մեծ փոփոխությունների մասին մտածենք, քան պարզապես քաղաքական համակարգի խաղի կանոնների փոփոխությունն է:

- Ի՞նչ փոփոխություններ կարող եք անել առկա վիճակում:

- Դեռևս պետք է աշխատենք հանրային նարատիվները փոխելու հարցում. Առանց հանրային նարատիվների փոփոխության ոչ մի փոփոխություն չենք կարողանա կատարել: Հետևում եմ քաղաքական ուժերի հայտարարություններին, դրանք այնքան էլ հուսադրող չեն թվում, և կարծես այն մասին են հուշում, որ այս խորհրդարանը նախորդ խորհրդարանից էապես չի տարբերվելու:

- Ի՞նչ նարատիվներ եք ցանկանում փոխել:

- Պետք է նորմալիզացնել պայքարը, բայց չպետք է նորմալիզացնել շարունակ ընդդիմություն լինելը, պետք է ապանորմալիզացնել այս պառլամենտում իրար վրա շշեր շպրտելն ու չգիտես էլ ինչեր անելը: Ի վերջո պետք է գործ անել, որպեսզի մարդիկ համոզվեն, որ հաջորդ անգամ այսպես չի լինելու:

- Ինչ եք կարծում` ինչպե՞ս կարողացավ ՔՊ-ն նորից հաղթել, թեկուզ 49 տոկոս ձայն տանել:

- Իմ կարծիքով` այս «տորթը» երկու մեծ կտորից է բաղկացած, առաջինը հստակ իշխանական ֆորան է, երկրորդն էլ այն է, որ Փաշինյանը ունի հստակ օրակարգ, որը թունավոր է, բայց կա և իր ընտրազանգվածին գրավեց: Իրականում ոչ մի աննախադեպ բան իրականում տեղի չի ունեցել: Այս ամենը 2017 ընտրությունների կրկնությունն է ինձ հիշեցնում, արդյունքները ճշգրիտ նույնն են, ինչ 2017 թվականին, բայց այն, ինչ եղավ 2017 թվականից ուղիղ մեկ տարի անց, բավականին հուզիչ ու տխուր էր այն ժամանակվա իշխանությունների համար, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է:

- Այսինքն` ակնարկում եք, որ Փաշինյանին, ինչպես որ իրեն իշխանությունը հանձնած Սերժ Սարգսյանին, ևս հեռացնելու են հեղափոխությամբ:

- Ես այս ընտրությունների արդյունքներից հետո մի բան տեսա, ինչը 2018 թվականից հետո առաջին անգամ տեղի ունեցավ, դա այն է, որ մեր հասարակության մեծամասնությունը տվեց իշխանափոխության պատվեր: Մենք նման իրավիճակ չենք ունեցել մինչև այս պահը:

- Ինչպե՞ս եք եկել այդ համոզմունքին:

- Ընդդիմադիր ուժերը, ովքեր իշխանափոխություն են ուզում ավելի շատ ձայներ են ստացել, քան նրանք, ովքեր չեն ուզում իշխանափոխություն:

- Բայց արդյունքում Փաշինյանը հաղթեց:

- Բայց չստացավ մեծամասնություն: Իշխանությունը երբեմն նաև նվեր են ստանում, բայց էականն այն է, որ մեր հասարակության մեծամասնությունը տվեց իշխանափոխության պատվեր: Մեկ-երկու տարվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

- Այդ դեպքում ինչո՞ւ փողոցները մարդկանցով ողողված չեն:

- Այդ հարցին պետք է ընդդիմադիր ուժերը պատասխանեն:

- Դուք էլ եք ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ:

- Մենք չենք ստացել ձայների այնպիսի քանակ, որ կարողանայինք փողոց մոբիլիզացնել և խոսել Կառավարություն ձևավորելու մասին: Փողոց պետք է դուրս գալ միայն մեկ պարագայում, երբ դու պետք է հաղթեիր, սակայն տեղի են ունեցել անարդարություններ: Մենք նման իրավիճակում չենք հայտնվել և հունիս ամսին չենք պատրաստվում մարդկանց հանել քաղաքական զբոսանքների: Ես չեմ ուզում որևէ ուժի խելք սովորեցնել, ես ամենասկզբում հայտարարել եմ, որ բոլորին դեմ եմ և ունեմ հստակ համաձայնություն Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատելու հարցում: Ինքս պնդել եմ, որ երբեք նման բան չեմ անի և կարծում եմ, որ ոչ մի բարեպաշտ մարդ չպետք է նման քայլի գնա, բայց ամեն դեպքում ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում ինչ արժեքներով առաջնորդվել: Մենք չենք կարող այդ հարցում ուղղորդել որևէ ուժի:

- Նինա Կարապետյանցը այսօր երեկոյան հանրահավաք է նախաձեռնել, մասնակցելո՞ւ եք:

- Մենք այս պահին ամփոփման որոշակի աշխատանքներ ենք կատարում, դեռ չգիտեմ, թե ինչ կանենք, նայած, թե ինչ ծանրաբեռնվածություն կունենանք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image