Հարցազրույց

Անդրանիկ Քոչարյանն ապատեղեկատվությո՞ւն է տարածել

Անդրանիկ Քոչարյանն ապատեղեկատվությո՞ւն է տարածել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել էր, որ զինամթերքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, ով 2 քրեական գործով որպես մեղադրյալ է անցնում, եւս պետք է հրավիրվի քննիչ հանձնաժողով, քանի որ նա շատ բան կունենա ասելու։ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանից հետաքրքրվեցինք, թե իրո՞ք Դավիթ Գալստյանը ցանկանում է մասնակցել այդ հանձնաժողովի նիստին եւ ունի՞ ասելիք։

«Այո, Դավիթ Գալստյանը հրավերի դեպքում միանշանակ կմասնակցի հանձնաժողովի նիստին։ Հրավեր դեռեւս չենք ստացել, բայց հանձնաժողովի նիստին մասնակցելու հիմնական նպատակը, ի վերջո, մի շարք հարցերի կոնկրետ իր կողմից պատասխաններ ներկայացնելն է։ Երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ հարցեր են քննարկվում 44-օրյա պատերազմի մասով Դավիթ Գալստյանի գործունեության վերաբերյալ․ կարծում ենք, որ սա հարմար առիթ է, որ Դավիթ Գալստյանն անձամբ ներկայացնի իրողությունները, ինչպես նաեւ պատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին»,- պատասխանեց փաստաբանը։

- Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ մինչ այժմ չեն հրավիրել եւ արդյոք կհրավիրե՞ն։

- Չեմ կարող որեւէ տեղեկություն հայտնել, թե ինչու մինչ այժմ չի հրավիրվել։ Կարծում եմ՝ եթե հանձնաժողովին անհրաժեշտ է, որ ներկայացվի նաեւ Դավիթ Գալստյանի կարծիքը, ապա միանշանակ է, որ պետք է հրավիրվի, նաեւ մեր դիրքորոշումն այն է, որ ինքը միանշանակ մասնակցելու է այդ նիստին։

- Քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ, իր տեղեկություններով, Դավիթ Գալստյանին կալանավորել են։ Դա լսելով, մեր տեղեկություններով, ժամեր հետո Գալստյանն ինքնակամ գնացել է ԱԱԾ՝ հանձնվելու, որպեսզի ԱԱԾ-ն իր բնակարան չայցելի։ Բայց կալանավայրում նրան չեն ընդունել՝ ասելով, որ նման որոշում իրենք չեն ստացել։ Որտեղի՞ց Անդրանիկ Քոչարյանը գիտեր, որ Դավիթ Գալստյանը պիտի կալանավորվի։

- Որեւէ բան չեմ կարող հայտնել, թե էդ տեղեկությունը որտեղից պարոն Քոչարյանին, բայց ես նաեւ հայտնել եմ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից բեկանվել է Դավիթ Գալստյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշումը, որով Դավիթ Գալստյանն ազատ էր արձակվել, եւ որոշվել է, որ մեկ ամսով երկարաձգվի Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը։ Այո, Դավիթ Գալստյանը ներկայացել է քրեակատարողական հիմնարկ, որպեսզի ի կատար ածվի որոշումը, բայց որոշման հետ կապված՝ այս պահին չունենք որեւէ տեղեկություն։

- Այսինքն՝ երբ Գալստյանը ներկայացել է ՔԿՀ, չի կալանավորվել։

- Այս պահին կալանավորված չէ, ներկայացել է ինքնակամ, բայց չի կալանավորվել՝ այն իմաստով, որ ՔԿՀ-ն չի ստացել համապատասխան որոշումը։

- Ի՞նչ եք կարծում՝ այնուամենայնիվ, կկալանավորվի՞ նա, թե՞ կհասցնեք այդ ընթացքում որոշումը բողոքարկել։

- Ես արդեն վճռաբեկ բողոք եմ մուտք արել, կարծում ենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումն անօրինական է, այդ մասով որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, թե որ գործընթացն ավելի շուտ տեղի կունենա։

- Քաղաքական պատճառներ տեսնո՞ւմ եք, որ Դավիթ Գալստյանին անընդհատ ազատ են արձակում, ապա կարճ ժամանակ անց կրկին կալանավորում։

- Թույլ տվեք իրավական առումով այդ հարցին պատասխանել, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ կարող քաղաքական մասով գնահատականներ տալ։ Իրավական մասով պետք է նշեմ, որ, մեր կարծիքով, ինչքան որ Դավիթ Գալստյանն այս գործընթացի ընթացքում գտնվել է կալանքի տակ, դա եղել է անօրինական, եւ բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, որ վերաքննիչ դատարանների կողմից կամ, ինչու ոչ՝ նաեւ առաջին ատյանի դատարանի կողմից վերջինիս նկատմամբ չի կիրառվել կալանք, կամ առաջին ատյանի կողմից Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանքի կիրառման պայմաններում վերաքննիչ դատարանների որոշումների հիման վրա ազատ է արձակվել։ Ինչ վերաբերում է գործին, որով Դավիթ Գալստյանը կրկին կալանավորվեց, մենք առաջնային եւ ամենակարեւոր խնդիրը համարում ենք վաղեմության ժամկետների անցած լինելը։ Արդեն արձանագրված փաստ է, եւ դա արձանագրվել է նաեւ դատարանների կողմից, որ օգոստոսի 12-ին վաղեմության ժամկետն ավարտվել է, սակայն վաղեմության ժամկետի ավարտված լինելու պայմաններում պարոն Գալստյանի նկատմամբ կրկին կիրառվում է կալանավորում, ինչը Վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը հակասող իրողություն է։

- Դավիթ Գալստյանի հետ քննարկե՞լ եք, թե ինչ ձեւաչափով է պատրաստվում ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողով, եթե նրան կանչեն, այսինքն՝ կրկին ուղիղ եթերո՞վ է ուզում խոսել, ինչպես դա եղավ Դավիթ Տոնոյանի դեպքում, թե՞ նրա համար տարբերություն չկա։

- Մեր կողմից կոնկրետ պահանջ այս պահի դրությամբ չկա, բայց կարծում ենք, որ եթե հանրությանը հետաքրքրող ինչ-որ հարցեր կան եւ այդ հարցերը պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն, ապա ավելի հարմար կլինի, որ տեղի ունենա բաց քննարկում, իսկ եթե հարցերը պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են լինելու, ապա միանշանակ է, որ փակ ռեժիմն այս պայմաններում ավելի ընդունելի է։ Բայց նորից եմ կրկնում՝ մենք չունենք որեւէ կոնկրետ պահանջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image