Հայաստանի վերջին տարիների «ժողովրդավարության շոուն» իր ամենաոգեշնչող դրվագներից մեկն ունի․ քաղաքական բանտարկյալների գործերը։ Բոլոր մեղադրանքներն ունեն նույն բովանդակային «կարմիր թելը»․ իշխանափոխություն են ուզել։ Ոչ ավել, ոչ պակաս։ Այդ ցանկությունը պաշտոնական մեղադրականներում փաթեթավորվում է «իշխանության զավթում», «ահաբեկչական գործողություն», «պետության հիմքերը խարխլելու փորձ» և այլ ծանր ու սարսափազդու տերմիններով։
Բայց որպես շարքային քաղաքացի հարց եմ տալիս․ եթե իշխանափոխություն ուզելը քրեական հանցագործություն է, ապա Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ նույն հոդվածով չի դատվում։ Չէ՞ որ նա էլ մարդկանց հավաքեց, գնաց ռադիոտունը գրավելու։ Դագաղներով, ատելություն հրահրելով, մի ողջ սերունդ ախտահարեց։ ։ Հիմա կանգնել ու հպարտորեն հայտարարում է՝ թավշյա հեղափոխություն եմ արել։
Հետաքրքիր է՝ ձեռքերը վերև բարձրացնելն արդեն թավշյա հեղափոխությո՞ւն է։ Թավշյա՞, մետաքսյա՞, թե՞ թղթյա։ Իսկ իրականն այն էր, որ ամբողջ հասարակությանն անընդհատ կերակրում էր ատելությամբ, պառակտումով ու վրեժխնդրությամբ։ Ահա՛ ամենակոշտ հեղափոխությունը․ ներսից քանդել ժողովուրդը։
Փաստերը չեմ թվարկի, որովհետև դրանք շատերին ցավ կպատճառեն։ Չհիշատակեմ դրանք, որովհետև շա՜տ շատերին ցավ կպատճառեմ, որոնք դարձել են նրա ատելության հրահրման զոհերը․․․
Թույլ տվեք հիշատակել միայն մեկին՝ քաղաքական բանտարկյալ Միքայել Աջապահյանին, ով հարցը ձևակերպել է առավել հստակությամբ։ Նա ասում է․
«Իշխանություն զավթելու փորձն ու իշխանափոխության ցանկությունը շատ տարբեր բաներ են։ Պետք է տարանջատել դրանք։ Այս մարդիկ քրեականացրել են իշխանափոխության ցանկություն ունենալը։ Բայց դա լրիվ օրինական գործընթաց է»։
Եթե իշխանափոխություն ուզելը քրեական է, ուրեմն՝ ըստ Նիկոլի տրամաբանության, մենք բոլորս պետք է դատվենք։ Նույն տրամաբանությամբ, մեզնից առաջ ինքը պիտի դատվի ու ավելի սաստիկ, որովհետև նա ոչ թե իշխանափոխություն ուզել, այլ արել է։
Ճիշտն ասած, մնում է միայն դատախազությունն աշխատի հերթապահության գրաֆիկով․ երկիրը մեկ մարդու ձեռքով չի էլ հասցնի քաղբանտարկյալների հոսքը սպասարկել։
Ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխություն կարելի է ուզել միայն այն ժամանակ, երբ դա շահեկան է մեկ մարդու համար։ Մնացած դեպքերում նույն ցանկությունը համարվում է ահաբեկչություն։ Սարկազմը թողնում եմ ընթերցողին․ իրականությունն արդեն ավելի սուր է, քան ցանկացած ծաղր։