Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց։ Հունիսի 24-ին խուզարկվել էր Ա. Չալաբյանի բնակարանը, ոչինչ չէին հայտնաբերել, սակայն նրան ձերբակալել էին։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Չալաբյանը, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, «նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը»։ Ըստ վարույթի՝ 2026 թ. մայիսին նա մեկնել է այլ երկիր եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ՝ նրանց համոզելու եւ շահագրգռելու, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործեն՝ այդ նպատակին հասնելու համար։ Խոսքը, բնականաբար, Ռուսաստանի մասին է: Մեղադրանքի համաձայն՝ ձեռք է բերվել համաձայնություն, այն է՝ «տվյալ երկրում տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպել այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք մեկնեն Հայաստան եւ ընտրությունների ժամանակ քվեարկեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին»։
Հիշեցնենք, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ Ավետիք Չալաբյանը զրուցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի հետ՝ ընտրությունների թեմայով: Նկատենք նաեւ, որ արեւմտյան դեսպանատների աշխատակիցների հետ հանդիպող ոչ մի գործչի նկատմամբ նման մեղադրանքներ չեն առաջադրվել երբեւէ:
Չալաբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։ Թե իր որ իշխանական լիազորությունն է օգտագործել Չալաբյանը, հայտնի չէ: Բայց պատկերացնում ենք, թե ինչ աշխարհացունց բացահայտումներ կլինեին, եթե, օրինակ, արեւմտյան գործիչների հետ Նիկոլ Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի զրույցները գաղտնալսվեին ու հրապարակվեին: Ակնհայտ է, որ իշխանություններն այս քայլով հերթական ընդդիմադիր գործչին են փորձում լռեցնել, վախի մթնոլորտ եւ լարվածություն տարածելով ընդդիմադիր շրջանակներում: «Հրապարակը» զրուցել է նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:
- Նիկոլ Փաշինյանը չի դադարում ընդդիմադիր ուժերի դեմ գործեր կարել, նա, խոստացածի համաձայն, փորձում է բոլոր այլախոհներին չեզոքացնել եւ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ չգիտես, թե հաջորդ վայրկյանին ում կարող են կալանավորել: Անգամ ընտրական հաղթանակը Փաշինյանին չի հանդարտեցնում։ Ի՞նչ պրոցեսներ են սրանք:
- Ես մշտապես եղել եմ այն կարծիքն, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում ռեպրեսիաները լինելու են առավել սաստիկ: Նա ավելի շատ ընդդիմադիրների է ապօրինաբար բանտարկելու, օրեցօր նրանց շարքերն ընդլայնելու է: Կասկած չեմ ունեցել, որ այս մարդը շարունակելու է օրենքներ խախտել: Այս ամենը ես կապում եմ աթոռ ու պաշտոն պաշտելու իր էության հետ: Այս մարդն այդպիսին է, նա այդպիսին է ծնվել, այդպիսի գենետիկայով: Նա չի կարող համերաշխ մթնոլորտում ապրել, նա անդադար պետք է բախումներ հրահրի, պառակտի այս մի փոքր ազգին։ Հայոց պատմության մեջ չի եղել նման մի ղեկավար, որ այս աստիճան ատի այլախոհությունը: Ցանկացած այլ կարծիք ունեցող մարդ այս մարդու համար անձնական թշնամի է: Այս ութ տարին բավարար էր՝ դա հասկանալու համար: Ցանկացած ընդդիմադիր ուժ իր ոխերիմ թշնամին է: Թող ոչ ոք չկարծի, թե այս անձը կարող է իր խառնվածքը փոխել, դառնալ համբերատար, ծանրակշիռ ու լուրջ քաղաքական գործիչ:
- Հրապարակում են կոնտեքստից կտրված ձայնագրություններ եւ տպավորություն են ստեղծում, որ այդ մարդիկ իսկապես հանցագործներ են: Բագրատ սրբազանի գործով էլ նման՝ կոնտեքստից կտրված ձայնագրություններ հրապարակեցին, սակայն մեկ տարում բոլոր մեղադրյալներն ազատ արձակվեցին, մեղադրանքը դատարանում փլվեց, պարզ դարձավ, որ գործ ունենք դասական զրպարտիչների հետ:
- Նիկոլ Փաշինյանն իրավաբան չէ, բայց գոնե իր կողքի իրավաբանները պետք է իրեն հուշեն, որ երբ ինքը խոսում է դատական պրոցեսների մասին, որոշում է` ով որքան պետք է դատապարտվի եւ այլն, առաջանում է իշխանությունների տարանջատման օրենքի խախտում: Վարչապետը չունի իրավունք՝ նման հայտարարություններ անելու: Քրեական դատավարությունում գործ ունենք ապացույցների բավարարության հետ, այսինքն` օբյեկտիվ իրականությունը եւ արդարադատության շահը կարող են տարբեր լինել, սակայն արդարադատության շահը մշտապես եղել է գերակա: Օբյեկտիվ իրականության մեջ գուցե շատերը համոզված են, որ ինչ-որ մի անձ կատարել է ինչ-որ մի արարք, սակայն պետք է ապացուցել, արդարադատական շահն ապացույցներ է պահանջում: Սրանք իրավական հարցեր են, որոնք Նիկոլ Փաշինյանին հասու չեն: Գոյություն ունի ապացույցների անթույլատրելիության ինստիտուտ, այսինքն` եթե ապացույցը պատշաճ ձեւով չի ձեռքբերվում, ի վերջո, արդարացվում է: Այս հանգամանքները` ապացուցման չափանիշները սահմանված են օրենսդրությամբ, վճռաբեկ դատարանի նախադեպային ակտերով, ներպետական օրենսդրությամբ գերակայություն ունեցող Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաեւ՝ Եվրոպական դատարանի նախադեպային ակտերով: Այս մարդուն պետք է մեկը բացատրի, որ դատավորների վրա հարձակվելը, նրանց թելադրելն անթույլատրելի են: