Մշակույթ

«Երդվում եմ Արարատով»` որպես պատգամ ու հավատարմության ուխտ 

«Երդվում եմ Արարատով»` որպես պատգամ ու հավատարմության ուխտ 

«Երդվում եմ Արարատով»․ այսպես է կոչվում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի նոր գիրքը (հրատարակիչ` «Վան Արյան», խմբագիր` Լեւոն Գալստյան), որը թեպետ գրողի 12-րդ գիրքն է, բայց՝ առաջին բանաստեղծական ժողովածուն, որտեղ հիմնականում անտիպ գործեր են:  

«Երդվում եմ Արարատով» ձեւակերպումը ոչ միայն վերնագիր է, այլեւ` պատգամ ընթերցողին, հավատարմության ուխտ, նետված ձեռնոց` ներկա ժամանակներին: Մերուժան Տեր-Գուլանյանը բացում է «Արքաների հովիտ» շարքն ու մեկնում ինձ, որպես փոքրիկ հուշում. 
«Իսկ դու խոնարհ կանգնած աստված զգյաց, ճերմակ,
Հայացքիդ մեջ կապույտ անսահմանը ծովի,-
Անմահ հայոց վկա որպես ասպետ միակ,
Հուշարձանն ես անհաս հայրենական ցավի»:    

Տեր-Գուլանյանն ասում է` «Երդվում եմ Արարատով» ձեւակերպումն իր մեջ հրամայականի ուղերձ ունի, որին կուզեր, որ ամեն ընթերցող առնչվեր, որովհետեւ «մեզ կանչողն ինքն է` Արարատը»: Գրողը մատնանշում է հատկապես հենց այս` «Արքաների հովիտ» շարքը, որը, ըստ էության, մեր այսօրվա մասին է։ «Ես փորձել եմ դաժան անկեղծությամբ ներկայացնել մեր հայ ազգի, այսօրվա իրավիճակը»,- ասում է Տեր-Գուլանյանն ու նկատում, որ դրանք ոչ միայն բանաստեղծություններ են, այլ նաեւ հարցադրումներ ինքներս մեզ, մեր ժողովրդին: Գրքում շատ բանաստեղծություններ նվիրված են մեր ժամանակների տարբեր գործիչների` Հրաչյա Սարուխանից մինչեւ Բագրատ սրբազան ու Վանո Սիրադեղյան: Սրանք, ինչպես նկատում է Տեր-Գուլանյանը, այն մարդիկ են, որ ոչ միայն իր` գրողի ժամանակի մեջ են, այլեւ մեր՝ բոլորիս կյանքի ընթացքի մեջ, որոնց խոսքն ազգովի սկսել ենք մոռանալ։ «Այդ հզոր մարդիկ կարծես երկրորդ պլան են մղված: Ընդհանրապես այն, ինչ այսօր կատարվում է մեր դպրոցներում, մեր կրթական համակարգի հետ, մեծագույն սրբապղծություն է, անտեսել Րաֆֆուն, մոռանալ ու վերաշարադրել ողջ Հայոց պատմությունը՝ ինչպե՞ս կարելի է...»,- ասում է նա ու հավելում, որ գրքում սիրային գործեր էլ կան, քանի որ կնամեծար մարդ է: 

«Ես մենակ եմ իմ ժամանակի մեջ, այս իրականության մեջ»,- անկեղծանում է Տեր-Գուլանյանն եւ խոստովանում. «Առաջ շատ ընկերներ ունեի, հետո պարզվեց, որ դրանք իմ ընկերները չեն, այն իմաստով «չեն», որ հայրենիքի ընկերը չեն, նրա կողքը չեն ու դրա համար նաեւ իմ ընկերները չեն: Ու շատ տխուր մի բան կա. մարդ ես փնտրում, որի հետ զրուցես ոչ թե ընդդիմությունից կամ չընդդիմությունից, թողնենք դրանք, այլ պարզ, մարդկային զրույց ունենաս... տխուր վիճակում ենք այսօր հայտնվել... ընդամենը մի քանի մարդ կա իմ կողքին, որոնց հետ հանդիպում եմ ու սիրում եմ զրուցել»։ Գրողը խնդրում է չսրբագրել խոսքի այս հատվածը. «Իմ ամենամտերիմ ընկերներից մեկը ձեր թերթն է, շատ ապրեք բոլորդ, նաեւ` դու, ու եթե երբեւիցե հնարավոր լիներ մեկին ներկայացնել պարգեւի՝ հայրենիքի առաջ ունեցած ծառայությունների համար, ես կներկայացնեի Արմինե Օհանյանին՝ այս իրավիճակում այդքան ազնիվ ու համարձակ լինելու համար»:

Հավերժական հայի գաղափարն այն անկյունաքարն է, որի վրա հավաքվել է ժողովածուն, եւ որտեղ Մերուժան Տեր-Գուլանյանի բանաստեղծությունների կողքին զուգահեռվում է «Հավերժական հայի» մասին 12 մեջբերում` Խորենացուց մինչեւ Նարեկացի, Տերյան, Չարենց, Աբովյան, Թումանյան, Բայրոն, «Գիլգամեշ», եւ ավարտվում է թոռնիկի` 9-ամյա Լեո Տեր-Գուլանյանի «Հայերի անելիքները» բանաձեւումով. «Այդ 12 հոգին որպես մեր տիրոջ 12 առաքյալներ են ներկայանում, որոնք տալիս են Հավերժական հայի բանաձեւումը, դրանք այն նույն մտահոգություններն են, որ նաեւ ես եմ շարադրել գրքի նախաբանում. 

«Մեզ տրված խոստումը դեռ չի կատարվել, ուստի եւ ես օգնության կանչեցի հավերժության ճամփորդներին, որոնք մեզանից առաջ էին փնտրում մեր արմեն ցեղի հնագույն գիտելիքի բանալին: Եվ Հավերժական Հայը, նրա հետ նաեւ ես բանաստեղծության այս գրքով այսօր էլ փնտրում ենք մեր հնագույն գիտելիքի կորած բանալին... Որը, սիրելի ընթերցող, երդվում եմ Արարատով, մի օր անպայման կվերագտնենք»»,-գրում է Մ. Տեր-Գուլանյանը: 

«Տերյանն ասում էր` Դու հպարտ չես, իմ հայրենիք, տրտում ես դու եւ իմաստուն, այրում է քեզ մի բորբ կնիք, մի անկատար ու հին խոստում....: Այդ ի՞նչ խոստում է, ո՞վ է մեզ այդ խոստումը տվել, որն անկատար է..., նույն բանը նաեւ Գյուրջիեւն է ասում, իսկ դա այդ նույն բանալու կորստի, հավերժական հայի մասին է: Իսկ երբ թոռնիկս 2 տարի առաջ գրեց «Հայերի անելիքները» ու բերեց ինձ՝ կարդաց, ապշեցի: Վերեւը` Աստված, ներքեւը` մենք, ոչ մի բառ չեմ փոխել, երբ կարդաց, թե հայերն ինչ պիտի անեն, շատ հուզվեցի, ասացի` տղաս, բայց մի բան մոռացել ես մեջը, ասաց` ի՞նչ, բաբո, ասացի` չեմ ասի, դու մտածի, գնաց-մտածեց, եկավ-ասաց` բաբո, Աստծո անունն եմ մոռացել, ու ավելացրեց: Ինձ համար հետաքրքիր էր, որ անգամ 7 տարեկան երեխան ենթագիտակցորեն, բնազդով հավերժական հային է փնտրում, այսինքն՝ խորհուրդը նույնն է, ու պատահական չէ, որ նման հանդգնություն արեցի ու մեր մեծերի կողքին թոռնիկիս ոտանավորը դրեցի, որովհետեւ այդ նույն ասելիքը, փնտրտուքը, կարոտը եկող սերնդի մեջ էլ կա»: 

Հայրենի եզերքի` Ջավախքի կարոտը կանչում է ու հանգիստ չի տալիս գրողին։ «Ես մի հրաշալի եզերքում եմ ծնվել` Ջավախք անունով, որտեղ նիհար մարդկանց չէին հավատում, իսկ ես նիհար էի, մինչեւ հիմա էլ այդպես է, որովհետեւ մտածում են՝ եթե գործերդ լավ են, ուրեմն ֆիզիկապես քաշդ էլ տեղը պիտի լինի, բայց եթե գործերդ լավ են, ու դու էլի նիհար ես, ուրեմն ինչ-որ կասկածելի բան կա...: Չէին հավատում նաեւ, եթե գիրքդ պինդ կազմ չուներ, մեզ մոտ ասում էին` դիմացկուն կազմ, ստիպված՝ գրքերս սկսեցի պինդ կազմով տպել, որ մեր երկրում ինձ հավատան»,- ծիծաղով պատմում է Մ. Տեր-Գուլանյանն ու հիշում պապից ստացած ամենաառաջին դասն ու «գրական» ապտակը: 

«Իմ առաջին ոտանավորը, որ տպագրվեց «Պիոներ կանչ»-ում, վազելով տարա՝ Արտաշես Սարյան պապիս ցույց տալու։ Այսօրվա պես հիշում եմ՝ մի ձեռքով էր բռնել թերթը, կարդաց, ավարտեց ու մի հատ սիլլեց ինձ..., բանաստեղծության վերնագիրն էր՝ «Առուն», որը ջրերից վարարում է, հետո, երբ անձրեւաջրերը կտրվում են, չորանում է..., ոնց էի հեկեկում, փախա մտա պապիս խաղողի այգիների մեջ, հետեւիցս եկավ, ասաց` էդ ի՞նչ ես գրել, որ մինչեւ Երեւան իմաց ես արել, էդպիսի բաներ էլ չգրես, լավ բաներ գրի, ու գրկեց ինձ: Պապիս դուր չէր եկել, որ հայրենի հողի վարար առվի հունը չորանում է վերջում, որովհետեւ ինքն ուրիշ բան էր փնտրում: Հեչ չեմ մոռանում այդ ապտակը, որը վարպետի ապտակ էր ու մինչ օրս ենթագիտակցորեն թիկունքից զգում եմ... ինչ ու ինչպես ես գրում, որ հանկարծ չարժանանաս էլի պապիդ, իսկ այս դեպքում՝ արդեն ազգիդ ապտակին»:

«Երդվում եմ Արարատով» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19.00-ին՝ «Էլիտ Պլազայում»: Մուտքն ազատ է: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image