Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ռուսական մի շարք լրատվամիջոցների: Հարցազրույցը տևել է մոտավորապես 1,5 ժամ։ Հարցազրույցից հետո միջազգային տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, թե պաշտոնական Կրեմլը, ավելի ստույգ՝ Ռոսկոմնադզորը, արգելել է ռուսական լրատվամիջոցներին հրապարակել այդ հարցազրույցը և լրագրողներին սպառնացել է «չեկերով»։ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ «հիմնարար իրավական գնահատական կտրվի հրապարակված հայտարարությունների բովանդակությանը և դրանց տեղադրման փաստին»։ Այս արգելանքի մասին հրապարակումներին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հայտարարել է, որ Կրեմլը չի վախենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հարցազրույցի հրապարակումից, մինչդեռ Ռոսկոմնադզորը (RKN) պետք է ստուգի նյութը՝ «մեր օրենսդրությանը համապատասխանելու համար»։
«Ռոսկոմնադզորը կգնահատի այս հարցազրույցի բովանդակությունը մեր օրենսդրությանը համապատասխանելու համար, ըստ էության, [կարգավորողի զգուշացումը հրապարակումից հրաժարվելու անհրաժեշտության մասին] ուղղակի կապված է, հավանաբար, այդ գնահատման անհրաժեշտության հետ», - ասել է Պեսկովը ( ՏԱՍՍ -ի մեջբերում ): Կրեմլի խոսնակի խոսքով, Ռուսաստանը «չի վախենում» Զելենսկու հայտարարություններից, սակայն «կան գործող օրենքներ, և շատ կարևոր է չհրապարակել որևէ տեղեկատվություն, որը կհամարվի այդ օրենքների խախտում»: Պեսկովը ասել է նաեւ, որ դեռ չի կարդացել հարցազրույցի բովանդակությունը։
Հ/Գ Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո Ռոսկոմնադզորը սկսեց արգելափակել մի քանի տասնյակի հասնող անկախ տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներ, ռադիոկայաններ, կայքեր, հեռուստաալիքներ։ Իր գործունեության դադարեցման մասին հայտարարություն է տարածել նաեւ «Նովայա Գազետան». «Ռոսկոմնադզորից» հերթական զգուշացումն ենք ստացել.
Դրանից հետո մենք դադարեցնում ենք թերթի հրապարակումը կայքում, ցանցերում և թղթի վրա՝ մինչև «Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության» ավարտը»։
Պարբերականն իր առաջին նախազգուշացումը ստացել էր մարտի 22-ին, նույն օրը, երբ գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը հայտարարել էր, որ աճուրդի է հանում իր Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ուկրաինացի փախստականների համար գումար հավաքելու համար:
«Նովայա գազետա»-ն երեկ մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցին, սակայն նյութը չի հրապարակել։ Իսկ Ռոսկոմնադզորի երկու զգուշացումները կարող են հանգեցնել նրան, որ լրատվամիջոցները կորցնեն իրենց արտոնագիրը Ռուսաստանում։