ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Անդրե Խաչատուրյանը Ռուսաստանում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ զենքի մաքսանենգության համար։ Այս որոշումը կայացրել է Մոսկվայի մարզի Խիմկիի դատարանը։
2021 թվականի դեկտեմբերի վերջին Խաչատուրյանը Լոս Անջելեսից Երևան է մեկնել Լոս Անջելես-Մոսկվա-Երևանի չվերթով, ինչից հետո նրան իրավապահները բերման են ենթարկել Շերեմետևո օդանավակայանում։
Ձերբակալության ժամանակ մաքսային աշխատակիցները նրանից առգրավել են Glock 17 մարտական ատրճանակ՝ պարկուճներով։
37-ամյա Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել զենքի ապօրինի շրջանառության (ՌԴ ՔՕ 222-րդ հոդվածի 1-ին մաս) և զենքի մաքսանենգության (ՌԴ ՔՕ 226.1 հոդվածի 1-ին մասի) համար։
Պաշտպանական կողմը խնդրել է ամբաստանյալին արդարացնել 222-րդ հոդվածով՝ հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ ավիաընկերությունը որպես բեռ ընդունել է ատրճանակով պայուսակը։
Ըստ փաստաբանների՝ Խաչատուրյանը համոզված է եղել, որ ինքը ոչ մի օրենք չի խախտում և հատուկ չի թաքցրել այն զենքերը, որոնք այլ իրերի հետ մեկտեղ հայտնաբերվել են իր ուղեբեռում։
Պաշտպանները դատավճիռը համարում են անհամաչափ և մտադիր են բողոքարկել այն։