Հարցազրույց

«Հրապարակ». Եկեղեցու հոգսը եկեղեցունն է, այլ ոչ թե պետությանը

«Հրապարակ». Եկեղեցու հոգսը եկեղեցունն է, այլ ոչ թե պետությանը

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով»: Այս միտքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածում: 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է հռչակագիրը, իսկ 1950 թվականին առաջարկել է դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականին` այդ ժամանակներից ՄԻՊ ինստիտուտը գործում է, սակայն Հայաստանում այժմ կա 40-ից ավելի քաղաքական բանտարկյալ, երկրում վաղուց համաներում չի իրականացվել, երկրի վարչապետն էլ անթաքույց հայտարարում է, որ ԱԱԾ-ի միջոցով եկեղեցականներին պարտադրում է պատարագի տեքստը ձեւափոխել եւ այլն։ Զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

- Հայաստանում, ըստ Ձեզ, այժմ մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են, եթե հաշվի առնենք, որ կան քաղաքական բանտարկյալներ, եւ մեր ժամանակների «ամենավտանգավոր հանցանքը» դարձել է խոսքը, ու մեծ թվով մարդիկ կալանավորվում են հենց խոսքի համար:

- Ցավոք, պատկերը տխուր է, որեւէ դրական բան ասել չեմ կարող այս տարի, ինչպես որ նախորդ տարիներին: Միշտ հույս ենք ունեցել, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու, սակայն այդ հույսերը չեն արդարացվել: Ունենք քաղաքական նկատառումներով հետապնդվող մարդիկ, ունենք ժողովրդավարության պակաս, ունենք ճչացող խոստումներ, որոնք այդպես էլ իրականություն չդարձան: Մեր իրականությունը սա է:

- Այնուամենայնիվ, դժվար է մտաբերել, որ առաջներում մարդկանց դեմ որպես կոմպրոմատ օգտագործեին տվյալ անձի սեռական կյանքը, գաղտնի տեսաձայնագրեին մարդկանց լոգարաններում, շանտաժի ենթարկեին: Իրավիճակն այն աստիճան սարսափելի է, որ մի ՔՊ-ական պատգամավոր նույնիսկ եթերում հայտարարում է՝ հոգեւորականներ, թողեք հեռացեք, թե չէ այդ կոմպրոմատները կհրապարակենք…

- Գնալով իշխանության որակն ավելի է ցածրանում` օր-օրի: Այսօր ունենք այս որակի իշխանություն, սակայն չեմ ուզում ասել, որ առաջվա հետապնդումներն ավելի լավն էին՝ ոչ: Ընդհանուր որակը վատ է եւ ավելի է վատանում: Հաշվի առնելով ներկա իրավիճակը, չեմ բացառում, որ հաջորդ տարի իրավիճակն ավելի վատանա: Տխուր վիճակ է Հայաստանում, որի մասին տարիներ առաջ անգամ չէինք կարող մտածել: Միշտ էլ մտածել ենք, որ եթե այժմ վատ է, ապա գոնե առաջիկայում լավ է լինելու, սակայն այսօր վստահ չեմ, թե «վաղը» երբ է գալու: Գուցե այն գա հարյուր տարի հետո, սակայն հույսը չպետք է կորցնենք, հակառակ դեպքում ապրելը կդառնա անիմաստ:

- Այս բացահայտ ապօրինություններն ինչո՞ւ միջազգային, արեւմտյան կառույցները չեն տեսնում: Ինչպե՞ս հրավիրել նրանց ուշադրությունը դրանց վրա: Այն, ինչ կատարվում է այժմ, կարծես, չափազանց է:

- Կարծում եմ՝ մեր խնդիրը չպետք է լինի միջազգային կառույցների հրավիրումը, մեր խնդիրը պետք է լինի մեր ակտիվությունը, պատրաստակամությունը, նախաձեռնողականությունը: Միջազգային հանրությունը մի դեպքում կարող է ակտիվ լինել, մի դեպքում` պասիվ, բայց միշտ էլ նրանք կոմպրոմիսների են գնում, միշտ էլ ամենավճռական պահին լռում են ու չեն աջակցում: Մեր հույսը պետք է լինեն մեր գիտակից քաղաքացիները: Քաղաքացիները պետք է իրենց ձայնը բարձրացնեն, պետք է լինեն փողոցում, ընտրատեղամասերում եւ, վերջապես՝ լինեն պատասխանատու իրենց քայլերի եւ ընտրության համար:

- Մի ժամանակ շատ ակտուալ էր կանանց, սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին խոսելը: Չե՞ն փոխվել առաջնահերթությունները: Այս առումով, այժմ կարծես ավելի շատ խոցելի են դարձել արցախցիները:

- Հստակ չեմ կարող տարանջատումներ անել, սակայն կարծում եմ, որ այսօր ՀՀ քաղաքացին խոցելի է բոլոր ասպեկտներում: Իսկ թե որ տեսակն է իրեն ավելի խոցված զգում, դա ինձ համար այնքան էլ էական չէ, էականն այն է, որ քաղաքացին իր երկրի տերը չէ:

- Իշխանություններն ասում են, որ եկեղեցականը չունի իրավունքներ: Անգամ մի ռեժիսոր մեզ հետ զրույցում պնդում էր, որ եկեղեցականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է լքի եկեղեցին, հեռանա հոգեւորականի ծառայությունից:

- Եկեղեցականը, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, ունի հստակ իրավունքներ, բայց Եկեղեցին անջատ է պետությունից: Պետության ցանկացած միջամտություն Եկեղեցու կյանքին՝ օրենքի, Սահմանադրության խախտում է: Ինչ վերաբերում է եկեղեցականներին, նրանք՝ որպես քաղաքացի, եկեղեցուց դուրս ունեն իրավունք՝ կարծիք արտահայտելու, սակայն Եկեղեցու հոգսը Եկեղեցունն է, այլ ոչ թե պետությանը: Ես իշխանական գործիչներին, եթե դրանք գործիչ են, չեմ ցանկանում մեկնաբանել, սակայն նորից եմ ասում` եկեղեցու սպասավորը, եթե ՀՀ քաղաքացի է, ապա Հայաստանի կյանքին վերաբերող ցանկացած հարցում կարող է միջամտել` եկեղեցուց դուրս:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image