Այլ

Արցախի կորստից մինչեւ Գազայի արյունահեղություն

Արցախի կորստից մինչեւ Գազայի արյունահեղություն

2023 թվականը մոտենում է ավարտին, բայց արդեն ակնհայտ է, որ ռազմական հակամարտությունների պատճառով դարձել է ամենատագնապալի տարին ամբողջ աշխարհի համար, գոնե` վերջին 50 տարվա կտրվածքով։ Այն կհիշվի պատերազմներով, դաժանության աննախադեպ մակարդակով։ Մեզ՝ հայերիս համար առանձնակի ցավոտ ու կորստաբեր էր անցնող տարին՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի, անմեղ մարդկանց զոհվելու, ԼՂ ղեկավարներին ու պետական գործիչներին առեւանգելու, Արցախի հայաթափման պատճառով:

Արցախի կորուստ եւ հայաթափում

Համաշխարհային հանրության համար անսպասելի իրադարձություն էր Արցախի տարածքում Ադրբեջանի հերթական ռազմական գործողությունը՝ «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ անվան տակ։ Այն իրականացվեց առանձնակի դաժանությամբ եւ տեւեց սեպտեմբերի 19-20-ը։ Երկուստեք հարյուրավոր զոհեր եղան, ԼՂ-ում սպանվեցին հայ անմեղ, խաղաղ բնակիչներ։ Արեւմտյան որոշ երկրներ խստորեն դատապարտեցին Բաքվին եւ պահանջեցին դադարեցնել արցախյան բնակավայրերի հրետակոծությունները։ Սակայն՝ անարդյունք: ԼՂ իշխանությունները ստիպված էին համաձայնել` վայր դնել զենքերն ու զինաթափվել, որ խաղաղ բնակչությանը թույլ տան անվնաս հեռանալ իր հողից եւ ապաստան գտնել Հայաստանում։ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հայտնի չարաբաստիկ փաստաթուղթը, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից։ Դրանից հետո Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար մարդ ապաստանեց Հայաստանում։ Թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում մեր հանրապետությունում, ակներեւ է․ Արցախի հարցից ձեռքերը լվացած ՀՀ ներկա իշխանությունները սիմվոլիկ ու ժամանակավոր գումարային փոքր աջակցություն են տրամադրում մեր տարագիր ու տառապած հայրենակիցներին, որոնք կորցրել են գրեթե ամեն ինչ եւ ունեն տարրական կեցության խնդիր։

ՌԴ հատուկ գործողությունն Ուկրաինայում

Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, որը մեկնարկել էր 2022 թ. փետրվարի 24-ին, բայց իրական պատերազմ է` մեծաթիվ զոհերով, տարածքային կորուստներով եւ երկու եղբայրական ժողովուրդների ողբերգական թշնամությամբ: Թեեւ կողմերից ոչ մեկը դեռեւս չի կարող պնդել, որ հաղթել է, սակայն վերջին ամիսների իրադարձությունները խոսում են Ռուսաստանի առավելությունների մասին, իսկ աշխարհն ավելի ու ավելի է նվազեցնում օգնությունն Ուկրաինային։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը մեծ թափ է հավաքում, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ աննախադեպ ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային, բայց հավասարակշռությունն ակնհայտորեն սկսում է թեքվել դեպի ռուսական կողմը, որը, իհարկե, ահռելի կորուստներ է ունեցել, սակայն իր քանակի, մեծության եւ երկարատեւ պայքարի ունակության շնորհիվ սկսում է գերազանցել հակառակորդին։ Փորձագետների կարծիքով, հակամարտությունը կարող է ձգվել մինչեւ 2025-ը՝ հաշվի առնելով Կիեւի դժկամությունը խաղաղ բանակցությունների գնալու հարցում: Բայց 2024-ն արդեն խոստանում է բանակցությունների եւ պատերազմի ավարտը մոտեցնող տարի լինել:

Իսրայելապաղեստինյան նոր էսկալացիա

Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի գրոհայինների անսպասելի հարձակումն Իսրայելի վրա դաժան եւ ապշեցուցիչ էր բոլորի համար։ Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան մոտ 5 հազար չկառավարվող հրթիռներ տեղացին Իսրայելի վրա, եւ հազարավոր զինված պաղեստինցիներ ցամաքային հարձակում սկսեցին: Առաջին ժամերին հարյուրավոր իսրայելցի զինվորներ սպանվեցին, զրահատեխնիկայով ռազմաբազան գրավվեց, 24 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը վերահսկողության տակ առավ մոտ 7 բնակավայր։ Իսրայելի պաշտպանական ուժերը եւս 3 օր չկարողացան ետ մղել պաղեստինյան գրոհը եւ միայն դրանից հետո անցան հակահարձակման։ Իսրայելում անմիջապես պատերազմական դրություն հայտարարվեց, Գազայի հատվածում սկսվեց ՑԱԽԱԼ-ի «Երկաթե դաշույն» գործողությունը: Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսեցին բառացիորեն ջնջել հակառակորդի քաղաքները երկրի երեսից՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական թաղամասերին եւ ռազմական թիրախներին: Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, մի քանի տասնյակ հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ եւ գերիներ կան, թեեւ կողմերը ժամանակավոր դադար տվեցին՝ պատանդներին փոխանակելու պայմանով։ Մերձավոր Արեւելքում այս նոր էսկալացիայի վտանգն այն է, որ հարեւան երկրներն էլ են ներքաշվում ռազմական գործողությունների մեջ։ Լիբանանյան «Հեզբոլլահն» աջակցեց ՀԱՄԱՍ-ի գործողություններին եւ սկսեց հրթիռակոծել Իսրայելը` Լիբանանի եւ Սիրիայի տարածքներից։ Եգիպտոսը մոբիլիզացրեց իր ուժերը եւ ուղարկեց Իսրայելի սահման։ Հորդանանի բնակիչները բողոքի ակցիաներ արեցին` գրոհելով Իսրայելի հետ սահմանային կետերը։ Թուրքիան, իր հերթին, աջակցեց պաղեստինցիներին, իսկ Էրդողանը Նեթանյահուին մեղադրեց ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ ԱՄՆ-ն իր ավիակիր հարվածային խումբն ուղարկեց Միջերկրական ծով՝ Իսրայելին օգնելու համար, իսկ Իրանը սուր քննադատության ենթարկեց եւ խոստացավ պատասխանել, եթե ԱՄՆ-ն սկսի ռազմական գործողություններ: Մեծ հաշվով, Մերձավոր Արեւելքում իրավիճակը պայթյունավտանգ է, բոլոր երկրները, ըստ էության, պատերազմի մեջ են ներքաշվել։ Թե ինչ սպասել գալիք՝ Վիշապի տարում, անհայտ է, բայց այն, որ պետք է վճռական լինել եւ պատերազմի վիշապի գլուխը գլխատել, կասկածից վեր է։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image