Իտալական «Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինով։ Դա պայմանավորված է հատկապես Մայք Մենյանի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն։ Համաձայն հրապարակման, ֆրանսիացի մարզիկի ու «Միլանի» միջեւ գործող պայմանագիրը ավարտվում է 2026 թվականին եւ Մենյանը դեռեւս որեւէ կերպ չի հասկացրել, որ ցանկություն ունի այն երկարաձգելու։ Դրա փոխարեն նա հետաքրքրված է «Բավարիայով» ու «Յուվենստուսով»։
Իր հերթին՝ «Ռեալի» ու Լունինի պայմանագիրը ավարտվում է 2030 թվականին։ Հայտնի է նաեւ, որ ուկրաինացի մարզիկը հիանալի հարաբերություններ ունի Լուկա Մոդրիչի հետ, որոնք պահպանվել են այս ամառ՝ խորվաթ մարզիկի՝ «Ռեալից» «Միլան» տեղափոխվելուց հետո։ Դա եւս, ըստ մասնագետների, կարող է դերակատարություն ունենալ Լունինի՝ իտալական ակումբ հնարավոր տեղափոխության հարցում։