Ութ տարվա մեջ չի արձանագրվել դեպք, որ մեկնումեկը, ում թիրախավորել է Փաշինյանը, չհայտնվի մրի մեջ ու այն էլ ՝ ի՜նչ մրի մեջ։ Փաշինյանը միջոցների մեջ խտրություն չի դնում՝ հանրության կողմից հարգանք վայելող և իր աթոռի համար վտանգ ներկայացնող մարդուն անցկացնել մրի խողովակով։ Երբ ասում էի, որ Բագրատ Սրբազանին Փաշինյանը շատ շուտով կանցկացնի մրի խողովակով, շատ լուրջ մարդիկ տարակուսում էին՝ չի կարող։ Բագրատ Սրբազանի նման մաքուր մարդուն ի՞նչ պիտի անի։ Հիմա արդեն բոլորս տեսնում ենք, որ նրա համար կարևոր չի, թե ով ինչպիսինն է, կարևորը ,, մրի խողովակով,, անցկացնելն է։ Հերթը հասել է Սամվել Կարապետյանին։ Իրավական դաշտում պարտություն կրելով, արդեն մամուլում շրջանառվում է, որ կառավարությունում մշակվում է մանրամասն պլան՝ Սամվել Կարապետյանին ներկայացնելու որպես ՀԷՑ-ի երկարամյա «թալանչի»։
Երբ օրենքն արգելում, խոչընդոտում է նրան, անցնում է փրկության «Պլան Բ»-ին՝ հասարակաական կարծիք ստեղծելով թուլացնել, ոչնչացնել հանրության համար բարձրագույն արժեք ներկայացնող մարդուն։ Այսինքն գործի է դրվում «մրի խողովակը»։ Դրան չպիտի մատների արանքով նայել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ութ տարի է իր այլախոհներին ոչնչացնում է իր իսկ կողմից մշակված ու հաջողության արժանացած պլանով։ Անգամ Սամվել Կարապետյանին, ով հայ ազգի համար միայն բարի գործեր է կատարել, հավատացեք, կարող է անցկացնել մրի խողովակով։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ասում է․ «Բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է, Սամվել Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, վնասը կկուտակվի կա՛մ այս, կա՛մ հաջորդ կառավարության վրա։ Իրավական տեսանկյունից կասկած չկա, որ այստեղ տեղի է ունենում այլասերում»։ Այո, հավատացած ենք, որ իրավական տեսանկյունից պարտվել ու պարտվելու է, Փաշինյանն էլ գիտի, որ պարտվել է, բայց ինքը աշխատելու է այլ գործիքով։ Ինքը փորձելու է բազմաթիվ անգամ գործադրած ու հաջողության հասած իր պլանը գործի դնել ու այդ ուղղությամբ արդեն ինչ որ բաներ են նշմարվում։ Ասեմ, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանի «մրի խողովակը» չի աշխատելու։ Փակվել է այդ ճանապարհը։ Փաշինյանի «Պլան Ա»-ն ձախողվել է, կձախողվի նաև «Պլան Բ»-ն։
Ամստերդամը Կարապետյանի ձերբակալությունը դիտարկում է որպես իշխանության ճգնաժամ, իշխանության ռեսուրսի ողջ գործադրում։ Գլխավոր դատախազի անձնական ներգրավվածությունը և Կարապետյանի ձերբակալման հրապարակային բնույթը որակելով որպես անթույլատրելի, աղաղակող և ոչ բարոյական։ Փաշինյանն իր վառարանով ու մրոտ խողովակներով հանդերձ հայտնվել հանրության աչքի առաջ, և մարդիկ տեսնում են, թե մուրը որտեղից է ելնում ու տարածվում: Ամստերդամն ասում է․ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ամբողջովին արգելված է. սա սեւ ու սպիտակ իրավիճակ է։ Ավելացնենք, որ սև ու սպիտակի իրավիճակ է արդեն ութ տարի։