Վերջին օրերին ամենաակտուալ դիսկուրսը մանդատների թեման է` վերցնել, թե չվերցնել: Արմատական տրամադրված զանգվածը դեմ է ընդդիմության կողմից մանդատները վերցնելուն` պահանջում են չվերցնել, պայքարել, փողոցն ակտիվացնել եւ հասնել իշխանափոխության: Ավելի խոհեմ եւ հեռուն նայող զանգվածը հասկանում է, որ առանց մանդատները վերցնելու հնարավոր չի լինի պայքարել` գոնե վճռական պահին, երբ գա քվեարկության պահը, խորհրդարանում կոճակ սեղմողներ են հարկավոր, ուստի չվերցնելը սխալ է: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
- Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու ուժերը` «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները հայտարարեցին, որ վերցնում են մանդատները եւ գնում են խորհրդարան, սակայն շեշտում են, որ դա չի նշանակում, թե պայքարն ավարտված է, եւ այլեւս չունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ: Այն ուժերը, որոնք իշխանությունը «սկուտեղի» վրա հանձնել են Փաշինյանին եւ ընտրություններին չեն մասնակցել, եւ այն ուժերը, որոնք մասնակցել են, սակայն անգամ մեկ տոկոս ձայն չեն ստացել, պնդում են, որ պառլամենտ անցած ուժերը չպետք է վերցնեն մանդատները: Ոմանք նույնիսկ ոչ թե կարծիք են հայտնում, հորդորում, այլ ուղղակի հրամայում են, մեղադրում են, պահանջում: Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին:
- Հրամայելու իրավունք նրանք չունեն, այո, կարծիք հայտնելու իրավունք ունեն, միանշանակ, բայց, մեծ հաշվով, որոշում կայացնողները հենց խորհրդարան անցած ուժերն են: Նրանք գիտակցում են, որ մարդիկ իրենց քվե են տվել, որպեսզի իշխանափոխութուն իրականացնեն, եւ հիմա այդ ուժերը եթե գտնում են, որ վերցնելով մանդատները իշխանափոխությանը կնպաստեն, եթե կարծում են, որ դա եւս մեկ հնարավորություն է՝ հաջողության հասնելու, ապա պետք է վերցնեն մանդատները: Անձամբ ես կարծում եմ, որ մանդատները վերցնելը ճիշտ որոշում է: Չեմ կարծում, թե մանդատ չվերցնելով ընդդիմությունը ծանր հարված է հասցնելու իշխանությանը, մասնավորապես` Փաշինյանին:
- Քաղաքական որոշ գործիչներ պնդում են, որ եթե անգամ մանդատները վերցնում են, ապա դա պետք է փողոցային պայքարի հետ զուգորդվի, բայց քաղաքագիտության դասագրքերում ասվում է, նաեւ փորձն է ցույց տալիս, որ փողոցային պայքարը հենց այնպես, ինքնանպատակ չէ, այն քաղաքական որոշ պրոցեսների կուլմինացիոն փուլի համար է նախատեսված: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն էլ միանգամից չհասավ հաջողության: 2003 թվականից նախկին իշխանությունների դեմ պայքար էր մղում: Հետո տեղի ունեցավ 2008-ի մարտի 1-ը, դրանից հետո բազմաթիվ շարժումներ եղան` «Էլեկտրիկ Երեւան» եւ այլն, եւ հենց այս ամենի արդյունքում 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն: Չե՞ք կարծում, որ անիմաստ է հենց այնպես փողոց դուրս գալը, եթե նախապես պրոցեսներ չեն եղել: Թե՞ ուղղակի փողոց դուրս գալով հնարավոր է, որ իշխանափոխություն լինի:
- Այո, բնականաբար, փողոցային պայքարը հաջողում է որոշակի արդյունավետ աշխատանքի արդյունքում: Այժմ շատ են հնչում կարծիքներ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված պետք է փողոցը գեներացնեն, բայց ընտրություններից մեկ ամիս է անցել: Ընդդիմությունն ուշացել է այս իմաստով: Ընտրությունների հենց հաջորդ օրը պետք է ընտրությունների արդյունքների համար փողոց դուրս գային: Այլ հարց է, որ իշխանությունները առաջիկայում որոշակի քայլեր են կատարելու, նրանք արտաքին ուժերին խոստումներ ունեն տված, օրինակ` սահմանադրության փոփոխություն, տարածքներ հանձնել եւ այլն: Այս ամենը կարող է փողոցային պայքար գեներացնելու հարմար առիթ դառնալ: Ընտրությունների թեմայով պայքար գեներացնելու հարցը պետք է մոռանալ: Այդ թեման էլ քննարկման ենթակա չէ, գնացքը գնացել է, սակայն առաջիկայում պայքարի շատ ավելի լուրջ առիթներ են լինելու, դրանք այնպիսի առիթներ են, որոնք բոլորիս են վերաբերում, բայց ընդդիմությունը պետք է կարողանա հասարակությանը բացատրել, որ այդ հարցերը ոչ թե քաղաքական նպատակներով են դարձել պայքարի առիթ, այլ այն պատճառով, որ դրանք Հայաստանը վտանգի են ենթարկում: Հասարակությունը եթե ցանկանա կանխել այդ պրոցեսները, դուրս կգա փողոց, անկախ քաղաքական ճաշակից: Հենց այնպես չէ, որ Արեւմուտքն աչք է փակում իշխանության հակասահմանադրական գործողությունների վրա, ոչ: Փաշինյանի իշխանությունն Արեւմուտքին հավատացրել է, որ այս ամենն արվում է հանուն իրենց համատեղ շահերի, եւ հենց այդ պատճառով էլ նրանք աչք են փակում այս բոլոր ապօրինությունների վրա: Իրավիճակը սա է:
- Մանդատները չվերցնելու կոչեր անողների առաջարկը, ըստ Ձեզ, ո՞րն է: Եթե չվերցնել մանդատները, ապա ի՞նչ անել:
- Հավանաբար կարծում են, որ մանդատները չվերցնելով իշխանության վարկանիշի վրա կազդեն, գուցե կա նաեւ նախանձի եւ խանդի առիթ, որ եթե իրենք չունեն մանդատ, ապա որեւէ այլ ընդդիմադիր ուժ չպետք է ունենա: Ասում են` փողոցային պայքար են ուզում, բայց ինչո՞վ են մանդատները խանգարում փողոցային պայքարին: