Երբեւէ կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկում երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող որեւէ հարց: Օրինակ, հավաքում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին եւ ուզում է նրանց կարծիքն իմանալ շրջանառության կամ գույքահարկի բարձրացման հետ կապված կամ փորձում է նրանց հետ քննարկել այն հարցը, թե ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ին անդամակցելու որոշումը: Կամ՝ որեւէ հայ գործարար ինքն է իր նախաձեռնությամբ գնում Փաշինյանի մոտ եւ նրան հայտնում իր տեսակետը, օրինակ, ասում է, որ ինքը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, քանի որ դրա տնտեսական հետեւանքները կարող են վատ անդրադառնալ երկրի տնտեսական իրավիճակի վրա: Ոչ թե սեփական բիզնեսի մասին է խոսում, իր բիզնեսին սպառնացող վտանգների մասին, այլ խոսում է երկրի մասին: Նոր Հայաստանում նման բան տեղի չի ունենա, եւ դրա պատճառն այն է, որ Հայաստանը գաղութային երկիր է, երկրի ղեկավարն էլ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի եւ նրա տնտեսական շահերով, այլ մետրոպոլիայից իջեցված հրահանգներով. ինքը մեզ համար է ղեկավար, իսկ իր վերադասի համար ընդամենը նշանակված չինովնիկ է, վերադասն ինչ հանձնարարում է, հնազանդ կատարում է:
ԱՄՆ-ն ոչ միայն գաղութային երկիր չէ, այլ ինքն է գաղութարար: Դրա համար, օրինակ, ԱՄՆ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն իրեն կարող է թույլ տալ Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ նրա հետ խոսել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն ուղղված ֆինանսավորումը կտրելու որոշման սխալ լինելու մասին, իսկ հանդիպումից հետո հրապարակայնացնել իր տեսակետը: Դոնալդ Թրամփը համարում է, որ այդ կառույցն արդյունավետ չի գործում, եւ որոշել է այն միացնել Պետդեպարտամենտին, կրճատել աշխատակազմի 97 տոկոսը եւ նույն չափով կրճատել ֆինանսավորումը, որը կատարվում էր բյուջեի միջոցների հաշվին: Այս հարցում Թրամփն առաջնորդվում է ԱՄՆ խոշոր բիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ Իլոն Մասկի խորհրդով, որին ինքը նշանակել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի ղեկավար: Մասկը համարում է, որ ՄԶԳ-ն լուծարելը բարձրացնում է երկրի կառավարման արդյունավետությունը, իսկ Բիլ Գեյթսը համաձայն չէ այդ որոշման հետ եւ չի կարծում, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակումը կամ գործունեության սահմանափակումը բխում է ամերիկյան պետության շահերից: Մասկն ունի իր պատկերացումները, Գեյթսը` իր, դրանք իրար հակադիր են, բայց երբ նրանք հնարավորություն ունեն դրանք հրապարակային ներկայացնել եւ քննարկել վերջնական որոշում կայացնելու իրավունք ունեցող անձի` նախագահի հետ, ապա հավանականությունը մեծ է, որ, ի վերջո, կընդունվի այնպիսի որոշում, որը կբավարարի երկու կողմերին էլ, կգտնվի փոխզիջումային տարբերակ:
Հիմա վերադառնանք Հայաստան: Հայաստանի խոշոր գործարարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, հրապարակային իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ ասելով, որ դա կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, որն էական վնասներ կհասցնի Հայաստանի տնտեսությանը։ Ծառուկյանը կոչ էր անում՝ չքանդել այն տնտեսական կապերը, որոնք բիզնեսը կառուցել է տասնամյակներ շարունակ, որի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, որ դրանց քանդման արդյունքում մարդկանց սոցիալական վիճակը կվատանա, իսկ երկիրը կզրկվի եկամտի էական աղբյուրից: Ինչ-որ մեկն արձագանքե՞լ է Ծառուկյանի այս հայտարարությանը, կամ՝ որեւէ մեկը հանդիպե՞լ է նրա հետ՝ քննարկելու նրա բարձրացրած հարցերը: Իհարկե՝ ոչ:
Հայաստանում բիզնեսի ներկայացուցիչները ձայնազուրկ են, այն իմաստով, որ նրանց կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ: Նրանցից ոմանք՝ ամենահամարձակները, կարողանում են իրենց հրապարակային անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականության նկատմամբ, բայց խոսքը միայն մի քանի անհատների մասին է: Հազարավորները, տասնյակ հազարավորները գերադասում են լռել, մի մասը՝ վախենալով, որ դա կարող է փչացնել իրենց հարաբերություններն իշխանության հետ, իշխանությունը կսկսի հարկային, մաքսային, ոստիկանական տեռոր իրականացնել իր բիզնեսի եւ անձի նկատմամբ, իսկ մեծ մասը լռում է, որովհետեւ հասկանում է, որ դրանից, միեւնույն է` որեւէ օգուտ չկա. «ինչի, որ մյուսները խոսում են, դրանից բա՞ն է փոխվում» տրամաբանությամբ:
Քանի որ իշխանությունը Հայաստանում նշանակովի է եւ չի պատկանում հայ հասարակությանը, հետեւաբար, չի էլ ծառայում հայ հասարակությանը, այն իր կամակատարների միջոցով դեմոնիզացնում է գործարարներին՝ նրանց ներկայացնելով որպես անգրագետների եւ հանցագործների մի հավաքածու, որոնց պետք է հնարավորինս հեռու պահել երկրի կառավարումից, եւ, ընդհանրապես՝ նրանք պետք է լինեն միայն հարկ վճարող` կթու կով, որ իրենց հարկ վճարեն եւ ուրիշ որեւէ բանի չխառնվեն: Իսկ իրենք, լինելով մաքրամաքուր, բարձր ինտելեկտուալներ, կվճռեն նրանց եւ երկրի ճակատագիրը:
Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը դեմ է Միացյալ Նահանգների ՄԶԳ փակմանը, քանի որ այդ գործակալության միջոցով իրենք հնարավորություն ունեն տիրել աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին: Նա պայքարում է իր եւ իր նմանների տիրապետությունն աշխարհի վրա պահպանելու համար: Հայաստանի գործարարներն էլ պետք է հասկանան, որ քանի դեռ երկիրը գտնվում է արտաքին կառավարման տակ, ոչ թե իրենք են որոշելու երկրի եւ, հետեւաբար, իրենց բիզնեսի հետ կապված կարեւորագույն հարցերը, այլ նրանք, ովքեր այստեղ վարչապետ կամ նախարար են նշանակում: Իհարկե, քաշային կարգերը տարբեր են, բայց աշխարհի փորձը ցույց է տվել, որ հակագաղութային պայքարը տեղ-տեղ նաեւ հաջողություններ է գրանցում: