Մշակույթ

Լեւ Ատամանով. «Ալվան ծաղիկից» մինչեւ «Շունն ու կատուն»

Լեւ Ատամանով. «Ալվան ծաղիկից» մինչեւ «Շունն ու կատուն»

Ծանոթանանք․ Լեւ Ատամանովն է՝ մեր հայրենակիցը, որը նաեւ խորհրդային անիմացիայի հիմնադիրներից է։ Նրան համարել են աշխարհի ամենաբազմադեմ ռեժիսորը։ Նրա՝ մոտ կեսդարյա մուլտիպլիկացիոն կարիերան ընդգրկում է խորհրդային անիմացիայի պատմության հիմնական շրջանները՝ պատերազմականը, հետպատերազմականը եւ ծաղկման ու հեղինակային գործերի զարգացման շրջանը՝ 30-70-ական թվականներ։

Պատմական այդ շրջափուլերից յուրաքանչյուրում նա աչքի է ընկել յուրօրինակ գործերով, որոնք իրապես համարվում են գլուխգործոցներ եւ մաս են կազմում խորհրդային անիմացիոն ֆիլմերի «Ոսկե ֆոնդին»։ Հետաքրքրական է այն, թե ինչու են նրան համարել «բազմադեմ»։ Բացատրությունը շատ պարզ է։ Յուրաքանչյուր նոր անիմացիոն ֆիլմում նրա ոճը փոփոխվում է ըստ ժամանակի ու պահանջների։ Ատամանովի մոտ կարելի է գտնել դիսնեյյան ոճին մոտ ոճից մինչեւ հեղինակային փորձարարական գործեր, որոնք նման են զագրեբյան անիմացիոն դպրոցի ոճին։ Հատկապես ոճային բազմազանությունը նկատվում է 60-70-ականների գործերում։ Թեեւ ամենից հայտնի նրա գործերը 50-ականների դասական մուլտֆիլմերն են՝ «Ալվան ծաղիկը», «Ոսկյա քարայծը», «Ձյունե թագուհին», որոնք տեւում են կես ժամից մինչեւ մեկ ժամ։ Դրանք մաս են կազմում խորհրդային անիմացիոն ֆիլմարվեստի «Ոսկե ֆոնդի», թեեւ պակաս հետաքրքիր չեն նաեւ 10-20 րոպեանոց կարճամետրաժ գործերը։ Ծնվել է Մոսկվայում հաստատված հայ մտավորականների ընտանիքում։

21 տարեկանում ավարտել է Առաջին պետական կինոդպրոցը՝ Լ․ Կուլեշովի արհեստանոցը։ Ռոզա Զելման նրա մասին այսպես է գրել․ «Նա հիանալի կազմակերպիչ էր, որ կարողանում էր իր ձեռքում պահել ամեն բան։ Տեսնում էր ֆիլմն ամբողջությամբ, ամեն ինչ հաշվարկում էր՝ դեռ գործը չսկսած։ Կարծում եմ, որ ամենամեծ խնդիրները լուծում էր, երբ մենակ էր, ստուդիայից դուրս»։ Լինելով Լեւ Կուլեշովի աշակերտը՝ նա 20-ական թվականներին աշխատել է «Межрабпомфильм»-ում, 30-ականներից սկսել է ինքնուրույն աշխատել մուլտֆիլմերի վրա։ Այն ժամանակներում շատ բան պետք էր պարզապես զրոյից ստեղծել, նայելով ամերիկյան անիմացիոն արվեստի հաջողված փորձին։ Ու խորհրդային անիմատորների մոտ դա բավական լավ էր ստացվում։ 30-ականներին լայն ճանաչում ունեին քարոզչական սեւ ու սպիտակ մուլտիպլիկացիոն հոլովակները, որոնք արծարծում էին այս կամ այն արդիական թեման։ Նա եւս 31 թվականին նման մի մուլտ է ստեղծել` Վլադիմիր Սուտեեւի հետ, փողոցային անվտանգ երթեւեկության մասին։ Եվ այն հիանալի է ստացվել։ Ե՛վ քարոզչական մասն է լավ արտահայտված, ե՛ւ ժամանցային հնարքներն են առկա։

Այդ շրջանից շատ մուլտֆիլմեր պարզապես չեն պահպանվել մինչեւ մեր օրերը։ Թեեւ խորհրդային անիմացիոն ֆիլմերի պատմության ուսումնասիրության համար այն կարեւոր շերտերից է համարվում։ 1936 թվականին ստեղծվում է «Союзмультфильм»-ը, եւ բնական է, որ այնտեղ նաեւ պետք է լիներ Լեւ Ատամանովը։ Սակայն ռոստովյան հայերից սերող Ատամանովը չի կարողանում մասնակցել նորաստեղծ կառույցի աշխատանքներին եւ ընտանեկան հարցերով պայմանավորված՝ տեղափոխվում է Հայաստան, որտեղ էլ փորձում է ստեղծել խորհրդահայ մուլտարվեստ։ 1938 թվականին նա ստեղծում է առաջին հայկական մուլտֆիլմը՝ «Շունն ու կատուն»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image