Քաղաքականություն

ԱՄՆ-ն` Սյունիքի միջանցքի հիմնական հակառակորդ

ԱՄՆ-ն` Սյունիքի միջանցքի հիմնական հակառակորդ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը զգուշացրել է եվրոպական երկրների կառավարություններին, որ հանկարծ մտքով չանցկացնեն միավորվել Չինաստանի հետ` ընդդեմ Միացյալ Նահանգների: «Դա համարժեք կլինի սեփական կոկորդը կտրելուն»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան` անդրադառնալով ԱՄՆ նախագահի մտցրած մաքսատուրքերին հակադարձելու ԵՄ տարբեր երկրների կառավարությունների նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները 2 օրում 3 անգամ որոշեց բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների վրա սահմանվող տուրքերի դրույքաչափերը, սկզբում` 35, հետո` 104, իսկ հիմա արդեն` 125 տոկոս: Սա նշանակում է, որ Չինաստանից ԱՄՆ ապրանք ներմուծելիս 100 դոլար արժեցող ապրանքի համար պետք է հավելյալ վճարել 125 դոլար տուրք, չհաշված այն մաքսատուրքերը, որոնք վճարվում էին մինչեւ դրանց սահմանումը: Չինաստանը պատասխանեց` համարժեք տուրքեր սահմանելով ԱՄՆ-ից Չինաստան արտահանվող ապրանքների վրա: Արդյունքում Չինաստան-ԱՄՆ առեւտրային հարաբերությունները կարող են դադարել, արդեն հայտնի է, որ չինական որոշ ընկերություններ մտքափոխվել են եւ, օրինակ, հեղուկ գազը որոշել են գնել ոչ թե ԱՄՆ-ից, այլ՝ Ավստրալիայից: Իսկ ԱՄՆ-Չինաստան ապրանքաշրջանառությունը հսկայական է. 700 միլիարդ դոլար, որից 500-ը Չինաստանն արտահանում է ԱՄՆ, իսկ 200 միլիարդը ներմուծում է ԱՄՆ-ից:

Ի՞նչ պետք է անի Չինաստանն այն 500 միլիարդ դոլարի ապրանքները, որոնք մինչեւ երեկ արտահանում էր ԱՄՆ, իսկ արդեն այսօր չի կարող, քանի որ դրանց վրա սահմանված տուրքերի պատճառով դրանք ամերիկյան շուկայում չափազանց թանկ են եւ ոչ մրցունակ: Բնական է, որ պետք է փնտրի նոր շուկաներ, իսկ ամենամեծ շուկան եվրոպականն է: Եվրոպական ապրանքների վրա եւս Միացյալ Նահանգները սահմանել է տուրքեր, բայց ոչ թե 125, այլ՝ ընդամենը 20 տոկոս, բայց, միեւնույն է` եվրոպական ապրանքներն առանց այդ էլ թանկ էին, եւ այդ տուրքերի պատճառով դրանց գինն ամերիկյան շուկայում ավելի է թանկանալու: Չինաստանը եւ ԵՄ երկրները կարող էին պայմանավորվել, որ այն, ինչ Չինաստանը չի կարողանալու արտահանել ԱՄՆ, արտահանի Եվրոպա, իսկ այն, ինչ Եվրոպան չի կարողանալու արտահանել ԱՄՆ, վաճառի Չինաստանին: Իհարկե, այս սխեման մի քիչ պարզունակ է, բայց այն արտահայտում է Չինաստան-ԵՄ առեւտրային հնարավոր դաշինքի տրամաբանությունը, ինչի մասին զգուշացնում է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

ԱՄՆ-Չինաստան հակամարտության բուն պատճառը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացն է, որը Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել: Երբ նախորդ դարի 70- ականներին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն այցելեց Չինաստան եւ Չինաստանի կոմունիստ առաջնորդ Դեն Սյաո Պինի հետ պայմանավորվեց գլոբալ համագործակցության մասին, դրա հիմքն այն էր, որ Չինաստանը վերածվում էր ամերիկյան ընկերությունների համար ապրանքների արտադրության արհեստանոցի` ամերիկացիները տալիս էին տեխնոլոգիա, իսկ չինացիներն արտադրում էին ապրանքներ, ԱՄՆ-ն գլուխն էր, Չինաստանը՝ ձեռքերը: Այս մեխանիզմը շատ լավ աշխատում էր այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանը կատարում էր միայն ձեռքերի ֆունկցիա, բայց տարիների ընթացքում, հատկապես 2000-ականների սկզբից Չինաստանը սկսեց մտածել եւ տեխնոլոգիաներ ստեղծել, սկսեց առաջնորդվել իր գլխով: Սա դուր չեկավ ամերիկացիներին, եւ նրանք տեւական ժամանակ չինացիներին համոզում էին վերադառնալ գործարքի նախնական պայմաններին` մենք մտածում ենք, դուք` գործում: Չինացիները, որ սկսել էին ինքնուրույն մտածել եւ գործել, համարում էին, որ նախկին գործարքի պայմանները վիրավորական են իրենց համար, իրենք կարող են ե՛ւ մտածել, ե՛ւ արտադրել: Երբ ամերիկացիները համոզվեցին, որ չինացիներին համոզելն անհնար է, հայտարարեցին, որ այդ դեպքում իրենք չինացիների արտադրած ապրանքների կարիքը չունեն, թող իրենք իրենց համար մտածեն եւ արտադրեն իրենց համար: Տեսնենք` ով կօգտվի, ով կտուժի: 

Ավելին` ամերիկացիները փորձելու են այնպես անել, որ իրենց ենթակայության տակ գտնվող երկրներին եւս պարտադրեն հրաժարվել չինական ապրանքներից, որովհետեւ որքան փոքր է շուկան, այնքան փոքր է եկամուտը, հետեւաբար՝ այնքան դժվար է լինելու ներդրում անել նոր տեխնոլոգիաների ստեղծման մեջ եւ հետ չմնալ մրցակիցներից: Իսկ սա նշանակում է, որ այն ենթակառուցվածքային նախագծերը, որոնք մինչեւ հիմա ստեղծվել կամ ստեղծվում էին Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը զարգացնելու համար, դառնալու են թիրախ ամերիկացիների համար: Չինաստանը վերջին 20-25 տարիների ընթացքում առաջ էր տանում նոր Մետաքսի ճանապարհի նախագիծը, որը ժամանակակից լեզվով կոչվում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»: Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում էին տիրանալ Մեղրիի միջանցքին նաեւ այդ նախագծին ավելի շահավետ պայմաններով միանալու կամ, ավելի ճիշտ՝ Հայաստանն այդ նախագծից դուրս թողնելու համար: «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի տարբերակներից մեկը սկսվելու էր Չինաստանից, անցնելու էր Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանի, հետո Վրաստանի կամ Հայաստանի վրայով հասներ Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա: Ադրբեջանն ու Թուրքիան ուզում էին եւ ուզում են տիրանալ Սյունիքին կամ Մեղրիին, որ առանց միջնորդի իրար հետ հաղորդակցվեն եւ այդ նախագծից դուրս թողնեն Հայաստանին եւ Վրաստանին: Վրաստանի հարցը մի փոքր այլ է, քանի որ չինացիները Սեւ ծովի` Վրաստանի հատվածում խորջրյա Անակլեա նավահանգիստն են կառուցում, որը եւս այդ նախագծի բաղադրիչներից կլինի, եւ Վրաստանը` այսպես թե այնպես, խաղի մեջ է:

ԱՄՆ իշխանությունները եվրոպացիներին շատ հստակ հասկացնում են, որ եթե փորձեն օգնել Չինաստանին, ապա նրանց կոկորդը կտրելու են, սպանելու են: Դրա համար շատ հարմար գործիք կա` Ռուսաստանը: ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է Եվրոպայից դուրս բերել 10 հազարանոց զորախումբ, եւ սա միայն սկիզբն է: Եթե ամերիկացիներն իրենց զորքը դուրս բերեն ԵՄ-ից, ԵՄ-ն կմնա առանց պաշտպանության, Ռուսաստանը շատ արագ կհասնի Բեռլին կամ նույնիսկ՝ Փարիզ, ինչպես արել է 1812 եւ 1945 թվականներին: Թող հանկարծ որեւէ մեկը չասի, թե այդ ժամանակներն անցել են, ժամանակները երբեք չեն փոխվում: 

Չինաստանը Եվրոպային կապող առեւտրային միջանցքների անհրաժեշտությունը վերանում է, հակառակը` աշխարհի թիվ մեկ հեգեմոնը`առաջնորդը, Միացյալ Նահանգները, որ մինչեւ վերջերս գլոբալիզացիայի գիծն էր առաջնորդում, քարոզելով ազատ շուկայի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի գաղափարը, հիմա ինքն է դարձել դրա հիմնական հակառակորդը եւ ամեն ինչ անելու է՝ այդ ազատ տեղաշարժը խոչընդոտելու համար: ԱՄՆ-ն դառնում է Թուրքիայի կողմից Սյունիքի դեմ ագրեսիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանի ստեղծման հիմնական հակառակորդը, եթե այն պետք է ծառայի Չինաստանին` իր ապրանքները դեպի Եվրոպա հասցնելու համար: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան հրաժարվելու են դա անելու մտադրությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image