ԿԸՀ-ն հրապարակել է Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի իշխող ՔՊ-ի թեկնածու, Պեմզաշեն համայնքի ղեկավար, Մանվել Գրիգորյանի սանիկ Անանիկ Ոսկանյանը առաջատար է 7 731 ձայնով, որը կազմում է ընտրողների 41,61%-ը, Մխիթար Վարագյանի գլխավորած «Միասնական Արթիկ» դաշինքն ստացել է 4344 ձայն կամ քվեների 22%-ը։
Երրորդ տեղում է ««Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի թեկնածուն Արթիկի նախկին քաղաքապետ, Շիրակի մարզպետարանի այժմյան գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանն է, նրա գլխավորած կուսակցությունը ստացել է 2 550 ձայն, կամ 13.7 %։ «Ազատական կուսակցությունը» գլխավորած Արտակ Հարությունյանին ընտրել է 2214 հոգի, կամ 12%-ը։
ՀՅԴ-ն ստացել է 936 ձայն՝ 5%, 797 քվե էլ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը կազմում է ընտրողների 4%-ը։ Արթիկ խոշորացված համայնքում 36865 ընտրելու իրավունք ունեցողներից, ընտրությանը մասնակցել է 19 063 քաղաքացի կամ 51․71%-ը։
Նախնական արդյունքերի և հաջորդիվ սպասվող գործողությունների հետ կապված զրուցել ենք Արթիկ խոշորացված համայնքի գրանցված թեկնածուների հետ։ Քաղպայամանգրի թեկնածու Անանիկ Ոսկանյանից հետաքրքրվեցինք գրանցված արդյունքներից։
-Գո՞հ եք ընտրությունների արդյունքներից։
-Եթե գոհ չլինեմ, ի՞նչ պետք է անեմ, ի՞նչ է փոխվելու դրանից, մեր սպասվածից քիչ մասնակցություն ունեցանք, մնացածը իրենց հունով նորմալ ընթացել է։
-Կարծում եք, որ մասնակցությունը բարձր լիներ, 50+1 ձայն կհավաքեի՞ք։
-Միգուցե։
-Ընտրությունների արդյունքից կախված որևէ այլ ուժի հետ պատրաստվու՞մ եք համագործակցել , կոալիցիա կազմել։
-Նոր պիտի գնամ նախընտրական շտաբ, թիմիս հետ հանդիպում ունենամ, քննարկենք։ Բայց, ճիշտն ասած, այդ մասին ոչ էլ մտածել էինք, որովհետև ժամաանկ էլ չենք ունեցել։
Կոալիցիա կազմելու հետ կապված խոսեցինք նաև արդեն Արթիկ քաղաքի նախկին փողքաղաքապետ Արտակ Հարությունյանի հետ։
-էս պահին ոչ մի որոշում չկա, կուսակցական խնդիր է, երբ որոշվեց, կհայտարարվի։
Որևէ այլ ուժի հետ համագործակցելու մասով կապվեցինք նաև ՀՅԴ կուսակցությունը գլխավորած Հակոբ Մաթիլյանի հետ, որը կտրուկ բացասական պատասխան տվեց, հավելելով․
-Մենք ի սկզբանե էլ հայտարարել էինք, հետո էլ կոալիցիա կազմենք ինչի՞ համար, մենք չունենք այդ հնարավորությունը կոալիցիա կազմելու, իսկ իրենք էլ երևի իրենց ընտրած կուսակցություններն ունեն։
-Ձեզ որևէ առաջարկ չի եղե՞լ, որ միանաք իրենց։
-Չէ, ես որևէ առաջարկի չեմ էլ սպասում։
-Իսկ ընտրություններն ինչպե՞ս անցան, արդյունքները սպասելի՞ էին, ընտրախախտումներ գրանցվե՞լ են։
-Կոնկրետ լուրջ ընտրախախտումներ ես չունեմ արձանագրած, ուղղակի ընտրական տեխնոլոգիաներով Քաղպայմանագիրը հաջողեց ընտրություններում։ Ես բազմիցս քարոզարշավների ընթացքում հայտարարել եմ, որ սա ընտրական տեխնոլոգիաներով անցկացվող ընտրություններ են, ոչ թե գաղափարական պայքար, ուղղակի խնդիր էր դրված ցանկացած գնով գրավել աթոռը։
Փորձեցինք խոսել նաև «Հանուն Հանրապետության ժողովրդավարության դաշինք» կուսակցության ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ, որը ասաց, որ զանգենք ընդմիջման ժամին, քանի որ նա արդեն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։ Սակայն ընդմիջման ժամին զանգահարեցինք, բայց կապ հաստատել չկարողացանք։ Մեր տեղեկություններով՝ Արսեն Աբրահամյանին կանչել են Երևան զրուցելու, թե ու՞մ հետ արժե կոալիցիա կազմել, ՔՊ-ի՞, թե՞ Մխիթար Վարագյանի գլխավորած «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքի։
Ցանկացանք Մխիթար Վարագյանից ևս ճշտել, արդյո՞ք միավորվելու է, թե՞ ոչ, սակայն նա ասաց, որ խիստ զբաղված է։