Հասարակություն

Օրենսգիրքը փոխելը` ոնց որ հաշվիչը զրոյացնեն, որն արհեստական քաոս է ստեղծելու 

Օրենսգիրքը փոխելը` ոնց որ հաշվիչը զրոյացնեն, որն արհեստական քաոս է ստեղծելու 

2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, որը 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում։ Հիշեցնենք, որ նախորդն ընդունվել էր 2003 թվականին։ Նոր Քրեական օրենսգրքով արմատական փոփոխություններ են արվել քրեական օրենսդրությունում։ Թե դրանք ինչպիսին են եւ ինչ հետեւանքներ կունենան մեզ համար, զրուցել ենք փաստաբան Էմին Խաչատրյանի հետ։

«Իմ կարծիքով արհեստական քաոս են ստեղծում, ոնց որ զրոյացնեն բոլոր հաշվիչները։ Պատկերացրեք, այդ ամենը կիրառելու արդյունքում ինչ խնդիրներ են առաջանալու։ Փաստաբանների տիրույթում հարաբերական անդորր է ու նորմալ է, որովհետև ժամանակը թույլ  է տալիս, որպեսզի հավուր պատշաճի  ուսումնասիրեն ու կիրառեն։ Իսկ քննչական մարմիններում քննիչների վրա այնքան մեծ  ծանրաբեռնվածություն կա, որ դժվար թե նրանք ժամանակ գտնեն այդ ամբողջ ծավալը ուսումնասիրեն։ Փոփոխությունները, ըստ էության, հիմնականում խստացումներ են պարունակում, այնպես չի, որ մարդասիրական սկզբունքը առաջին տեղում է եղել։ Եթե համեմատականներ անցկացնենք լրացուցիչ պատիժների մասով, նորով այն թողնվել  է դատարանների հայեցողությանը։ 242-րդ հոդվածի վրա օրինակ բերեմ՝ վթարի կամ վրաերթի դեպքում այնտեղ պարտադիր լրացուցիչ պատիժ կար՝ վարորդական իրավունքից զրկել x ժամկետով, այդ լրացուցիչ պատիժները հանված են, բայց լիազորություն է թողնված, որպեսզի դատարանները  իրենք իրենց հայեցողությամբ այդ լրացուցիչ պատիժը կիրառեն։ Ինչ-որ տեղ տրամաբանական է, որովհետև, եթե ինչ-որ մեկը ալկոհոլի ազդեցության տակ վթարի է ենթարկել և մարդ է մահացել, չի կարելի հավասար  նժարի վրա դնել այն մյուս դեպքերի հետ, երբ մարդը՝ ոչ ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ոչ մի ծանրացնող այլ հանգամանք չկա, ուղղակի դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախկինում այս ամեն ինչը դրվում էր հավասար նժարի վրա»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։ 

Նրա կարծիքով մարդիկ երկար տարիներ աշխատել են, բոլոր իրավաբանների մեջ տպավորվել է, որ, օրինակ, սպանությունը 104-րդ հոդվածն է, խուլիգանությունը՝ 258-րդ հոդվածն է և այլն, հիմա ամբողջ օրենսգիրքը փոփոխության  է ենթարկվել, և մեծ դժվարություններ առաջացրել։

«Իրավունքը անընդհատ զարգանում է, այսինքն զարգացման միտում ունի, Վճռաբեկ դատարանն է այդ իրավունքը զարգացնում` որոշակի փոփոխություններ տարբեր դրույթների մեջ, ինչ-որ կետեր, ինչ-որ մասեր փոփոխությունների ենթարկում։ Առաջ արհեստական անհարմարություն չէր ստեղծվում իրավաբանների համար, հիմա այս պայմաններում այս փոփոխությունները հղի են խնդիրներով։ Այսօր մենք դատական նիստի էինք՝ շատ մատչելի մի հոդվածով։ Հիմա պետք է գնանք ևս մի դատական նիստի, որտեղ պետք է համապատասխանեցնենք նոր օրենսգրքին, այսինքն, ավելորդ մեկ դատական նիստ վատնվում է դրա վրա։ Իսկ այսօր դատական նիստեր նշանակել ու  անցկացնելու համար խնդիրներ կան՝ ժամկետներ, դատավորների ծանրաբեռնվածություն, դատախազների ծանրաբեռնվածություն։ Կալանքի հիմքերի մասով կարող եմ ասել, որ հետաքրքիր փոփոխություններ կան։ Օրինակ՝ վարույթին խոչընդոտելու հիմքն այլևս գոյություն չունի։ Հիմա ուղիղ պարտականություն է սահմանված մեղադրյալին, որ նա պարտավոր է չխոչընդոտի նախաքննությանը»,-ասաց Էմին Խաչատրյանը։ 

Փաստաբանը գտնում է, որ Ժամկետների առումով խնդիրներ են առաջանալու քննչական մարմինների համար, իսկ պաշտպանական կողմի համար՝ բարենպաստ պայմաններ։

«Պաշտպանական կողմն անընդհատ դժգոհություններ է հայտնում, որ քրգործեր հարուցում են, մեղադրանքը առաջադրում, սակայն տարիներով այդ գործերը պահվում են օդում կախված։ Հիմա հստակ ժամկետներ կան, որ եթե այդ ժամկետներում գործը մեղադրական եզրակացության չուղարկվի, ապա անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ։ Բայց արդյո՞ք այսքան վարույթների առկայության պայմաններում, առանձին դեպքերում էլ շատ ծանր վարույթների դեպքերում, քննիչներն ի վիճակի կլինեն այդ գործերը սահմանված ժամկետներում ավարտեն»,-ասաց փաստաբանը։ 

Նա նշեց նաև, որ փոփոխության են ենթարկվել դատավարության օրենսգրքում տեղ գտած տերմինները։ Բոլորին հայտնի «քրեական գործ» տերմինը փոխվել է «քրեական վարույթի», «հանրային մասնակից» տերմինը՝ «մասնավոր մասնակից» տերմինի, նորություն է «վերդիկտ» ոչ հայկական բառը, որը նույնպես տեղ է գտել օրենսգրքում։ 

«Քանի որ սկզբնական փուլն է և մի քանի օր է անցել, դժվարանում եմ ռեալ կանխատեսումներ անել, բայց, խնդիրներ այնուամենայնիվ առաջանալու են։ Շատ երկար ժամանակ է պետք ուսումնասիրության համար, որպեսզի տպավորվի, յուրացվի։ Վերջին անգամ չեմ հիշում երբ եմ օրենգիրք պահել մոտս։ Հիմա արդեն այս 6-7 օրը մի քանի հատ մեքենայիս մեջ, տանը, աշխատավայրում պահում եմ։ Իմ կարծիքով շատ կփոշմանեն, որ այս տեսակ տրամագծորեն տարբեր փոփոխությունների են գնացել։ Այս տարիների ընթացքում, այո, օրենսգիրքը փոփոխությունների է ենթակվել, բայց այդ ամեն ինչը կատարվել է հանգիստ, սահուն, կատարվել է Եվրոպական դատարանի նախադեպերը հաշվի առնելով, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների որոշումները հաշվի առնելով, բայց սենց ռադիկալ փոփոխություններ երբեք չեն եղել։ Պետական ապարատը ինչ-որ չափով «հոգեվարքի» մեջ է, որովհետև շատ պրոֆեսիոնալներ վերջին տարիների ընթացքում ուղղակի դիմում գրեցին և դուրս եկան։ Այսօր իրավական համակարգում, համարյա բոլոր ոլորտներում ունենք որակյալ կադրերի խնդիր։ Ոչ պրոֆեսիոնալ քննիչների և պրոֆեսիոնալ փաստաբանների աշխատանքի մեջ անհավասար պայմանները, իմ կարծիքով, բերել է նրան, որ զրոյացրել են այդ հաշվիչները։ Բայց, որ ասես մարդասիրական սկզբունքներից ելնելով են այս փոփոխոթյունները կատարվել, ես համաձայն չեմ»,-զրույցի ավարտին ասաց Էմին Խաչատրյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image