Վերջին շրջանում, ռուս-ադրբեջանական քաղաքական հարաբերությունների սերտացմանը զուգահեռ, կարծես թե սերտացման նշաններ են ցույց տալիս նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության եւ Ադրբեջանի գործող վարչակարգի հարաբերությունները։ Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ինչ-որ կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին չափազանց դրական է արտահայտվել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմում էլ նշանակվել է նոր առաջնորդ՝ ոմն Ալեքսիյ եպիսկոպոս Սմիրնով, ով Բաքվում լրագրողների հետ իր առաջին հանդիպման ընթացքում հասցրել է բավականին կասկածելի հայտարարություններ անել՝ ընդգծված ռեւերանսներ անելով Ադրբեջանի գործող իշխանություններին։
Այս ամենը, իհարկե, չի վրիպել շատերի ուշադրությունից։ Նախ՝ այն պատճառով, որ օրակարգում Ադրբեջանում եւ հատկապես բռնազավթված ու հայաթափված Արցախում գտնվող հայկական-քրիստոնեական ժառանգության հարցն է դրված, եւ ապա՝ ինչ հեռահար նպատակ կարող է ունենալ այս ամենը։ Նախ, ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Ու կարծես թե Ալիեւի վարչակարգը որոշել է սիրաշահել նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցուն՝ հասկանալով, թե Ռուսական եկեղեցին ներկայիս ռուսական պետական-քաղաքական համակարգում ինչպիսի կարեւոր դերակատարում ունի։ Բացի այդ, սիրաշահումով Ալիեւի վարչակարգը փորձում է հերթական անգամ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանը «բազմակրոնության եւ բազմամշակութային հասարակության համար դրախտավայր է»։ Ի դեպ, պատրիարք Կիրիլի՝ Իլհամ Ալիեւի հասցեին արած դրվատալից արտահայտություններում հենց այս տրամաբանությունն էր առկա։
Եվ ապա՝ Ալիեւն արդեն իր մասնավոր շահերն ունի, որոնք կարող են համընկնել Ռուս ուղղափառ եկեղեցու շահերի հետ եւ հասնել, օրինակ, աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքի որոշակի ճանաչման, թեկուզ՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հովանու ներքո։ Ի դեպ, աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքի ճանաչումն Ալիեւի վաղեմի երազանքն էր, ու նա հանուն դրա, նույնիսկ Թուրքիայի իր մեծ եղբայր Էրդողանի միջոցով փորձել էր ինչ-ինչ գործարքների գնալ Կ․ Պոլսի, այսպես կոչված, «տիեզերական պատրիարք» Բարդուղիմեոսի հետ, սակայն վերջինս Արեւմուտքից ունեցած իր կախվածության ֆոնին վախեցել էր շատ առաջ գնալ այդ հարցում, եւ արդյունքում ոչ մի բան էլ չէր եղել ծավալված բանակցություններից հետո։
Մոսկվայի պատրիարքությունը նման «մեծագին նվերը» երբեք ավելորդ չի համարի, եթե հաշվի առնենք, որ «մրցակից ֆիրմաներն» են Կոստանդնուպոլսի «տիեզերական» պատրիարքությունը կամ Վրաց ուղղափառ եկեղեցին (վերջինիս հետ եւս Ալիեւի էմիսարները վերջին շրջանում ակտիվ շփումներ են ունեցել, նույնիսկ այցեր են եղել վրացական պատրիարքությանը ենթակա ճեմարան)։ Ու այս ամենը հաշվի առնելով է, որ մեզ համար գոնե շատ զարմանալի է Բաքվի վարչակարգի եւ Մոսկվայի պատրիարքության միջեւ հարաբերությունների այսօրինակ, թող ներվի ասել, ինտրիգային եւ սրիկայական ջերմացումը։