Հարցազրույց

Նա պիտի հանի փարաջան, քանի որ հայրենիքը փրկելու համար զրկանքներն ավելի հեշտ է կրել թեթև հագուստով

Նա պիտի հանի փարաջան, քանի որ հայրենիքը փրկելու համար զրկանքներն ավելի հեշտ է կրել թեթև հագուստով

Այս օրերին Սփյուռքի հայությունը մանրադիտակով է հետևում հայրենիքում ծավալվող իրադարձություններին։ «Հրապարակ»-ի զրուցակիցը Իսպանիայի Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանն է

- Պարոն Ղուկասյան, ի՞նչ եք կարծում, «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը հաջողությամբ պսակվելո՞ւ է, չնայած պնդում են՝ մարում է, բայց մի՞թե սա մարող շարժման է նման։

- Փաշինյանը քաջ գիտակցում է, որ իրեն գահընկեց անելու համար օգտագործվող իր իսկ մեթոդն առնվազն հաջողությամբ չի պսակվելու թերևս մոտ ապագայում, ուստի նա իր առաջ քաշած խաղաղություն մուրալու ծրագրից չի հրաժարվելու` իրագործելով այն, այսպես կոչված, ընդդիմության հետ միասին և հայկական հողերի ու կյանքերի հաշվին։ Ինչո՞ւ ընդդիմության հետ միասին. քանզի պարզ է, որ, եթե խորհրդարանական ընդդիմությունը ցանկանար կասեցնել պետականաքանդ այս ծրագիրը, առնվազն մանդատը վայր կդներ, և ամեն ինչ կվերջանար։ Թերևս նաև պարզ է, թե ընդդիմադիրներն ինչու չեն գնում այդ քայլին. նախ` տեղները շատ է տաքացել, հետո էլ, ամենայն հավանականությամբ, ըստ իս՝ կրեմլներից ու եվրոպաներից, առնվազն, հորդոր կա` չգնալ այդ քայլին, քանի որ հայկական տարածքների հաշվին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար «Փաշինյան» ֆենոմենի հայտնաբերումը վերջիններիս վրա առնվազն 30 տարի և բավականին թանկ է նստել, որպեսզի հիմա հեշտ ու հանգիստ բաց թողնեն այս հնարավորությունը։ Այս ամենի տուժող կողմը, ցավոք սրտի, չի փոխվել. հայրենյաց նվիրյալներն են, ովքեր ըստ ամենայնի, հավատում են հայրենիքի ու պետության փրկության մեջ հաջողության հասնելու հնարավորությանը, ուստի մարտնչում են ազնվորեն ու անմնացորդ` դուրս գալով փողոց և... փնտրելով պատասխաններ, իրավիճակից դուրս գալու լուծումներ և նաև` առաջնորդ։ Բայց արդյո՞ք պետք է մեզ առաջնորդ, Փաշինյանն էլ էր ժամանակին առաջնորդ, իսկ հիմա նրա կերպարն այլևս ասոցացվում է պարտության, արհավիրքի և ազգի շարունակական նվաստացման հետ։ Արդյո՞ք մեզ պետք է առաջնորդ, ում թշնամին, ամեն առիթով կամ անառիթ, նվաստացնում է, նրա հետ նաև` մի ողջ ազգ ու պետություն։ Արդյո՞ք մեզ պետք է առաջնորդ, ով հանրություն-իշխանություն անջրպետը դարձյալ կհասցնի մինչև երկինք և այնտեղից մինչև անդունդի հատակը, որի դեմ պայքարողները հիմա իշխանության են եկել` հենց այդ պատճառով։ Գուցե մեզ բռնապե՞տ է պետք... 

Այդուհանդերձ, այն, որ Փաշինյանը չպետք է աշխատի որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, դա փաստ է։ Սրա մասին նաև ինքը գիտի։ Սակայն նա նաև գիտի, որ ներկայումս իրեն պաշտոնանկ անելու միակ հնարավոր միջոցը ընտրություններն են, որոնք, սակայն, ամենայն հավանականությամբ, դարձյալ հաջողություն կբերեն իշխող քաղաքական կուսակցությանը, եթե հաշվի առնենք իշխանական ռեսուրսները, ՔՊ-ի արբանյակ կուսակցությունների առկայությունը և, որ ամենակարևորն է` ընդդիմադիր առաջնորդի բացակայությունը։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ներկայիս քաղաքական դաշտում իրենից լավ պոպուլիստ և ասֆալտ փռող (նաև` ասֆալտին փռող) չկա։ Նա գիտի, որ այժմ առկա լիդերներից և ոչ մեկը իր նման չի շրջելու Հայաստանի գյուղերով` ստուգելու համար ասֆալտը, պահարանների բռնակներն ու բասկետբոլի ցանցերը։ Ամենայն հավանականությամբ, նա ոստիկաններին ամեն օր հիշեցնում է այն մասին, որ իրենց աշխատավարձերը բարձրացրել է, ուստի նրանք պիտի աշխատեն իր անվտանգության համար և նաև, գուցե զգուշացնում է, ասելով, որ «եթե եկան նախկինները, այդ ամենը չի լինելու»: Նա շատ լավ գիտի` ում հետ ինչ լեզվով խոսել, ում որտեղ և ինչում մեղադրել` վերջիններիս գցելու, աշխատավարձերը չբարձրացնելու և ջրից չոր դուրս գալու համար (պարտության մեջ` բանակին, անորակ կրթության մեջ` ուսուցիչներին, փող չլինելու մեջ` թատրոններին, իր կամ երկրի արտաքին հարաբերությունների ձախողումների մեջ` հային և հայ լինելուն, ընդհանրապես)։ Կա՞, արդյոք, ներկայիս քաղաքական դաշտում կամ հասարակության մեջ նման ընդունակությունների տեր մեկը։ Ես կարծում եմ, որ չկա։ Այն, ինչ ասում է, ասենք թե` ԱԺԲ-ն կամ արտախորհրդարանական որևէ այլ ուժ, գուցեև ճիշտ է։ Սակայն, ծուռ նստենք, շիտակ խոսենք` ու՞մ է պետք հիմա «Վիլսոնյան իրավարար վճիռը» կամ Տիգրան Մեծի «ծովից ծով Հայաստանը» կամ էլ, ասենք` մի քանի ամիս առաջ գոյություն ունեցած 5000-ամյա հայկական Արցախը։ Մենք տեսնում ենք, որ ոչ ոքի։ 

- Ստացվում է հիմա մեզ ոչինչ պետք չէ՞։ Ոչ պայքար, ոչ առաջնորդ․․․․․ի՞նչ անենք, մոռանա՞նք հայրենիքը, արտագաղթե՞նք․․․․

- Ի՞նչ է պետք անել. պետք է գտնել մեկին, ով կգա ու կասի` 2018-ից սկսած պաշտոնյաների ստացած բոլոր պարգևավճարները հետ եմ բերելու և բաժանելու եմ կարիքավորներին։ Ոստիկանների աշխատավարձը կրկնապատկելու եմ, քանի որ նրանք վտանգում են իրենց կյանքը։ Ուսուցիչների աշխատավարձը տասնաապատկելու եմ։ Ուսուցիչը պիտի լինի պետության առաջին դեմքը։ Պատգամավորների և նախարարների աշխատավարձն իջեցնելու եմ, քանի դեռ երկրում կա աղքատություն։ Մինչև աղքատությունը չդառնա 0%, պաշտոնյաների աշխատավարձը չի բարձրանալու, քանզի եթե կա աղքատություն, ուրեմն, լավ չեն աշխատում հենց նախարարները (այն, ինչ անում են հիմա` զբաղվել ձրիակերությամբ և վայելել կյանքը, քանզի վարչապետը բարձրացրել է իրենց աշխատավարձերը, որպեսզի կաշառակերությամբ չզբաղվեն): Կրթությունը պիտի աննախընթաց վերելք ապրի։ Ոչ մի բուհական շենք չի փակվելու, բացվելու են նորերը։ Դասախոսներն ու գիտնականները ստանալու են ամենաբարձր աշխատավարձը։ Մշակույթը հասնելու է իր զարգացման գագաթնակետին. ոչ մի թատրոն չի փակվելու, ընդհակառակը` բացվելու են նորերը, եթե դրա պահանջը լինի։ Գրողներն ու մյուս մշակույթի գործիչները մշտապես վայելելու են պետական հովանավորչություն: Սփյուռքի հայկական կառույցներն ու կրթօջախներն ունենալու են պետության անվերապահ աջակցությունը։ Սահմանամերձ գյուղերն ունենալու են հատուկ կարգավիճակ։ Մեր գերիներին հետ եմ բերելու (պարտադիր չէ այստեղ բացատրել, թե ինչպես, օրինակ, որ գոյություն ունի միջազգային իրավունք։ Այս բացատրությունը հանրությանը պետք չի, և նա չի էլ լսելու այն։ Նրան պետք են միմիայն հետևյալ բառերը` «Գերիներին հետ եմ բերելու»): Արցախահայերը շուտով վերադառնալու են հայկական Արցախ (այստեղ նույնպես պետք չեն ավելորդ բացատրություններ)։ Արարատը եղել է, կա ու լինելու է ոչ միայն մեր զինանշանի վրա, այլև մեր սրտերում, հոգիներում, ամենուր, Հայաստանում։ Հայոց ցեղասպանությունը պիտի վերջնականապես ճանաչվի միջազգայնորեն։ Ահա այսքանը։ 

- Բայց հիմա կա Բագրատ Սրբազանը, ով առաջնորդում է շարժումը, եւ պակաս նվիրված չէ, նաև բոլորի սրտով է, ու այդ բոլոր խոսքերի փոխարեն առաջնային թեզ է առաջ քաշել` հայրենիքը փրկելու գաղափարը։

- Բագրատ արքեպիսկոպոսը չունի այդ ընդունակությունները։ Նախ` նա հռետոր չէ։ Նրա բերանից հնչած խոսքերն ազդեցիկ չեն, տպավորություն չեն թողնում հանրության վրա։ Նա քաղաքական գործչի խարիզմ չունի։ Այդ խարզիմը ներկայումս ասոցացվում է, ասենք, սուտ խոսելու, սուտ խոստումներ տալու մեջ նաև, իսկ արքեպիսկոպոսն անգամ ճիշտը չի կարողանում հավուր պատշաճի տեղ հասցնել։ Նրա խոսքում ընդհատումները շատ են։ Դրանք, թերևս, բացատրվում են նրանով, որ նա իրավիճակին չի տիրապետում կամ բազմաթիվ հարցերի պատասխաններ չգիտի կամ պատրաստ չէ այդ հարցերին, որոնք, ուզած-չուզած պիտի հնչեն լրագրողների, քաղաքական գործիչների կամ էլ հենց նույն հանրության կողմից։ Այդ իսկ պատճառով նա բազմաթիվ հարցերին ի պատասխան` պարզապես ժպտում է։ Եկեղեցականը բազմիցս իր հիացմունքը, հուզմունքն ու զարմանքն է արտահայտել` իր կոչին նման արձագանք տալու և բազմահազարանոց հավաքների համար։ Սակայն նա իրավունք չուներ կասկածելու ժողովրդի ուժի վրա, գոնե այն պահից սկսած, երբ Կիրանցից միացան նրա կազմակերպած քայլերթին։ Բագրատ արքեպիսկոպոսն իր խոսքում բազմիցս ասում է, որ ներկայիս իշխանությունները ստում են, սակայն նա չի բացահայտում այդ ստերը, կամ բացահայտելիս էլ` հետևողականորեն չի կարողանում ժողովրդին համոզել դրանում։ Եվ վերջում. նա պիտի հանի փարաջան, քանի որ, նախ` շոգեր են առջևում, և հետո, հայրենիքը փրկելու համար զրկանքներն ավելի հեշտ են կրվում թեթև հագուստով։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image