Սիրիայի նախկին կառավարության կողմնակիցները չեն կարողանա առաջադրվել կամ քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Արաբական Հանրապետության Գերագույն ընտրական հանձնաժողովի անդամ Հասան ալ-Դաղիմը։ Ավելի վաղ ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ երկրի Ժողովրդական խորհրդի առաջին ընտրությունները Բաշար ալ-Ասադի կառավարման ավարտից հետո կանցկացվեն հոկտեմբերի 5-ին։
«Յուրաքանչյուրին, ում աջակցությունն ապացուցված է նախկին ռեժիմին՝ զենքի, փողի կամ կարծիքների միջոցով, արգելվում է առաջադրվել, ընտրվել կամ քվեարկել։ Սա վերաբերում է նաեւ նրանց, ովքեր եղել են Ժողովրդական խորհրդի անդամ կամ նախկին ռեժիմին աջակցող կուսակցությունների ղեկավարությունում»,- նշել է ալ-Դաղիմը։ Սիրիայի խորհրդարանի առաջիկա ընտրությունները կլինեն անուղղակի. քվեարկությունը կանցկացվի ընտրական կոլեգիաների կողմից։ Այս խտրական վերաբերմունքի եւ կոպտագույն արգելանքի ֆոնին, պաշտոնյան վստահեցրել է, թե այդ կոլեգիաները ձեւավորելիս հաշվի է առնվել սիրիական հասարակության բազմազանությունը, ինչպես դա արտացոլվել է 2011 թ. վերջին մարդահամարում։ Ալ-Դաղիմը նշել է, որ գործնականում 7000-8000 մարդ կընտրի խորհրդարանի 140 անդամի։
Հանրային բազմազանության եւ միասնական պետության մասին խոսել է նաեւ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաաթ աշ-Շայպանին: CNN-ի թղթակցի հետ հարցազրույցում նա նշել է, որ նոր Սիրիան պետք է լինի միասնական, քաղաքացիական պետություն, որը բաց է աշխարհին եւ երաշխավորն է սիրիական ընկերության համերաշխության, ընդգծելով, որ միասնական, ուժեղ եւ համախմբված Սիրիայի գոյությունը պետք է ծառայի սիրիացի ժողովրդին եւ ամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Չնայած ժողովրդահաճո հայտարարություններին, Սիրիայից մեր աղբյուրը հայտնեց, որ առաջիկա ընտրություններում հայ թեկնածուներ չեն առաջադրվել, այսինքն` նոր խորհրդարանում հայեր չեն լինի՝ հաշվի առնելով նաեւ, որ ընտրություններին օրեր են մնացել: Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչով է պայմանավորված հայ համայնքի չմասնակցելը, բոլորս լավ ենք հիշում, թե ինչ ջերմ ու բարեկամական հարաբերություններ ուներ Հայաստանն Ասադի կառավարության հետ, եւ ինչ կարեւոր դերակատարում ունեին սիրիահայերը նախորդ իշխանությունների օրոք արաբական հանրապետությունում: Օրինակ, նախորդ՝ 2024-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր էր ընտրվել լրագրող, իրավաբան Մարիա Մանուկ Գաբրիելյանը։ Նա 4-րդ նստաշրջանի միակ հայ պատգամավորն էր։ Իսկ դրանից առաջ՝ 2020 թ. հուլիսի 19-ի ընտրությունների արդյունքներով էլ Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվել 3 հայ թեկնածուներ՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանը եւ Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ Նորա Արիսյանը: Վերջինս, ի դեպ, 2022-ին նշանակվեց ՀՀ-ում Սիրիական Հանրապետության դեսպան:
Մեր հարցին, թե արդյո՞ք հայ թեկնածուներ կան առաջիկա ընտրություններում, Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավորը «Հրապարակին» ասաց. «Նախ, այս անգամ ժողովուրդը չէ, որ պետք է ընտրի, այլ իրենք ձեւավորել են մի կառույց, որը բաղկացած է ժողովրդի տարբեր ներկայացուցիչներից: Ու հենց նրանք է, որ իրենց շարքերից պիտի ընտրեն մոտավորապես 210 հոգուց բաղկացած խորհրդարանի 2/3-ը, իսկ 1/3-ին նախագահն է նշանակելու: Հետեւաբար, որքան տեղյակ եմ, այդ ձեւավորված խմբի մեջ մի քանի հայեր կան, բայց չգիտեմ՝ արդյո՞ք նրանք իրենց թեկնածությունը կառաջադրեն, թե՝ ոչ»: Սիրիայում անցումային շրջանը մինչեւ ընտրությունների անցկացումը կտեւի 4-5 տարի, այս մասին դեռեւս 2025-ի փետրվարին հայտարարել էր Ահմեդ ալ-Շարաան՝ անցումային շրջանում հանրապետության նախագահը, Syria TV-ին տված իր առաջին հարցազրույցում։
Ավելի վաղ ալ-Շարաան քաղաքացիներին ուղղված իր առաջին ուղերձում հայտարարել էր երկրում ազգային երկխոսության նախապատրաստման կոմիտեի ստեղծման մասին, որից հետո, ըստ ծրագրի, կհրապարակվի սահմանադրական հռչակագիր՝ իբրեւ անցումային շրջանի իրավական հիմք։ Ակնհայտ է, որ Թուրքիայի անմիջական ազդեցությամբ կամ ուղղակի նախաձեռնությամբ Ասադին տապալած ուժերը ներազգային համերաշխության ու ազգային փոքրամասնություններին համախմբելու ուղղությամբ ոչ մի առարկայական քայլ չեն կատարել, նման ցանկություն առհասարակ չունեն: Հիշենք, թե 2024-ի դեպքերից հետո ինչ բռնարարքներ էին կատարում Սիրիայի նոր կառավարության կողմնակիցները հայերի եւ ազգային այլ փոքրամասնությունների նկատմամբ՝ ահաբեկչություններից մինչեւ սպանություններ, թալան: Ակներեւ է նաեւ, որ Թուրքիայի նպատակն է՝ չեզոքացնել, բացառել ցանկացած գործոն, որ կխաթարի «պանթուրքիզմի» առաջխաղացմանը: