Մշակույթ

Ճակատագրի անիվը պտտում են նաեւ կանայք

Ճակատագրի անիվը պտտում են նաեւ կանայք

Պատմությունը կերտում են ոչ միայն տղամարդիկ, ու պատմությունը միայն տղամարդկանց հաղթանակների ժամանակագրությունը չէ։ Ժամանակակից կինոն ավելի ու ավելի է ուշադրություն դարձնում կանանց, ովքեր պատմության մեջ ունեցել են նշանակալի դերակատարում, երբեմն նաեւ՝ շրջադարձային կերպով փոխել են պատմության անիվի ընթացքը։ Արքայական պալատներից մինչեւ գիտական լաբորատորիաներ՝ կանայք կոտրել են կարծրատիպեր եւ ճանապարհ բացել մյուս կանանց ու հասարակությունների համար։

Ներկայացնենք մի քանի կինոնկար ու սերիալ՝ պատմության մեջ նշանակալի դեր ունեցած կանանց մասին։ «Էնա՝ Իսպանիայի թագուհին», 2024 թվական։ Բրիտանացի երիտասարդ արքայադուստր Վիկտորյա Եվգենիա Բաթենբերգցին, որին մտերիմներն ու հարազատները պարզապես անվանում են Էնա, թողնում է հայրենիքն ու մեկնում Իսպանիա, որպեսզի ամուսնանա իսպանական Ալֆոնսո 3-րդ թագավորի հետ։ Սակայն հեքիաթն ավարտվում է հարսանիքի օրը։ Նորապսակների վրա հարձակվում են, եւ Էնան հրաշքով է ողջ մնում։ Այդ պահից սկսած՝ նրա կյանքը վերածվում է տոկունության փորձությունների շքահանդեսի։ Առջեւում պալատական կյանքն է՝ նրա հանդեպ լի թշնամանքով, երեխաների ողբերգական հիվանդությունները, հարազատների դավաճանություններն ու արյունոտ 20-րդ դարի պատմական կտրուկ շրջադարձերը։ Ճակատագրի բոլոր հարվածներն արժանապատվորեն ընդունած եւ կրած թագուհու կերպարը մարմնավորել է իսպանական կինոյի աստղ Քիմբերլի Թելը, որը հայտնի է «Իերո» սերիալից։ Ալֆոնսո 3-րդ թագավորի կերպարը մարմնավորել է Խոան Ամարգոսը։ Այս կինոպատումը կարելի է դիտել ցանցային ստրիմինգային հարթակներում։

«Մեծությունը»՝ 2024 թ․, պատմում է ֆոտոմոդել Լի Միլերի մասին, որը եղել է Պաբոլ Պիկասոյի մուսան։ Նա Երկրորդ աշխարհամարտի տարիներին մարտահրավեր է նետել ճակատագրին ու դարձել զինվորական թղթակից։ Նրա տեսախցիկն անմահացրել է դարաշրջանի ամենից ողբերգական ու շրջադարձային պահերը՝ Նորմանդիայում արեւմտյան զորքերի ափհանումից մինչեւ Դախաուի ազատագրումը։ «Մեծությունը» օպերատոր Էլեն Կուրասի լիամետրաժ դեբյուտն է։ Գլխավոր դերում հանդես է եկել Քեյթ Վինսլեթ Քերասը, որն արդեն հայտնի է «Զուտ բանականության հավերժական փայլատակում»-ից եւ պատմական «Վերսալյան սիրավեպ» դրամայից, որտեղ եւս որպես օպերատոր է հանդես եկել։

«Վտանգավոր էլեմենտը», 2019 թվական։ Սա Մարջան Սաթրափիի խորաթափանց կենսապատում հանդիսացող դրամատիկ ֆիլմ է։ Սաթրափին «Օսկարի» էր արժանացել «Պերսեպոլիսի» համար։ Ժապավենը պատմում է տաղանդավոր գիտնական Մարիա Սկլոդովսկայա Կյուրիի մասին, որի կերպարը մարմնավորել է Ռոզամունդ Փայքը։ Կինոնկարում ներկայացված են գիտնականների կյանքի հիմնական դրվագները՝ սկսած Պյեր Կյուրիի հետ հանդիպումից մինչեւ Նոբելյան մրցանակ ստանալն ու գիտական հայտնագործությունները, որոնք, այսպես թե այնպես, շրջադարձային նշանակություն ունեցան մեր ժամանակների համար։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image