Երեւանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, օրենքի տեսանկյունից, իշխանությունն ու քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Իշխանությունը գնում է հերթական ընտրությունների՝ մեկնաբանելով, որ քաղաքապետի վաղաժամ հրաժարականից եւ նոր քաղաքապետ չընտրվելուց հետո օրենքը չի պարտադրում վաղաժամ դադարեցնել ավագանու լիազորությունները եւ արտահերթ ընտրություններ նշանակել։
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, ով մեզանում սահմանադրությունն ու օրենքները մեկնաբանողի գործառույթներ է ստանձնել, հավանաբար իշխանական հրահանգով, նախօրեին գրել է, որ օրենքի բաց կա՝ քաղաքապետ չընտրելու դեպքում ավագանու լուծարման դրույթը վերաբերում է ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններին։ «Երեւանի ավագանին լուծարվում է, եթե ընտրություններից անմիջապես հետո չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Եթե քաղաքապետ չի կարողանում ընտրել այլ ժամանակաշրջանում, ապա դա տեխնիկապես ավագանու լուծարման հիմք չէ»,- գրել է նա՝ ներկայացնելով ՔՊ-ի հիմնավորումը, թե ինչու հիմա արտահերթ պետք չէ անել։ Մեկ այլ հիմնավորում էլ են շրջանառում՝ ո՛չ Երեւանի քաղաքապետարանի կառավարումն է անհնարին դարձել, այսինքն՝ կառավարման ճգնաժամ չկա, եւ ո՛չ էլ արտահերթ ընտրությունների համար քաղաքական կոնսենսուս կա։
Մինչդեռ «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ պարտավոր են արտահերթ ընտրություններ անցկացնել։ Եվ կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի՝ օրեր առաջ տարածած հայտարարությամբ էլ ասվում է, որ ոչ թե կուսակցությունը, այլ օրենքն է դա պահանջում։ Եթե կառավարությունը չկրճատի ավագանու լիազորությունները, «Ապրելու երկիրն» այս հարցը կվիճարկի դատարանում։ Մանե Թանդիլյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնկերպ 2018-ին է նշանակել արտահերթ ընտրություններ, երբ Տարոն Մարգարյանին հրաժարական պարտադրեցին։
«Այո, «Երեւանի մասին» օրենքում այդ մասը կարգավորված չէ, բայց կարգավորված է ՏԻՄ օրենքով»,- պարզաբանում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․ «Երեւանի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետեւյալը․ Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին: Հետեւաբար, ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը տարածվում է նաեւ Երեւանի վրա»։ Առաքելյանին լրացրել է ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը․ «Օրենքում ոչ մի բացթողում չկա: Բյուրեղ հայերենով շարադրված է Ընտրական օրենսգրքում.
Հոդված 142.3 - Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը
1. Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով:
Նույն բյուրեղ հայերենով շարադրված է «Երեւանի ինքնակառավարման մասին» օրենքում.
Հոդված 17. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելը
2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»:
Նշենք, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու օրենսդրական անհրաժեշտության մասին քանիցս խոսել են նաեւ Արթուր Վանեցյանի կուսակիցները։
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ հարցն ունի իրավական եւ քաղաքական կողմ․ «Իրավական կողմն այն է, որ Երեւանի հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են Երեւանի մասին ՏԻՄ օրենքով, եւ եթե որեւէ հոդված ՏԻՄ օրենքից կամ Ընտրական օրենսգրքից առանձնահատուկ մատնանշված չէ, ապա «Երեւանի մասին» օրենքը սահմանում է կարգավորումը, եւ ՏԻՄ-ի ընդհանուր կարգավորումը կիրառելի չէ։ Երեւանի ՏԻՄ օրենքում հղում է տրված ԸՕ-ի մեկ հոդվածի, իսկ ՏԻՄ-ում՝ երկուսին, այս դեպքում կարող ենք ասել, որ «Երեւանի մասին» օրենքը կարգավորում է խնդիրը, ու չի կարելի ընդհանուր ՏԻՄ օրենքի դրույթները տարածել նաեւ Երեւանի վրա»։ Փաստորեն, դուք էլ եք կարծում, որ արտահերթ ընտրության օրենսդրական պահանջ չկա, Խաժակյանը պատասխանեց․ «Այո, մի կողմից համարում եմ, որ օրենքը չի պարտադրում արտահերթ ընտրություններ, մյուս կողմից՝ ընդունում եմ հարցի վիճելիությունը, օրենքի բացը, որը միանշանակ չի պնդում արտահերթի խնդիրը, եւ այստեղ առաջանում է քաղաքական հարցադրում՝ նպատակահարմա՞ր են արդյոք արտահերթ, թե՞ հերթական ընտրություններ։ Ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնք ակնկալում են, որ ընտրությունները պետք է գնան հերթական ժամկետում, ունեն իրավունք պատշաճ պատրաստվելու, եւ բոլոր ուժերը չէ, որ իրենց թիկունքում ունեն օլիգարխ-մեծահարուստներ, որոնք կարող են ֆինանսական ռեսուրսներով աջակցել հրատապ արտահերթ մասնակցության համար։ Միայն այդ ուժերի համար է նպատակահարմար եւ ձեռնտու։ Ուժերին պետք է տալ ժամանակ՝ պատշաճ պատրաստվելու համար»։
Մենք փորձեցինք ճշտել՝ Ռուբեն Վարդանյանի՞ն նկատի ունեք, ով «Ապրելու երկիր» կուսակցության ստվերային հիմնադիրն է համարվում, Խաժակյանը պատասխանեց․ «Նկատի ունեմ բոլոր այն ուժերին, որոնք նման աջակիցներ ունեն։ Այն ուժերը, որոնք ունեն մեծ արտաքին ռեսուրսներ, միայն նրանց համար է նպատակահարմար, ձեռնտու՝ հրատապ, բոլորիս համար անակնկալ այդ գործողությունն իրականացնել»։ Նկատեցինք, որ այդ տրամաբանությամբ իշխանությունն առաջինը պետք է արտահերթով շահագրգռված լիներ։ «Այո, եւ իշխանությունը հրապարակային հայտարարեց, որ չցանկանալով անակնկալի բերել այլ ուժերին, մտադրված է գնալ հերթական ընտրությունների ճանապարհով»։
Ի դեպ, նկատեցինք, որ ոչ միայն ռեսուրսակիր ուժերի ներկայացուցիչներն են օրենքը մեկնաբանում արտահերթի օգտին, օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանն էլ է այդպես կարծում։ «Անդրիաս Ղուկասյանին ես բազմիցս տեսել եմ եւ արդեն իսկ ասոցացնում եմ Ձեր հիշատակած ուժի հետ, որը դիմելու է դատարան»։