Հասարակություն

Եթե իմ փոխարեն լիներ ադրբեջանցի դիվերսանտ, նա հիմա իր տանը թեյ խմելիս կլիներ

Եթե իմ փոխարեն լիներ ադրբեջանցի դիվերսանտ, նա հիմա իր տանը թեյ խմելիս կլիներ

Այսօր քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյանը իրեն առնչվող դատական նիստում հանդես եկավ վերջին խոսքով, վաղը՝ ժամը 12։00-ին դատարանը՝ Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, կհրապարակի վերդիկտը, այսինքն՝ վճիռը Մալյանին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Մալյանը մեղադրվում է ՔՊ-ի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու մեջ։ Նա 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախը հայաթափվում էր, իսկ կառավարության շենքի դիմաց բախումներ էին, ընդամենը ասել էր, որ պետք է այցելել ՔՊ-ականների ու Աննա Հակոբյանի տները՝ սուրճ խմելու, հենց սա էլ նախաքննական մարմինը բռնության կոչ է համարում։ Նարեկ Մալյանը իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքի էությանը՝ համեմատելով Հայաստանիու Բաքվի դատական համակարգի վերաբերմունքը հայ ընդդիմադիրներին ու ադրբեջանցի դիվերսանտներին․

«Այս հրապարակային դատավարության արդյունքում, իմ կարծիքով, ամենացավալի արձանագրումն այն էր, որ հանրությունը համոզվեց, որ Բաքվի ու Երևանի դատարանների գործելաոճը, թիրախները, նախասիրությունները, օրենքի նկատմամբ վերաբերմունքը լրիվ նույնն են, եթե իմ փոխարեն այս դահլիճում թուրք կամ ադրբեջանցի դիվերսանտ լիներ, ով հայ էր սպանել, հիմա նա ազատ իր տանը թեյ խմելիս կլիներ, նույն փառքն ու անպատժելիությունը սպասվում է ադրբեջանցի կամ թուրք դիվերսանտին Բաքվում։ Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ադրբեջանցի դիվերսանտ մարդասպանն անպատժելի է։ Թե՛ Բաքվում, թե՛ Երևանում հայ ընդդիմադիրներին ապօրինի բանտարկում են, թե՛ Բաքվի, թե՛ Երևանի դատարաններում հայ մեղադրյալները իրավազուրկ են, նրանց թույլ չեն տալիս օգտվել նույնիսկ իրենց տարրական իրավունքներից։ Թե՛ բաքվում, թե՛ Երևանում հայերը զրկված են օրինական ճանապարհով արդարացման վերդիկտի հասնելուց։ Թե՛ բաքվի, թե՛ Երևանի դատարաններում հայերի համար չկա իրավունք, իրավաբանություն, արդարադատություն։ Եթե իմ փոխարեն լիներ ադրբեջանցի կամ թուրք մարդասպան դիվերսանտ, ապա նրան անպայման վազելով կայցելեր ՄԻՊ-ը, կհետաքրքրվեր թուրքի առողջությամբ, ինքնազգացողությամբ»,- ասաց Մալյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image