Քաղաքականություն

Ամերիկացիները կհեռացնեն Փաշինյանին՝ Հայաստանում հաստատելով հակաթուրքական իշխանություն

Ամերիկացիները կհեռացնեն Փաշինյանին՝ Հայաստանում հաստատելով հակաթուրքական իշխանություն

Հայաստանը ներկայացնող տարբեր պաշտոնյաներ Թուրքիա հաճախացած այցերի ժամանակ կատարում են նվաստացուցիչ հայտարարություններ, որոնք նվաստացնում են ոչ միայն հայտարարության հեղինակին, այլեւ վիրավորում են միլիոնավոր հայերի եւ նրանց զգացմունքները: Նրանք աղերսում, ծնկաչող խնդրում են Թուրքիային՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանը: Թուրքիայի իշխանություններն արհամարհում են այդ նվաստացումները, որովհետեւ նրանց համար մի քանի հայի ինքնանվաստացումը չի կարող գործողությունների ուղենիշ լինել: 

Հերթական ինքնանվաստացման ակտին ենք ականատես եղել, երբ Փաշինյանի կողմից Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ նշանակված Սարգիս Խանդանյանը Թուրքիայում տեղի ունեցող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ունեցած իր ելույթում ասել է. «Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության»: Արդեն չորս տարի շարունակ սրանք լավատեսություն են հայտնում, բայց թուրքերը տրորում եւ ոտնակոխ են անում սրանց լավատեսությունը, բայց սրանք նույն համառությամբ շարունակում են լավատեսություն դրսեւորել:

Սահմանի բացումն իրականում ոչինչ էլ չի տալու Հայաստանին եւ հայ հասարակությանը, բայց Փաշինյանի իշխանության համար դա չափազանց կարեւոր քարոզչական քայլ կլինի, կարող են ասել, թե՝ տեսեք, 1993 թվականից հետո Թուրքիան սահմանը փակել էր, այս տարիների ընթացքում տարբեր իշխանություններ փորձել են հասնել սահմանի բացմանը, բայց անհաջողության են մատնվել, հիմա մենք կարողացանք անել այն, ինչը ոչ մեկին չէր հաջողվում: Նրանք խնդրում են, որ Թուրքիան դա անի գոնե ժամանակավոր` հաջորդ տարվա հունվարից մինչեւ հունիսի 7-ը․ այդ օրը նշանակված են խորհրդարանական ընտրություններ, դրանից հետո կարող են նաեւ փակել սահմանը: Բայց Թուրքիան համառորեն հրաժարվում է դա անել` պահանջելով ավելի խորը նվաստացում եւ նորանոր զիջումներ: Չնայած չի բացառվում, որ հաջորդ տարվա սկզբին մի քանի ամսով բացեն՝ որպես Փաշինյանի եւ ՔՊ-ի քարոզարշավին տրամադրվող հումանիտար օգնություն: 

Փաշինյանի եւ ՔՊ-ականների լավատեսության աղբյուրը ոչ միայն թուրքերի առջեւ իրենց ծնկածալուկ դիրքն ու դեմքի հնազանդ արտահայտությունն է, իրենց թվում է, որ Թուրքիայի վրա ազդելու համար հիմա իրենք այլ լծակ էլ ունեն, ազդեցիկ լծակ՝ ի դեմս ԱՄՆ աջակցության, որ ԱՄՆ իշխանությունները եւս կարող են ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա, որ նրանք գնան սահմանի բացմանը: Դրա համար քծնանքի եւ շողոքորթության մեջ հմտացած ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողնում՝ ԱՄՆ իշխանություններին եւ այդ երկրի նախագահին քծնելու եւ շողոքորթելու համար: «Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարեւոր դերը եւ նախագահ Թրամփի առաջնորդությունը, որը, իսկապես, իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման»,- Թուրքիայում հայտարարել է սույն ՔՊ-ական ինդիվիդումը՝ մտածելով, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հաստատ իրենց երկրի նախագահին կփոխանցեն, որ ինչ-որ մեկը Հայաստանից իրեն հռչակել է առաջնորդ եւ գնահատում է իր առաջնորդությունը։ 

ՔՊ-ականներին թվում է, որ Թրամփի հետ պայմանագիր ստորագրելով եւ Հայաստանի տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելով ԱՄՆ-ին, իրենք, ի դեմս ԱՄՆ-ի, ձեռք են բերել հզոր դաշնակից կամ հովանավոր: Իրականությունը, սակայն, այն է, որ ԱՄՆ իշխանությունները Հայաստանից ստացել են այն, ինչ իրենց պետք է, այս տարածքը, որտեղով անցնելու են գազային եւ նավթային, գուցե երկաթուղային ենթակառուցվածքները: Հայաստանի մնացած տարածքն ամերիկացիներին ընդհանրապես չի հետաքրքրում, եւ եթե իրենց պետք լինի, կարող են մի ինչ-որ պահի Մեղրիում բարձրացնել անջատողականության հարց եւ ճանաչել Մեղրիի հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, ինչպես դա ժամանակին արեցին Պանամայի դեպքում, չեղած տեղից ստեղծելով Պանամա պետություն: 

Ամերիկացիներին ոչ միայն պետք չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այլեւ, ընդհակառակը՝ իրենց ուզածը ստանալուց հետո նրանք կարող են Հայաստանում գեներացնել հակաթուրքական տրամադրություններ, դրանով թուրքերին եւ մյուսներին ցույց տալու համար, որ այդ ճանապարհի կամ միջանցքի վրա իրենց ներկայությունն է, որ կարող է ապահովել դրա բնականոն գործունեությունը: Երբ Փաշինյանը միջանցքը հանձնի ամերիկացիներին, ամերիկացիներն ամեն ինչ կանեն՝ իրեն հեռացնելու եւ Հայաստանում թունդ հայրենասիրական, հակաթուրքական-հակաադրբեջանական իշխանություն ունենալու համար, որն անպայման կուզենա հետ վերադարձնել միջանցքը, բայց ամերիկացիներն անձնազոհաբար կպաշտպանեն հայ ազգայնականներից:

Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ միջանցքը պետք է Կենտրոնական Ասիայի գազն ու նավթը Եվրոպա փոխադրելու համար: Ամերիկացիները հասկացել են, որ իրենք աշխարհին չեն կարող կառավարել տեխնոլոգիական կամ տնտեսական առաջնորդության կամ դիկտատի միջոցով, քանի որ աշխարհում, ի դեմս Չինաստանի, հայտնվել է երկիր, որը ե՛ւ տնտեսապես, ե՛ւ տեխնոլոգիապես կարող է առաջ անցնել իրենից: Միացյալ Նահանգները հիմա փորձում է գլոբալ վերահսկողություն հաստատել էներգիա արդյունահանող երկրների, դրանց տեղափոխման եւ իրացման շուկաների վրա: Հետեւեք Դոնալդ Թրամփի հանդիպումների աշխարհագրությանը եւ կհամոզվեք դրանում, գումարած աշխարհում ամենամեծ նավթի պաշար ունեցող Վենեսուելայի նկատմամբ ամեն գնով վերահսկողություն հաստատելու ցանկությունը: Իսկ Հայաստանը ո՛չ արդյունահանող երկիր է, ո՛չ էլ իրացման շուկա, կարող էր մաս կազմել տեղափոխմանը, բայց Փաշինյանի շնորհիվ դուրս է մնում նաեւ դրանից: Չնայած տարեկան կարող են մի քանի միլիոն դոլար շպրտել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image