Հարցազրույց

«Հրապարակ». Իշխանությունը պետք է եկեղեցու կողքին լինի, ամենակարեւոր բանը դա է

«Հրապարակ». Իշխանությունը պետք է եկեղեցու կողքին լինի, ամենակարեւոր բանը դա է

Հարցազրույց բրիտանահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանի հետ

«Վաչե եւ Թամար Մանուկյաններ» հիմնադրամն ավանդաբար մեծ ներդրումներ է անում Մայր Աթոռին։ Մասնավորապես, Էջմիածնի Մատենադարանը կառուցվել է նրանց միջոցներով: Մայր տաճարի վերաօծման արարողության ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը Վաչե Մանուկյանին շնորհեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատվո բարձր շքանշան: Սակայն նույն Վաչե Մանուկյանին Երեւանում մի շարք շինություններ եւ հողատարածքներ են պատկանում, որոնք տասնամյակներ շարունակ չեն կառուցվում: Ամենանկատելին կառավարության երկրորդ մասնաշենքի հարեւանությամբ` «Սեւան» հյուրանոցի տարածքի փոսն է, որտեղ արդեն մոտ 30 տարի ոչինչ չի արվում, սակայն ՀՀ կառավարությունը հետ էլ չի վերցնում այդ տարածքը, եւ մենք մայրաքաղաքի կենտրոնում ունենք չկառուցապատված ու տգեղ մի կտոր: Մայր Աթոռում տեղի ունեցած արարողությունների ժամանակ մի քանի հարց ուղղեցինք Վաչե Մանուկյանին:

- Ի՞նչն է Ձեզ մղում հոգեւոր ոլորտում այսքան ներդրում անելուն։ 

- Ինչո՞ւ ենք մենք հայերեն խոսում, մեր երեխաները` հայերեն խոսում, մեր եկեղեցին մեր թագավորությունն է, առանց եկեղեցու այսօր արտասահմանի հայերի վիճակն ի՞նչ պիտի լիներ։ Այսօր մեզ համար շատ կարեւոր է, որ եկեղեցին ակտիվ լինի, որ մեր ազգը հայ մնա։ Մենք քրիստոնյա ենք, բնակվում ենք քրիստոնյա երկրների մեջ եւ շատ հեշտությամբ կարող ենք միախառնվել, լուծվել, բայց եկեղեցին մեզ միասին է պահում։ 

- Դուք, հավանաբար, նաեւ Հայաստանի ճակատագրով եք մտահոգված։ Ի՞նչն է Ձեզ այսօր անհանգստացնում՝ Հայաստանի հետ կապված։

- Ամեն տարի տեսնում եմ, որ ավելի լավ է, բացարձակապես գանգատվելու իրավունք չունեմ։ Քննադատելը շատ հեշտ է։

- Մեր հայազգի գործարարները, բարերարներն ինչպե՞ս կարող են օգնել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն, արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել ձեր ուժերով։

- Սա շատ բարձր հարց է, պետք է հարցնել քաղաքագետներին։ 

- Քանի որ Դուք կարեւորեցիք եկեղեցու ներդրումը հայապահպանության գործում, պիտի հարցնեմ՝ վերջին տարիներին ինչպե՞ս եք գնահատում եկեղեցի-իշխանություն հարաբերությունները։

- Աշխարհի բոլոր կողմերում կռիվ է գնում քրիստոնյա եկեղեցու մեջ, թվերը քչանում են, դրա համար շատ դժվար է լինելու մեր եկեղեցին ակտիվ պահել։ Սա հայկական պրոբլեմ չէ, բոլոր քրիստոնյա եկեղեցիների խնդիրն  է, դրա համար մենք պիտի ավելի ամուր լինենք, որ մեր խնդիրն ավելի փոքրանա։

- Իսկ Դուք նկատո՞ւմ եք, որ իշխանությունը ցանկանում է պահել եկեղեցին, քրիստոնեությունը, հայկականությունը։

- Անպայման, իշխանությունը պետք է եկեղեցու կողքին լինի, ամենակարեւոր բանը դա է։

- Եվ ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու եւ իշխանության միջեւ կապը, տարաձայնություններն այնքան խորն են, որ անգամ պետական միջոցառումներին Վեհափառին չեն հրավիրում։

- Շատ ուշադիր պիտի լինեմ, թե ինչ ասեմ։ Ես միշտ ուզում եմ ասել այնպիսի բաներ, որ մարդիկ ավելի համերաշխ լինեն միմյանց հետ։ Պետք է կարողանան լինել եկեղեցու կողքին։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image