Ավտոներկրողներից տեղեկացանք, որ ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից եւ սկսել են վերադարձնել այն ավտոներկրողների ԱԱՀ-ն, որոնք վաճառքից 10 տոկոսից ավելի շահույթ են ունեցել։ Սրա հիմնավորումն այն է, որ փոքր շահույթ ունեցողներին կասկածում են, որ եկամուտներ են թաքցրել եւ 10 տոկոսից պակաս շահույթ ունեցողները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան դրանից բարձր շահույթ ունեցողները, որոնց վերադարձված ԱԱՀ-ն էլ համապատասխանաբար, ավելի փոքր թիվ է կազմում։ Անցած շաբաթներին մենք մի քանի անգամ անդրադարձել էինք այս խնդրին: Գրել էինք, որ անգամ ՔՊ-ում են կարծում, թե Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործեր է հարուցում, որ «ջրի» ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը՝ պատճառաբանելով, թե իբր ոմանք բիզնես են անում եւ մեծ շահույթ ստանում, դրան գումարած էլ՝ ԱԱՀ-ն են հետ ստանում։
Գրել էինք, որ ՔՊ-ում Բադասյանին ու Քյարամյանին դեռեւս հուլիսի 13-ին կանչել էին բացատրություններ պահանջելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չէին ներկայացել խորհրդարան։ Տեղեկացանք, որ օրերս Բադասյանի հետ մի խումբ պատգամավորներ են հանդիպել, բավականին թեժ զրույց ունեցել, որից հետո է ՊԵԿ-ը «զադնի դրել»։ Հիշեցնենք․ խոսքը դրսից ներկրված եւ Ռուսաստան արտահանվող մեքենաների մասին է: