ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ուրախացնել Անկարային իր առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է՝ մեկնաբանելով Անկարային F-35 կործանիչների և F-110 շարժիչների հնարավոր մատակարարման մասին հարցը։
Հունիսի 24-ին Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին․
«Կարծում եմ՝ այո։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ է... Նա ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես հավանաբար կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի»։
Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ Նրա խոսքով՝ ինքը զրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահն անձամբ խնդրել է նրան մասնակցել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին։
2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականի ամռան-աշնանը։ ԱՄՆ-ն պահանջել էր, որ Անկարան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot համակարգերի, սակայն Անկարան հրաժարվել է։ Դրանից հետո Վաշինգտոնը Թուրքիային հանել էր F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ էր սահմանել պաշտպանական արդյունաբերության ղեկավարների նկատմամբ՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն։ 2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է սկսել CAATSA պատժամիջոցները վերացնելու գործընթացը։