Երեկ Նիկոլ Փաշինյանն իր մոտ էր հրավիրել իրավապահներին․ ՀՀ գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ, ՀՔԾ պետ, Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամներ, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյան, վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյան, Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան։ Հանդիպումն ընկալվեց որպես Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ հերթական ճնշում գործադրելու փորձ, մանավանդ փորձ էր արվել քննարկել առանձին քրեական գործեր, սակայն որոշ դատավորներ դիմադրել էին՝ ասելով, որ սա միջամտություն է իրենց գործունեությանը, իրենք չեն կարող նման քննարկման մասնակցել։
Հանդիպումից հետո տեղեկացանք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրավեր չի ուղարկվել, իսկ որոշ անդամներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նրանք նշել են, թե վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է ԲԴԽ-ի սահմանադրական կարգավիճակին եւ հակաօրինական է։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ մեր հարցին, թե ինչու չի մասնակցել այդ հանդիպմանը, հրավե՞ր չի եղել, թե՞ հրավիրել են՝ չի ցանկացել գնալ, ասաց․ «Առանց մեկնաբանության»։
- Բայց կարեւոր է Ձեր մեկնաբանությունը, ասում են՝ ԲԴԽ մի քանի անդամ չի ցանկացել մասնակցել, համարել են, որ այդ ֆորմատով հանդիպումը, որին մասնակցում են նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում ԲԴԽ-ի սահմանադրական կարգավիճակին։
- Հիմա իմ ցանկացած բառ մեկնաբանվելու է իմ դեմ, դրա համար ես դա թողնում եմ առանց մեկնաբանության։ Չեմ մասնակցել՝ դա հաստատում եմ, իսկ չեմ հրավիրվել, թե հրավեր ստացել եմ՝ չեմ մասնակցել, թողնում եմ առանց մեկնաբանության եւ առանց պատասխանի։ Մի օր կպատասխանեմ այդ հարցին։
- Բայց Ձեր վերջին հայտարարությունը՝ «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին, կարծես թե արդեն մեկնաբանվել է Ձեր դեմ։ Ինչ-որ առճակատո՞ւմ կա գործադիրի եւ դատական համակարգի միջեւ՝ ի դեմս նաեւ Ձեզ։
- Ես գտնում եմ, որ առճակատում դատական եւ գործադիր իշխանության միջեւ չի կարող լինել, որովհետեւ ոչ մի տեղ չեն խաչվում սահմանադրական իրավունքները եւ պարտականությունները։ Մենք գործադիրի հետ խաչվում ենք միայն եւ միայն, երբ որ խոսքը վերաբերում է դատական իշխանության ֆինանսավորմանը եւ օրենսդրական նախաձեռնություններին։
- Եթե չեն խաչվում, ինչպես Դուք եք ասում, ինչո՞ւ էր վարչապետը հանդիպում կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ։
- Վարչապետի մամուլի խոսնակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասն գրված է այն օրակարգը, ինչը քննարկվել է։
- Դուք նմանատիպ հանդիպումը գործադիրի կողմից դատական իշխանության գործերին միջամտությո՞ւն եք համարում։
- Ես դա թողնում եմ առանց մեկնաբանության։ Դա ես չպիտի ասեմ, դա հանրությունը կգնահատի։
- Պարզապես Դուք հայտարարություն տարածեցիք՝ ուղղված դատավորներին։ Զգացվում էր, որ մտահոգություններ ունեք։
- Դուք իմ հայտարարության տեքստը նայե՞լ եք, էդ, որ ասում եք «վնգստացող դատավորների» վերաբերյալ։ Ես ընդամենը ասել եմ, որ էսօր էն օրն ա, որ մենք պետք ա պատասխանենք՝ մենք վնգստացող դատական իշխանությո՞ւն ենք, վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ոչ։ Մնացածը ընդամենը կոչ է եղել բոլոր դատավորներին եւ դաշտում բոլոր խաղացողներին, որ չմիջամտեն դատական իշխանության գործառույթներին, արդարադատական պրոցեսին՝ ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ ՀԿ-ները, ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ասել եմ, որ եթե միջամտություն տեսնեմ, խստագույնս կարձագանքեմ։
- Բայց ի՞նչը Ձեզ ստիպեց նման հայտարարություն տարածել։ Միջամտության միտումնե՞ր էիք նկատել։
- Իհարկե։ Ես սոցիալական հարթակներում, մամուլում տեսնում եմ, որ բոլոր կողմերը փորձում են դատական իշխանությունը քաշել իրենց կողմը։ Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ քաղհասարակությունը, ե՛ւ հասարակական կառույցները՝ տարբեր տեսակի։ Բոլորը փորձում են դատական իշխանությանը ներգրավել քաղաքականության մեջ։ Ես ընդամենը դատավորներին կոչ արեցի, որ ոչ մի պարագայում չքաղաքականանալ։
- Դատավորների, ԲԴԽ անդամների կողմից արձագանքներ եղե՞լ են Ձեր հայտարարությանը։
- Համենայնդեպս, դատական իշխանությունում ես բացասական արձագանք չեմ տեսել։ Ինձ, համենայնդեպս, հայտնի չէ։ Եթե նույնիսկ կան մարդիկ, որ բացասական վերաբերմունք ունեն, դա չեն բարձրաձայնել ինձ մոտ։
- ԲԴԽ անդամներից ովքե՞ր են մասնակցել։
- Մասնակցել է 4 անդամ՝ Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Վիգեն Քոչարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը։
- Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց մասնակցությունը։
- Չեմ մեկնաբանում։