Վերլուծություն

«Ուր որ գնաս՝ հետդ կգամ...»

«Ուր որ գնաս՝ հետդ կգամ...»

Երեկ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը քաղաքական կապիտալ է։ Ավելին՝ հպարտությամբ թվարկեց, որ իր թիմում կան ԱԺ երկու նախկին նախագահներ, նախկին նախարարներ, նախկին փոխվարչապետ, և նրանք բոլորն էլ քաղաքական կապիտալ են։

Ընդհանրապես, թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական կապիտալը հարստություն են։ Բայց երբ վարչապետը մարդկանց անվանում է «քաղաքական կապիտալ», ակամայից տպավորություն է ստեղծվում, որ խոսքը ոչ այնքան գործընկերների, որքան սեփականության մասին է։ Իսկ սեփական կապիտալի նկատմամբ մարդիկ, ինչպես հայտնի է, առանձնահատուկ զգուշավոր են. չեն սիրում, որ այն «արտահոսի», ուրիշի ձեռքն անցնի կամ, առավել ևս, ինքնուրույն որոշումներ կայացնի։

Ուստի, եթե հետևենք Փաշինյանի տրամաբանությանը, այդ «քաղաքական կապիտալը» նա կօգտագործի այնպես, ինչպես ցանկացած սեփականատեր է տնօրինում իր ակտիվները՝ երբ պետք լինի՝ կբարձրացնի արժևորման գինը, երբ պետք լինի՝ կներդնի, երբ պետք լինի՝ կծախսի, իսկ եթե քաղաքական հաշվարկը պահանջի՝ գուցե նույնիսկ դուրս գրի հաշվեկշռից։ Ի վերջո, սեփական կապիտալը պահում են աչքի լույսի պես, ժամանակ առ ժամանակ վերագնահատում են, անհրաժեշտության դեպքում տեղափոխում մի պաշտոնից մյուսը, բայց երբեք չեն թողնում, որ կորչի կամ, Աստված մի արասցե, ուրիշի ձեռքն ընկնի։

Այդ պատճառով Ալեն Սիմոնյանի ապագայի համար անհանգստանալու կարիք, թերևս, չկա։ Եթե նա Փաշինյանի «քաղաքական կապիտալն» է, ապա «բորդյուրին» չի մնա։ Կապիտալը պարբերաբար վերաներդրվում է։ Այսօր՝ Ազգային ժողովում, վաղը՝ գործադիրում, մյուս օրը՝ դեսպանատներում։ Կարևորը՝ շարունակի շահույթ բերել սեփականատիրոջը։

Իսկ «քաղաքական կապիտալն» էլ, կարծես, արդեն հաշտվել է այդ կարգավիճակի հետ։ Նրա վարքագիծը վաղուց է հիշեցնում հայտնի սիրային խոստովանությունը. «Ուր որ գնաս՝ հետդ կգամ, մի քայլ անգամ չեմ հեռանա, առանց քեզ կյանքը չեմ պատկերացնում»։ Պաշտոնապես, իհարկե, այդ հավատարմությունը ՔՊ-ին է։ Բայց Հայաստանում վաղուց գիտեն՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև տարբերությունը վաղուց միայն կանոնադրության մեջ է մնացել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image