Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջև ծագած վեճին, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Ծայրահեղ վտանգավոր և բացարձակ անընդունելի է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ գրառումներին ու հայտարարություններին ի պատասխան հիշեցնում է քրեական օրենսգրքի մասին, դա ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և առաջացնում է որոշակի վախ՝ խոսելու կամ բարձրաձայնելու առկա խնդիրները», - ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, միմյանց հետո կոնստրուկտիվ զրույց ունենալու և քննարկելու համատեքստում նմանատիպ հայտարարությունները շատ վտանգավոր են, որոնք կարող են ավելացնել հատկապես սոցիալական ցանցերում անհանդուրժողականության և մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի պակասը»:
Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Գառնիկ Դանիելյանը քննադատել էր ՄԻՊ-ին` կալանավայրերում տիրող ծանր վիճակի վրա աչք փակելու համար, ՄԻՊ-ը պատասխանել էր նրան` հիշեցնելով, որ կարող է քրեական պատասխանատվության հրավիրվել:
Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել իրավապաշտպանին:
- ՄԻՊ Անահիտ Մանասյանն իրեն համարում է երկրի «լավագույն» իրավաբանը, սակայն մոռանալով մարդու իրավունքների պաշտպանի բուն ֆունկցիան վերջինս հաճախ բաց տեքստով սպառնում է այս կամ այն անձին` թե վարկաբեկում եք ՄԻՊ ինստիտուտը, սպառնում է քրեական օրենսգրքով: Ի՞նչ նախադեպ է սա` ՄԻՊ պրակտիկայում: Առհասարակ նման դեպքերում ինչպե՞ս պետք է վարվի պրոֆեսիոնալ մարդու իրավունքները պաշտպանը:
- Նախ սկսենք նրանից, որ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը օրենքով` չեզոքության պահպանումն է, անաչառությունը, տարբեր խմբերի միջև կոմունիկացիա ապահովելը, հասարակության տարբեր խմբերին հաշտեցնող: Սա մարդու իրավունքների առանցքում է, ինչպես նաև` խոսքի ազատությունը տարբեր խնդիրների վերաբերյալ: Մարդիկ պետք է խոսեն տարբեր խնդիրների մասին և անգամ հուշեն ՄԻՊ-ին, որ ինչ-որ տեղ կա ինչ-որ խնդիր: Այս համատեքստում բացարձակ անընդունելի է ու խիստ մտահոգիչ, երբ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է քրեական օրենսգրքի լեզվով, մատնանշում է քրեական օրենսգրքի հոդվածներ: Այս մոտեցումը բացարձակ անընդունելի է, անգամ եթե առանցքում գտնվող գրառման մեջ լինեին վիրավորանքներ, հայհոյանքներ, թեպետ ոչ մի նման բան չկար այնտեղ: Խնդիրների վերաբերյալ կարծիք արտահայտելը մարդու ազատ իրավունքն է: Բայց այնուամենայնիվ, անգամ եթե լիներ վիրավորանք և հայհոյանք, Մարդու իրավունքների պաշտպանի առաքելություններից մեկը հասարակության մեջ լարվածությունը թուլացնելն է, այլ ոչ թե կրքերը թեժացնելը: Նման դեպքերում ՄԻՊ-ը պետք է արձագանքի պրոֆեսիոնալ ձևով, հակառակ դեպքում` նման մոտեցումները խիստ անընդունելի են: Ուզում եմ նաև նշել այն մասին, որ ՄԻՊ-ի պարագայում շատ կարևոր է անձնական տվյալները նշելը, մարդու անունը, ազգանունը կոնկրետ գրելը, այլ ոչ թե գրել «սույն անձ», «սույն պատգամավոր»: Այս արտահայտություններն ինքնին արհամարհական են, իսկ ՄԻՊ-ը առավել զգույշ ու զգայուն պետք է լինի մարդու արժանապատվության նկատմամբ և առավել ևս չմատնանշի այնպիսի օրենքներ, որոնք կարող են անձին ենթարկել պատասխանատվության` ինչ-որ խնդիրներ բարձրաձայնելու համար:
- Լինելով Հայաստանի «թիվ մեկ իրավաբանը», նա չի՞ հասկանում այս տարրական, պարզ իրողությունները:
- Կարող ես լինել թիվ մեկ, լավագույն իրավաբանը, բայց իրավապաշտպանական մտածողություն և արժեհամակարգ չունենաս: Իրավաբանը գիտության մարդ է, ունի գիտական մոտեցումներ, իսկ իրավապաշտպանը մտածում է մարդու մասին, չի կարող անտեսելով մարդուն անել այնպիսի մատնանշումներ, ինչպիսիք Մանասյանն է անում: Իրավապաշտպանական գիտակցությունը զերծ է պահում մարդուն վիրավորելը, սպառնալը, հակառակը` ՄԻՊ-ը ոչ թե քաղաքացուն տալիս է համակարգին, այլ պաշտպանում է համակարգից: Կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն ունի ՄԻՊ-ը, այստեղ կարևորը` իրավապաշտպանական մոտեցումն է:
- Ի դեպ, հետաքրքիր է, որ նա ոչ մի ՔՊ-ականի մասին նման հայտարարություններով հանդես չի գալիս, անգամ չի փորձում թվացյալ անկողմնակալ երևալ:
- Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ամենաբարդ աշխատանքն է, անկախ այն բանից, թե ով է քեզ ընտրել: ՄԻՊ-ը պետք է լինի անկախ, այնքան անկախ, որ քաղաքական, իրավական և այլ համակարգերը չունենան ազդեցություն ՄԻՊ աշխատանքի վրա: ՄԻՊ-ը պետք է լինի ամենախոցելի մարդկանց կողքին, պայքարի խտրական մոտեցումների դեմ: