Քաղաքականություն

«Հրապարակ». Փոխադարձ մեղադրանքներով մսխում են երկրի ռեսուրսները

«Հրապարակ». Փոխադարձ մեղադրանքներով մսխում են երկրի ռեսուրսները

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հետեւել է Ռ. Քոչարյանի ասուլիսին, բայց կարծում է՝ չի ասվել մի բան, ինչը նորություն կլիներ իր համար։ «Մամուլում մի քանի հրապարակումներ եմ տեսել, սակայն որեւէ բացահայտում, սենսացիոն ինֆորմացիա չկար, որքան էլ փորձ արեցի գտնել։ Արդեն վաղուց փորձում եմ փակել նախկինների եւ նրանց հետ տեղի ունեցած իրադարձությունների էջերը, որովհետեւ նրանց վերաբերյալ լավագույն բանը կարող է լինել իրավական գնահատականը։ Փոխադարձ մեղադրանքների լավագույն հանգուցալուծումը հենց դա է։ Եթե նախկինում տեղի ունեցած իրադարձություններն իրենց մեջ պարունակում են պետական հանցագործություններ, ես կարծում եմ, որ դրա լուծումն իրավունքի դաշտում է։ Եթե մարդիկ հանցագործություն են արել, պետք է պատժվեն, որը կլինի վերջնական գնահատական։ Արդեն 7 տարի նախկին-ներկա շրջապտույտը միայն վնասում է մեր երկրի մարտահրավերների լուծմանը։ Ցավոք, ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ նախկին իշխանություններն ասես իրենց հարմար են զգում այդ վիճակում եւ փոխադարձ մեղադրանքներով ուղղակի մսխում են երկրի մարտահրավերների դեմն առնելու հնարավոր ռեսուրսները»,-ասաց Առաքելյանը։ 

Նա կարծում է, որ Քոչարյանի ասուլիսն այսօր է դարձել մեդիա թոփ լուր, սակայն «վաղը չեն հիշելու» դրա մասին։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ծավալուն անդրադարձ է կատարել Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին եւ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած նյութին` «Մեղրին հանձնելու» վերաբերյալ, ասելով, որ 25 տարվա վաղեմության քննարկումները նորից ասպարեզ բերելը մի նպատակ ունի` ադրբեջանական նոր պահանջները բավարարել եւ մեղքը գցել 25 տարի առաջվա քննարկումների վրա: Ինչո՞ւ Մեղրիի թեման իշխանությունը բերեց ասպարեզ, Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների, մասնավորապես` Սյունիքում, եւ հենց դա է պատճառը, որ օրակարգ են բերել տասնամյակներ առաջ բանակցված թեզը։ «Սյունիքով ճանապարհ տալու մասին արդեն բացահայտ խոսում են։ «Միջանցք» բառի բոլոր հոմանիշներով ասում են, բայց ասում են՝ միջանցք չենք տալիս։ Չեմ բացառում, որ մանիպուլյացիոն գործիքներ են կիրառում, բայց ցանկացած հարց պետք է քննարկել իր ժամանակի տիրույթում։ Մենք ապրում ենք այսօրվա իրականության մեջ, տարածաշրջանում, հարեւանների հետ, ովքեր օր-օրի հզորանում են, այսօրվա գերտերությունների ղեկավարներն ուրիշ են, այն ժամանակ` ուրիշ։ Այսօր մեր խնդիրները բոլորովին այլ են։ Փաշինյանի իշխանության օրոք այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ մի քանի տարի առաջվա բանակցություններն այսօրվա վրա պրոյեկտելը տեղին չէ։ Չեմ կարծում, որ այս խոսույթը որեւէ մեկի վրա ազդեցություն ունի։ Ակնհայտ է, որ այսօրվա բոլոր մարտահրավերների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որն արդեն 7 տարի է՝ երկրի ղեկավար է»,- ասաց Առաքելյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image