Երբ Փաշինյանական իշխանությունը թոշակները բարձրացնում է ամսական «մի կարկանդակի գումարով», սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում էլ «մեռելատուն», էլ «հարսանքատուն» չի թողնում, դա դրոշակ է սարքում եւ ծածանում այնպիսի ձեւակերպումներով, որ տպավորություն է, թե թոշակառուներն «էսա էսա» կդառնան Հայաստանի ամենաբարեկեցիկ խավը։ Երեկ Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարեց, որ ամսի 3-ից մեկնարկելու է թոշակի վճարումը։ Ողջ օրվա ընթացքում, սակայն թոշակառուներից գանգատներ էին ստացվում, որ վճարում չի կատարվել, այսինքն՝ քարտերին թոշակի գումարը չի նստել դեռ։
Օրվա երկրորդ կեսին հայտարարությունը թարմացվեց, ու այս անգամ հայտարարվեց, որ թոշակների վճարումը կիրականացվի այսօրվանից՝ հուլիսի 4-ից։ Արդեն կեսօրն անց է, սակայն էլի կարծես թե վճարումները չեն կատարվել։ Շատերը սկսել են կատակել, որ Փաշինյանենք փոշմանել են, որ ամսական մի քանի կարկանդակի գումար են ավելացրել, կամ էլ ավելացումն այնքան «մեծ է», որ դժվարությամբ են կարողանում վճարման համար փոխանցումներն անել։ Ամեն դեպքում, վերաբերմունքը Հայաստանի ամենախոցելի խավերից մեկի՝ թոշակառուների հանդեպ, վիրավորական է, նույնիսկ՝ անմարդկային, երբ հաշվի ենք առնում, որ թոշակառուների 90 տոկոսի համար 30-40 հազար դրամ թոշակը մի ամբողջ ամսվա ապրուստ է։
