Այսօր գյումրեցիներն, իրենց խոսքով ասած, առավոտյան շոկ ապրեցին, երբ իրավապահները կոտրեցին առաջնորդարանի դուռը, ներխուժեցին այնտեղ, իսկ նպատակը թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին ձերբակալելն էր։ Նա այնտեղ չէր, պարզվեց Էջմիածնում է` Վեհարանում, որտեղ էլ այս պահին զարգացումներ են ընթանում։ Առավոտյան առաջնորդարանում տեղի ունեցած խուզարկության ընթացքում, բակում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին։
Ոստիկանների մեծաթիվ ներկայությունը և խուզարկության հանգամանքը՝ առանց սրբազանի ներկայության, միանգամից լայն արձագան ստացավ հասարակության մեջ։ Գյումրեցիները հուզված են և շոկի մեջ, շատերը դեռ առաջնորդարանի բակում են, չեն պատրաստվում հեռանալ` նորությունների են սպասում։
Գյումրեցի արվեստագետ Արթուր Գևորգյանը, որ առավոտից առաջնորդարանի բակում էր, hraparak.am-ի հետ զրույցում նշեց․ «Շոկի մեջ ենք, խոշոր հարված ենք ստացել ։ Այս պահին դեռ չենք հասկանում՝ ինչ անել, բայց կարծում եմ՝ վաղը կհավաքենք, կգեներացվեն ուժերը և կհասկանանք՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»։
Նա նաև ընդգծեց, որ առաջնորդարանի տարածքում հավաքվել էին հարյուրից ավելի քաղաքացի, ինչը վկայում է, որ տեղի ունեցածը մեծ հուզմունք է առաջացրել․ «Քաղաքը ապրում է ցնցում, քանի որ եկեղեցին միշտ եղել է մեր հոգևոր ապավենը։ Բայց պիտի ասեմ, որ հավաքվածների մեջ կային սադրիչ ուժեր, ոչ բոլորն էին մտահոգ քաղաքացիներ», ֊ընդգծեց Գևորգյանը` հավելելով.
«Ես միշտ մենակ եմ եղել իմ անելիքների ու ասելիքների մեջ, բայց տեսնենք՝ վաղը ինչ է կարելի է անել, այսօր խմբերով հնարավոր է` Էջմիածին մեկնեն»։