Նախօրեին տեղացած հորդառատ անձրեւից հետո հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին, ըստ համացանցում տարածված լուսանկարների եւ տեսանյութերի, կրկին վերածվել էր «փոքրիկ Վենետիկի»՝ բառի ոչ ամենեւին ռոմանտիկ կամ դրական իմաստով։ Ավելի պարզ եւ կենցաղային լեզվով եթե ասենք՝ քաղաքն էլի հեղեղումների մեջ էր։ Ու քանի որ շատ գյումրեցիների, նաեւ ոչ գյումրեցիների մոտ հարցեր կարող էին առաջանալ, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի «տուրիստական մայրաքաղաքն» արդեն որերորդ դեպքն է, որ հայտնվում է ջրի մեջ՝ բառի բուն իմաստով, Գյումրու քաղաքային իշխանությունները ֆեյսբուքյան պաշտոնական էջում մի «խրոխտ» գրառում են հրապարակել այն մասին, թե «կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ՝ անձրեւաջրերի հեռացումն արագ կազմակերպելու համար»։
Թե դրանով ում ինչ էին ուզում ապացուցել Գյումրու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երեւի միայն իրենք կիմանան։ Սակայն քանի որ իրական կյանքը Ֆեյսբուքից դուրս է, ու ֆեյսբուքյան «իմիտացիոն աչքկապոցիներից» այն կողմ խնդիրները շարունակում են մնալ, ապա փորձենք նաեւ մենք մի քանի արձանագրում անել։
Նախ՝ որքան կարելի է հասկանալ թեկուզեւ միայն սոցկայքային արձագանքներից, Գյումրին միայն կենտրոնի մի քանի «պուպուշ հարդարված» փողոցները չեն։ Քաղաքի մեծ մասը չունի ջրահեռացման համակարգ։ Ու սա կարեւորագույն խնդիրներից մեկն է քաղաքի համար, որի լուծման պարտավորությունն առաջին հերթին հենց քաղաքային իշխանություններինն է, կարեւոր չէ՝ ՔՊ-ակա՞ն, թե՞ բալասանյանական թիմն է։
Առհասարակ, սխալ է Գյումրի ասելով հասկանալ միայն քաղաքի կենտրոնական հատվածը, այն փողոցները, որտեղ քիչ թե շատ ակնահաճո իրավիճակ է։ Առնվազն «ջայլամի կեցվածք» է առաջին հերթին հենց քաղաքային իշխանությունների կողմից նման ընկալումը։
Երկրորդ․ քաղաքային կոմունալ ծառայությունների աշխատակիցները հին հռոմեական ժամանակների ստրուկներ չեն, որպեսզի առանց պատշաճ միջոցների եւ հանդերձանքի, տեղատարափ անձրեւի տակ, «բաց ձեռքերով» ուղարկեն՝ ջրահեռացման ցանցի մետաղական «կափարիչները» բացել։ Զարմանալի է, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ով նախկինում հենց քաղաքային կոմունալ բաժինն է ղեկավարել, նման վերաբերմունք ունի իր նախկին գործընկերների կամ աշխատակիցների հանդեպ։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցները Սամսոնյանից ոչ պակաս, գուցեեւ առավել արժանիք ունեցող մարդիկ են, որոնք ունեն արժանապատվություն, եւ որոնց համար նույն Սամսոնյանը պարտավոր է աշխատանքային պարտականություններն իրականացնելու արժանապատիվ պայմաններ ապահովել։
Չպետք է մոռանալ, որ կոմունալ ծառայությունների աշխատակիցներն առաջին հերթին քաղաքացիներ են՝ ընտրողներ, որոնք կարծես թե հենց Նիկոլ Փաշինյանին են ընտրել, ու հիմա արդեն եթե մի փոքր հարցը քաղաքականացնենք, ահագին հարցեր կարող են առաջանալ, թե ինչու է քաղաքապետը վարչապետի ընտրողների հանդեպ նման ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերում։ Եվ երրորդ՝ այն, ինչին ականատես ենք լինում, մասնագիտական տերմինաբանությամբ, թերեւս, կարելի է անվանել կլիմայի գլոբալ փոփոխությունների արդյունք, եւ դա նշանակում է, որ նման տեղատարափ անձրեւները եւ բնական երեւույթները կարող են ավելի պարբերական բնույթ ունենալ։ Հետեւաբար, միայն ջրահեռացման ցանցի «կափարիչները» հանելով հարցը չի լուծվում։ Առնվազն տարրական տրամաբանությունը հուշում է, որ պետք է գտնել ավելի տեւական ու լուրջ լուծումներ՝ քաղաքը նոր պայմաններին «հարմարեցնելու» համար։
Իհարկե, հաճելի է ասֆալտապատվող փողոցների ֆոնին լուսանկարվել եւ «Ֆեյսբուք»-ում այդ լուսանկարները հրապարակել կամ թեկուզ կատակով հայտարարել, թե քաղաքի թափառող շներին դեմքով ճանաչում ես, բայց դե իրական խնդիրների վրա ուշադրություն դարձնելը, ըստ ամենայնի, երեւի թե ավելի կարեւոր է։