Քաղաքականություն

Շահեց ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան

Շահեց ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան

«Թուրքիան տեսավ, որ կռիվներով ամեն ինչ կորցրեց. 2020 թվականի պատերազմով Թուրքիան կարծեց, որ ինքը էլ շահ պետք է ունենա Կովկասում, բայց այնպես չեղավ, Ռուսաստանը շահ ունեցավ, մյուս երկրները շահ ունեցավ, բայց Թուրքիան էլ կորցրեց», - ասում է Թուրքիայի Մեջլիսի (խորհրդարանի) ազգությամբ հայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը։ Վերջինս պատգամավոր էր դարձել 2015-ին, ու այդ ժամանակ հայաստանցիներս հպարտ էինք, որ նույնիսկ ցեղասպան երկրում 100 տարի անց հայ պատգամավոր է հայտնվել: Չնայած նա միակ հայ պատգամավորը չէր (երեքն էին), բայց մեջներից ամենաակտիվն էր: Հիշեցնեմ՝ Հրանտ Դինքի սպանությունից՝ երբ հազարավոր թուրքեր՝ «Բոլորս Դինք ենք» կանչելով  դուրս եկան փողոց, անցել էր ընդամենը 8 տարի: Չնայած ՀՀ երրորդ նախագահի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» անհաջողությանը՝ մեզ թվում էր, թե Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, հնարավոր է հարաբերություններ հաստատել: Հատկապես որ Հայաստանը շարունակում էր մնալ հաղթանակած պետություն: Հենց այդ ժամանակ էլ այդ երկրի քրդամետ կուսակցության ցուցակով քաղաքական ասպարեզ իջավ Կարո Փայլանը։

Սկզբնական շրջանում նրա նկատմամբ վերաբերմունքը դրական էր, քանի որ միշտ չէ, որ Թուրքիայում հայերը դառնում են խորհրդարանի անդամ՝ չհաշված, իհարկե, 20-րդ դարի սկիզբը: Ու Կարոն էլ հիմնականում խոսում էր հայ-թուրքական հարաբերություններից, իսկ դա այն ժամանակ անվնաս թեմա էր: Հետո մեզանում փողոցային բռնի ուժով իշխանություն փոխվեց, ու Փայլանը վերածվեց իշխանությունների ջատագովի: Կամ, ավելի ճիշտ, վարչապետ կարգված Նիկոլի հետևորդի՝ պահպանելով նրա նկատմամբ իր վերաբերմունքը մինչև այսօր: Դա կարելի էր նույնիսկ համարել գնահատելի վարք, եթե դրա օբյեկտը չլիներ պատերազմի պարտության խորհրդանիշ «գերագույն» հրամանատարը: 

Ինչևէ, Փայլանն այսօր էլ շարունակում է Նիկոլի կողմից իրականացվող քաղաքականության գովքն անելը: Բայց ես, օրինակ, եթե լինեի Նիկոլի տեղը, ապա չէի ցանկանա ունենալ նման հետևորդ: Ով քաղաքականությունից հասկանում է այնքան, որքան ոմն ՔՊ-ականի հարևան Պողոսը: Փայլանն ասում է, թե 44-օրյա պատերազմից շահեց Ռուսաստանը, կորցրեց Թուրքիան: Իսկ Հարավային Կովկասի գծով մասնագետ, ռուս քաղաքագետ ու ռազմական վերլուծաբան Անդրեյ Երեմեևն էլ ասել է, որ ով տիրում է Լեռնային Ղարաբաղին, նա տիրում ողջ այս տարածաշրջանին, քանի որ Ղարաբաղն այս տարածքի բանալին է: Բայց եթե նույնիսկ նման բան չասվեր, քարտեզին մի հայացք գցելը բավարար է, որպեսզի հասկանալի լինի. ռուսական զինուժը լքել է իր երկրի հարավային սահմաններին կից տարածքը: Ինչը նշանակում է, որ կորցրել է Ռուսաստանը, իսկ շահել Թուրքիան: Այն երկիրը, որ միշտ ձգտել է տիրել մեր տարածաշրջանին: Ինչ մնում է մյուս երկրների շահ ունենալուն, ապա դա առաջին հերթին, բնականաբար, Ադրբեջանն է և այնուհետև, անուղղակիորեն թյուրքախոս միջինասիական պետությունները: 
Անկեղծ ասած, այսօր ո՛չ Փայլան կլսեի և ո՛չ էլ նրա ասածին կանդրադառնայի, եթե վերը նշված անհեթեթությունը տարածված չլիներ հայաստանյան հակառուսական շրջանակում: Ինչպե՞ս կարող է շահող համարվել այն պետությունը, որը կորցնում է երկու հարյուր տարի իր տարածքը համարված շրջանը: Ու այն ձեռք է բերում իր դարավոր թշնամին, որի հետ ինքը մղել է 11 խոշոր պատերազմ: Ու չնայած այսօր նրա հետ ունի տնտեսական շահեր, սակայն վաղը կրկին կարող են վերածվել թշնամիների:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image