Մենք ծայրահեղական ենք, բայց մեծ սրտի տեր ազգ։ Երբ երգիչ Արտաշ Ասատրյանը Ֆրանսիայում մեկ ու կես մետրանոց մոմ վառեց, մենք հավատացինք, որ այդ մոմը կփրկի մեզ։ Ասաց․ «Էս մեծ մոմը վառում եմ ֆրանսիայում, հայ-ֆրանսիական ընկերության, աշխարհի խաղաղության, հայ ազգի համար»։ Թվաց՝ ամեն ինչ ճիշտ է, որովհետև մենք սովոր ենք փրկությունը կապել արտաքին նշանների հետ, այլ ոչ թե սրտի վերափոխության։
Հետո հպարտությամբ լսում էինք, որ Գագիկ Ծառուկյանը կառուցում է 99 մետրանոց Հիսուս։ Մեր հոգում հույս ծնվեց․ եթե արձանը կանգնեցվի, երկինքը կբացվի, օրհնությունը կգա։ Ծառուկյանի խոսքերն էլ պաթոսով էին հնչում․ «Ամբողջ աշխարհին պիտի ցույց տանք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք»։ Եվ հիմա պետք է համարձակություն ունենանք ընդունելու ճշմարտությունը․
Ոչ 1,5 մետրանոց մոմը, ոչ 99 մետրանոց Հիսուսը չեն փրկելու մեզ։ Փրկությունը ցուցադրական շքեղության մեջ չէ, այլ սրտի անկեղծ զղջման մեջ։ Աշխարհը տեսնում է, թե ինչպես է Հայաստանում հալածվում Հայ Առաքելական եկեղեցին։ Տեսնում է, թե ինչպես են լռում նրանք, ովքեր երբևէ խոստանում էին «աշխարհին ապշեցնող» արձաններ, երբ վտանգի տակ է այն Եկեղեցին, որ մեր գոյության սյունն է։ Իսկ մենք, որոնք հպարտանում ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, մոռացել ենք, որ առաջինը լինելու պատիվը նաև առաջին պատասխանատվությունն է։
Աստված տեսնում է ամեն բան։ Նա տեսնում է, որ մենք մոմեր ենք վառում, խաչեր ենք կանգնեցնում, բայց խաչը չենք բարձրացնում մեր սրտերի մեջ։ Նա տեսնում է, որ 1,5 մետրանոց մոմ, 33 մետրանոց Հիսուսի արձան կառուցող ժողովուրդն ունի կալանավորված ու հետապնդվող սրբազաններ։ Նա լսում է Եկեղեցու զանգերի կանչը, որոնք այս օրերին ողբի ու ցավի զանգեր են։ Այդ զանգերը մեզ հիշեցնում են․ Տիրոջ առջև փրկությունը չափերով չի չափվում, այլ զղջմամբ ու սրտի մաքրությամբ։ Այդ զանգերը ոչ թե միայն ավանդույթի կանչ է, այլ ահազանգ՝ սթափվեք, վերադարձեք։
Հիսուսն ասաց․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը»։ Նա չի ասել․ «Ես եմ 99 մետրանոց արձանը» կամ ինձ մոտ եկեք 1, 5 մետրանոց մոմով։ Իսկ մենք ամեն ինչ փորձում ենք լուծել չափերի ու ցուցադրական շքեղության մեջ, կարծելով, թե արտաքին շինարարությամբ կփրկենք փլուզվող հոգիները։
Եթե ուզում ենք, որ օրհնություն գա, պիտի կանգ առնենք, լսենք մեր ներսի լռությունը և ճշմարտությունը։ Դարձի գալ նշանակում է վերադառնալ Աստծուն։ Զոհասեղանը մեր սրտում է, ոչ թե արձանի բազալտի մեջ։ Վատ բան չեն անում նման բան նախաձեռնողները, բայց նրանք դա պիտի անեն՝ մեզ արթնացնելու և ոչ թե հանգստության պատրանք սըտեղծելու համար։
Զանգերը, Տերն է կանչում են մեզ, ոչ թե բետոնե Հիսուսը։ 99 մետր բարձրությամբ արձանով ու 1,5 մետարանոց երկինք չենք հասնի։ Մետրերով չափվող հավատքը դատարկություն է։ Մոմի լույսը չի փարատում սրտերի խավարը։ Աստված սպասում է մեր դարձին։ Հարցը մնում է՝ կլսե՞նք այդ կանչը, թե՞ շարունակելու ենք մխիթարվել ինքնախաբեությամբ ու մետրերով չափվող հավատքով։