Հանրային խորհուրդը նախօրեին խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել իշխանություն-եկեղեցի սրված հարաբերությունները, որից հետո հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասված է․ «Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով Հայաստանի իշխանությունների եւ հոգեւոր դասի որոշ շրջանակների միջեւ առկա տարաձայնությունները, ինչպես նաեւ այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները եւ հանրային ընկալումները, ելնելով նաեւ օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից, 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն: Հանրային խորհուրդը, կարեւորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա՝ ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», ինչպես նաեւ՝ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում: Ըստ այդմ, եկեղեցին եւ հոգեւորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց։ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ, նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը եւ կարգավորման ճանապարհների որոնմանը»:
Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը քանի որ չի մասնակցել խորհրդակցությանը, չգիտի՝ արդյո՞ք բոլոր 45 անդամներն էլ միացել են հայտարարությանը, թե՞ ոչ։ «Թե քանիսն են մասնակցել՝ չգիտեմ»,- ասում է նա: Իսկ իրեն տեղյակ պահել-հրավիրե՞լ են։ «Այո, տեղյակ եղել եմ, բայց չեմ մասնակցել, ավելին՝ համարում եմ, որ այս հարցն ընդհանրապես Հանրային խորհրդի քննարկման հարց չէ»,- ասում է Իոաննիսյանն ու նկատում, որ հայտարարության տեքստին ծանոթ է, քանի որ ուղարկել են իրեն․ «Նախքան տարածումը ծանոթացել եմ տեքստին, բայց ո՛չ կողմ եմ արտահայտվել, ո՛չ՝ դեմ»։
Ինչ վերաբերում է հարցին, որ այս թեման ընդհանրապես Հանրային խորհրդի քննարկման հարց չէ, նկատում է․ «Հանրային խորհուրդը պետական մարմին է, պետական մարմինները կարող են անել միայն ու բացառապես այն, ինչի համար լիազորված են օրենքով կամ Սահմանադրությամբ։ Հիմա` եկեղեցականների կուսակրոնության հարցը որեւիցե օրենքով կամ Սահմանադրությամբ Հանրային խորհրդի քննարկման առարկա՞ է։ Մարդիկ, որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, կարող են ասել, որ Հանրային խորհուրդը սա պետք է անի կամ՝ նա, բայց որպես պաշտոնական անձինք, պետական մարմին, չեն կարող։ Նիկոլ Փաշինյանն էլ՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, թող եկեղեցուց ինչ-որ բան պահանջի, դժգոհի կամ գովաբանի, բայց ո՛չ որպես վարչապետ։ Հիմա ես՝ որպես Հանրային խորհրդի անդամ, որեւիցե անելիք չունեմ եկեղեցու կուսակրոնության հարցերի հետ կապված, հետո՝ այս հարցի սահմանադրական կողմից բացի, կա նաեւ բովանդակային կողմը՝ կներեք, մենք ուրիշ անելիք չունե՞նք հիմա»։ Ի դեպ, Հանրային խորհրդի եւս մեկ անդամ՝ Ռուբեն Սաֆրաստյանն էլ չէր մասնակցել խորհրդակցությանը եւ չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ ընդհանրապես։
Նախկին լուծարված Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանից հետաքրքրվեցինք՝ այս իրավիճակում Հանրային խորհուրդն ի՞նչ լծակներ ունի եւ ի՞նչ կարող է անել այդ երկխոսությունը կարգավորելու, կառուցողական հուն մտցնելու համար։ «Հանրային խորհրդի նոր կազմը ոնց որ հատուկ ջոկատ լինի,- նկատեց Պեպանյանն ու հավելեց,- օրինակ, նախկին խորհրդի կազմի մեջ, որտեղ նաեւ ես էի, կային նաեւ տարբեր հայացքներ կրող մարդիկ, այսինքն՝ իշխանության կողմից նշանակվածներն էլ տարբեր հայացքներ ունեին, հիմա, ինչքանով ես հասկանում եմ, այդ կազմից 95 տոկոսը միակարծիք է իշխանությունների հետ, իսկ դա լավ չէ»։
Մյուս կողմից, ինչպես նկատում է Պեպանյանը, նման դեպքերում Հանրային խորհուրդն ունի օրենքով սահմանված գործառույթ․ «Հանդիպել, զրուցել կողմերի հետ, ովքեր ինչ-որ տարակարծություններ ունեն՝ լինեն դրանք կուսակցություններ, հասարակական շերտեր, եւ փորձել տվյալ խնդրի լուծման տարբերակներ գտնել ու դա առաջարկել կառավարությանը, բայց որոշումներ կայացնելու իրավունք արդեն չունի խորհուրդը։ Եթե այս տեսակետից ենք նայում՝ ճիշտ դիրք է, որ երկուսի մեջտեղն են կանգնել, բայց եթե հաշվի առնենք, որ ճնշող մեծամասնությունն իշխանությունների նշանակածն է, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է, որ մի կողմից բարձրագույն պաշտոնյաները մարտականորեն են տրամադրված, իսկ մյուս կողմից իրենց Հանրային խորհուրդն այլ կարգի հայտարարություն է անում, ինչը մտածելու տեղիք է տալիս։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը շատ ագրեսիվ է տրամադրված եկեղեցու հանդեպ, իսկ կառավարության խորհրդատվական մարմինը՝ ոչ: Այստեղ հարցեր են առաջանում, որովհետեւ հանրային այս խորհրդում մարդիկ կան, որոնք միանշանակ կպաշտպանեին կառավարության դիրքորոշումը»։
Ի դեպ, նկատենք, որ խորհրդի մեկ այլ անդամ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նույնպես մամուլի էջերում կաթողիկոսից պահանջել էր պարզաբանել՝ զավակ ունի՞, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է վարչապետի կողմից նման օրակարգ առաջ քաշելուն, Պեպանյանը նկատում է․ «Բոլոր գունավոր հեղափոխություններից հետո եղած արժեհամակարգը ջարդվում, փշրվում է, նաեւ՝ եկեղեցին, կրոնը։ Այս գործոնը կա, քանի որ 2018-ին տեղի ունեցածը հենց գունավոր հեղափոխություն էր։ 2-րդ՝ աշխարհաքաղաքական ուժեր կան, որոնք ծրագրեր ունեն Հայաստանում իրականացնելու, եւ եկեղեցին իրենց խանգարում է, որպես կառույց, որն արժեքներ է պահում, եւ 2024-ը ցույց տվեց, որ կարող է մոբիլիզացնել իր ժողովրդի ազգակիր հատվածին, այդ առումով ինքը վտանգ է ներկայացնում, եւ լուրջ վերլուծաբանները հենց դրանով էլ բացատրում են այս ամենը»։
Ըստ Պեպանյանի, այս պահին իշխանություններն ամեն գնով ցանկանում են, որ մի մեռելածին շարժում ձեւավորվի, որպեսզի մարդիկ ինչ-որ առիթ ունենան ընդվզելու, դժգոհելու, որը հետո կմարի․ «Բայց միաժամանակ մարդիկ կհուսահատվեն, կհուսալքվեն, եւ 2026-ին էլ իշխանությունները քիչ խնդիրներ կունենան, այսինքն՝ նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններում ժողովուրդն ավելի հուսահատված լինի, քիչ հավատա կամ ընդհանրապես չհավատա ոչ ոքի»։