Քաղաքականություն

ՀԱԿ-ը չի կարող միաժամանակ լինել եւ՛ իշխանություն, եւ՛ ընդդիմություն

ՀԱԿ-ը չի կարող միաժամանակ լինել եւ՛ իշխանություն, եւ՛ ընդդիմություն

Հայ ազգային կոնգրեսը մեկն է այն կուսակցություններից, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին։ Հայտնի է նաեւ, որ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Առաջին հայացքից ՀԱԿ-ը հանդես է գալիս գործող իշխանության կոշտ ընդդիմախոսի դիրքերից, Փաշինյանը եւ իր քաղաքացիական կինը` Աննա Հակոբյանը, ոչ միայն քննադատում, հաճախ նույնիսկ վիրավորում են ՀԱԿ ներկայացուցիչներին, այդ թվում եւ կուսակցության հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանին։ ՀԱԿ անդամները «ձեռքները ծալած չեն նստում» եւ պատասխանում են նույնչափ կոշտ։ Թվում է, թե ամեն ինչ ժանրի կանոններին համապատասխան է՝ կա երկուստեք հայացքների հակադրություն եւ անհամատեղելիություն, ՀԱԿ-ն իսկապես ընդդիմություն է գործող իշխանությանը, քանի որ մերժում է նրանց կողմից իրականացվող քաղաքականությունը։ Բայց արդյո՞ք նույն կուսակցությունը կարող է միաժամանակ լինել ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն։

Այն, որ այսօր ՀԱԿ-ն իշխանություն է, կարելի է դատել իշխանության առաջին դեմքերի կուսակցական պատկանելությունից․ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ անդամ է, նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար աշխատավարձ ստացող Վահագն Խաչատրյան-Խաչատուրյանը ՀԱԿ անդամ է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ՀԱԿ անդամ է, Փաշինյանի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը ՀԱԿ անդամ է, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ՀԱԿ անդամ է, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ անդամ է, Փաշինյանի կողմից դեսպան նշանակված Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ անդամ է․ այս շարքը կարելի է շարունակել ու շարունակել։

Բայց ինչո՞ւ եմ ես այս մարդկանց՝ ՀԱԿ անդամ լինելու մասին գրում ներկա ժամանակով, չէ՞ որ նրանք ՀԱԿ անդամ են եղել նախկինում, հիմա կա՛մ ՔՊ-ական են, կա՛մ անկուսակցական։ Կուսակցական լինել՝ նշանակում է ունենալ ընդհանրություն այդ կուսակցության գաղափարախոսության հետ, դավանել նույն սկզբունքները: Մարդը կարող է փոխել իր կուսակցությունը, կուսակցության անվանումը, բայց չի կարող փոխել իր համոզմունքները, քաղաքական աշխարհայացքը, սկզբունքները, այն արժեհամակարգը, որի կրողն է ինքը։ Այդ մարդիկ, ինչպես նախկինում, այսօր էլ կրում են ՀՀՇ-ՀԱԿ գաղափարախոսությունը, որպես քաղաքական գործիչ՝ նրանք ձեւավորվել են հենց այդ գաղափարախոսական միջավայրում, իշխանության մեջ լինելով էլ շարունակում են մնալ այդ գաղափարախոսության կրողներն ու իրականացնողները։

Ասվածը վերաբերում է ոչ միայն ՀԱԿ վերնախավին: Ով ծանոթ է ՀԱԿ շարքերին, կարող է հաստատ ասել, որ բազմաթիվ ՀԱԿ անդամներ միացել են գործող իշխանությանը, մարզերում ստանձնել են որոշակի պաշտոններ եւ դա արել են ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի հնարավորություն են ստացել աշխատանք ունենալու, Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը ՀԱԿ անդամների սրտով է, նրանց համար չափազանց ընդունելի եւ հոգեհարազատ, նրանք համոզված նիկոլապաշտներ են։ Սա ասում եմ, քանի որ մի քանի տարի ուսումնասիրել եմ այդ մարդկանց։ Իհարկե, կան որոշ բացառություններ եւս, բայց դրանք ավելի շուտ շեղում են օրինաչափությունից։

Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ-ը որոշել մասնակցել ընտրություններին, չէ՞ որ կուսակցությունները ընտրություններին մասնակցում են իշխանության գալու համար, իսկ ՀԱԿ-ը փաստացի իշխանություն է։ Կամ` մի՞թե այդ կուսակցության վերնախավը, նույն Լեւոն Զուրաբյանը կամ Արամ Մանուկյանը չգիտեն, որ նախկին ՀԱԿ-ից հազիվ մի տասը տոկոսն է մնացել, եւ այդ ռեսուրսով հնարավոր չէ հաջողություն ակնկալել։ Իհարկե, գիտեն։ Ընտրություններին մասնակցելով՝ ՀԱԿ-ը թերեւս փորձում է լուծել երկու խնդիր․ մեկ` պատմության առաջ մաքուր դուրս գալ՝ լվանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ չստացվի, թե նրա քաղաքական եւ գաղափարական ժառանգները երկիրը հասցրին նման ծայրահեղ ծանր եւ խայտառակ վիճակի, արձանագրվի, որ ՀԱԿ-ը եւ Տեր-Պետրոսյանն այդ նույն ժամանակ եղել են արմատական ընդդիմության դիրքերում եւ սուր քննադատության են ենթարկել փաշինյանական ռեժիմին ու նրա կողմից իրականացվող քաղաքականությունը։ Երկրորդ նպատակը շատ ավելի պարզ է․ օգնել գաղափարակիցներին՝ մնալ իշխանության։ Նախորդ բոլոր ընտրությունների փորձը ցույց է տվել, որ ՀԱԿ-ը կարող է ակնկալել 1-2 տոկոս քվե եւ ոչ մի դեպքում չի կարող հաղթահարել անցողիկ շեմը։ Ընդդիմությունից տարած 1-2 տոկոսը կլինի այն նվերը, որ կարող են անել ՀԱԿ ընդդիմադիրները ՀԱԿ իշխանավորներին։ Իսկ ներկա պայմաններում դա չափազանց արժեքավոր նվեր կլինի։ Պետք չէ հավատալ մարդկանց, առավել եւս՝ քաղաքական գործիչների խոսքերին, պետք է հետեւել, թե ինչի են ծառայում այդ խոսքերը։ 


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image