Մշակույթ

«Հրապարակ». Ընտրություններին ընդառաջ դպրոցները ԿԳՄՍՆ ենթակայության ներքո դնելը հենց այդ նպատակն ունի  

«Հրապարակ». Ընտրություններին ընդառաջ դպրոցները ԿԳՄՍՆ ենթակայության ներքո դնելը հենց այդ նպատակն ունի  

Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո: Այս մասին նախօրեին հայտարարեցին ԿԳՄՍՆ պատասխանատուները, թեեւ դրա մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռ մեկուկես տարի առաջ։ 

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի խոսքով, հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երկար ժամանակ քննարկման փուլում էր, արդեն հաստատվել է կառավարության կողմից եւ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին՝ վերջնական հաստատման համար։ 

Ըստ նախագծի՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերի ենթակայությամբ։ Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը, իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։ 

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիր է սրանով լուծում նախարարությունը, եւ ի՞նչ ռիսկեր կան այս փոփոխության հետեւում։ «Այդ խոսակցությունները վաղուց կային ու հիմա իրականություն են դառնում, իսկ այն ռիսկերը, որոնց մասին մենք նախկինում խոսում էինք, ըստ էության, ի հայտ են գալիս ու պարզորոշ երեւում են, այն է՝ ընտրություններին ընդառաջ կենտրոնացնել դպրոցների եւ ընդհանրապես կրթական համակարգի գաղափարական մոտեցումները, որովհետեւ բոլորի համար պարզ է, որ բոլոր իշխանությունների օրոք կրթական հաստատությունները եւ հատկապես հանրակրթական ուսումնական հաստատությունները օգտագործվել են ընտրությունների ժամանակ ձայներ հավաքելու, ծնողների վրա ազդեցություն ունենալու եւ այլնի համար։ Ավելին՝ ուսուցիչների մեծ մասն էլ ընդգրկված է հենց ընտրական հանձնաժողովներում։ Եվ հիմա դպրոցները կենտրոնացնելը եւ նախարարության անմիջական հսկողության ներքո դնելը՝ ընտրություններին ընդառաջ, հենց այդ նպատակն ունի, եւ տրամաբանական է այդպես մտածելը, որովհետեւ, ըստ էության, նույն բանը տեղի ունեցավ «Գազպրոմի» հետ, այնտեղ շուրջ 7 հազար աշխատակից ունեցող եւ իշխանության կարծիքով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց գործող իշխանությունների ենթակայության տակ դրեցին»։ 

Փորձագետը հարցին նաեւ մասնագիտական աչքով է նայում եւ նկատում, որ այս փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է նաեւ մոտեցումների միասնականացում. «Որովհետեւ նախկինում դպրոցները ցրված էին մարզպետարանների, քաղաքապետարանների ենթակայության ներքո, եւ շատ առարկաների, գաղափարական մոտեցումների մեջ շատ տարբերություններ էին նկատվում, կախված նրանից՝ դպրոցն ընդդիմադի՞ր հայացքներ ունեցող համայնքի ղեկավարի ուշադրության կամ ղեկավարության ներքո է, թե՞ ոչ: Ըստ այդմ, այդ դպրոցում, օրինակ, կարող էին Հայոց պատմության ժամերն ավելի շատ լինեին, ու ազգային հիմքի վրա պատմությունը դասավանդվեր, քան այն դպրոցներում, որոնք գուցե քաղաքապետարանի ենթակայության ներքո էին: Այս փոփոխությունը նպատակ ունի նաեւ գաղափարական առումով վերահսկողության տակ պահել դպրոցները: Այս համատեքստում կարեւոր է նշել նաեւ տնօրենների նշանակման հարցը, որովհետեւ ով նշանակում է տնօրեններին, նա էլ «պատվիրում է երաժշտությունը», եւ այս դեպքում վերահսկողությունն անմիջապես անցնում է նախարարությանը»:

Այս համատեքստում Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նաեւ շաբաթներ առաջ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենի պահվածքին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «պատրաստ է» մասնակցել վարչապետի հակաեկեղեցական գործողություններին եւ Վեհարանի վրա հարձակմանը, իսկ քաղաքապետարանն արձանագրել էր, որ ուսումնասիրության շրջանակում դպրոցում Ռուզան Երեմյանի կողմից որեւէ հակամանկավարժական իրավակարգավորումների խախտումներ չեն արձանագրվել։ «Այդ տրամաբանությունը շարունակելով՝ ես առաջարկել ու հիմա էլ առաջարկում եմ, որ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենին նշանակեն Հայաստանում կրթության ոլորտի պատասխանատու, որովհետեւ նա իր կաշվից դուրս է գալիս եւ իր գրառումներով, քարոզներով աջակցում է այսօրվա իշխանության կայացմանը: Ըստ այդմ՝ ինքն այդ աշխատանքը շատ լավ կանի կրթության ոլորտի պատասխանատուի պաշտոնում, եւ իմ առաջարկն է՝ նրան միանգամից նշանակել նախարար: Նա նույն բանը, ինչ անում է իր դպրոցում, կանի ամբողջ Հայաստանում, միեւնույն է՝ բոլոր դպրոցները կենտրոնացվում են արդեն նախարարության ենթակայության տակ»,- նշում է Ա. Մխիթարյանն ու նկատում, որ նույն քաղաքականությունն առաջիկայում կտեսնենք բարձրագույն կրթության ոլորտում: 

«Գործող իշխանությունը շատ վճռական է, եւ առաջիկայում կտեսնենք բուհերի միավորման հաջողված փորձերը, որովհետեւ հլու-հնազանդ ռեկտորներ ունենք որոշ բուհերում, այսինքն՝ նույն կենտրոնացումը լինելու է բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- եզրափակում է փորձագետը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image