ԿԸՀ նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր առաջին նիստն անցկացրեց այդ կարգավիճակում՝ ընտրելով ԿԸՀ փոխնախագահ և ԿԸՀ քարտուղար։
Նիստից հետո Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց Վահագն Հովակիմյանին։ Նախ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարձագանքի ՀԿ-ների այն հայտարարությանը, որ իր՝ ԿԸՀ նախագահ դառնալու ընտրությունը անցել է օրենքի խախտումով, և որ ինքը իրավունք չուներ որպես պատգամավոր իր օգտին քվեարկելու։
Հովակիմյանն ասաց՝ օրենքի խախտում տեղի չի ունեցել, ամեն ինչ տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգով։
Նա նաև հիշեցրեց, որ ինքը հոկտեմբերի 3-ին ՔՊ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել, նաև վայր է դրել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, նաև մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Բայց, այդքանով հանդերձ, երբ ինքն ընտրվում էր ԿԸՀ նախագահ, դեռ պատգամավոր էր։ Բայց Հովակիմյանը պնդեց, որ որևէ խախտում չի եղել այդտեղ։
Հովակիմյանն անդրադարձավ նաև իր ստացած կրթությանը, թե ինչպես է նա ուսման վարձը չվճարելու պատճառով երկու անգամ ուսումը կիսատ թողել՝ մանրամասն նկարագրելով այդ պրոցեսը, խոսեց նաև իր ունեցած գիտելիքների մասին, թե որքանով է ինքը համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին, նաև անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատություններին, որ նա Նիկոլ Փաշինյանի կողմից որակվել է որպես «չստացված լրագրող», Փաշինյանը ժամանակին մի քանի անգամ հեռացրել է «Հայկական ժամանակից», որտեղ նա լրագրող էր աշխատում։
«Նիկոլ Փաշինյանն ինձ երբեք աշխատանքից չի ազատել։ Իմ կենսագրության ընթացքում եղել է երեք անգամ, որ ես՝ ինքս, անձնական խնդիրներով պայմանավորված, դիմում եմ գրել, նույնիսկ մեկ անգամը, երբ որ ես դիմում եմ գրել, որ խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից, որովհետև ընտանեկան խնդիրներ կային, նույնիսկ էդ ժամանակ երեք ամիս ես մտածել եմ, որ ես աշխատանքից ազատված եմ, բայց ռեզերվում էի մտածել, այսինքն՝ նույնիսկ ընդհատում չի եղել»,-ասաց նա։
Նկատեցինք՝ դրանից հետո գնացել է նախկին իշխանությունների հետ կապվող կայքում է աշխատել՝ Արա Սաղաթելյանի միջնորդությամբ։ Հովակիմյանը դա չհերքեց, որ, լինելով ընդդիմադիր, գնացել ու նախկինների միջնորդությամբ աշխատել է իրենց կայքում։
«Տեսեք, ես կարող եմ ասել՝ իմ լրագրողական գործունեության ընթացքում ես ունեցել եմ աշխատանքի սկզբունքներ, որոնք երբեք չեմ խախտել։ Օրինակ՝ երբեք որևէ պաշտոնյայի․․․ մեկ դեպք է եղել իմ ամբողջ լրագրողական կենսագրության մեջ, որ ես նյութի մեջ թեկուզ անուղղակի, բայց վիրավորանք եմ թույլ տվել պաշտոնյայի վերաբերյալ, որը ինձ հայհոյել էր ուղղակի։ Դա հայտնի պատմություն է։ Անկախ նրանից, թե էդ պաշտոնյաներն ովքեր են եղել, անկախ նրանից, թե էդ պաշտոնյաների մասին հանրային ինչ կարծիք է եղել՝ ես վիրավորանք թույլ չեմ տվել։ Համարել եմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ է»,-ասաց նա՝ իր դժգոհությունը հայտնելով նաև մեզանից ու հասկացնելով, որ վիրավորված է մեր հոդվածներից։
Նա հատկապես վիրավորվել էր նրանից, որ մենք մեր հոդվածներում նրա վերաբերյալ չակերտների մեջ գրել էինք, որ նա «սահմանադրագետ» է։
Մանրամասն՝ տեսանյութում