Հասարակություն

«Հրապարակ»․ 61 օպերատորի միաժամանակ աշխատանքից ազատել են

«Հրապարակ»․ 61 օպերատորի միաժամանակ աշխատանքից ազատել են

Տավուշի մարզում գործող հեռուստատեսային աշտարակների օպերատորներն ահազանգել են, որ այս տարեսկզբից «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրինությունն իրենց ազատել է աշխատանքից, իրենց ընտանիքները մնացել են առանց գոյության միջոցների։ Նրանց աշխատավայրը՝ հեռուստատեսային աշտարակները գտնվում են Տավուշի մարզի բնակավայրերից բավական հեռու, բարձրադիր տեղանքներում, այդտեղ տանող ճանապարհները բարեկարգ չեն, սակայն իրենք տարիներ շարունակ հաղթահարել են այդ դժվարին ճանապարհները։ Բնակավայրերից կտրված, բարձունքի վրա գտնվող հեռուստատեսային աշտարակներում երկար ժամանակ միայնակ մնալը, աշխատելը պահանջում են որոշակի լարվածություն, կենտրոնացվածություն։ Հեռուստաաշտարակների օպերատորները տարիներով բարեխղճորեն կատարել են իրենց գործը՝ ապահովելով հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման բարձր որակ։ Նրանք տարակուսած են, թե ինչու են իրենց աշխատանքից ազատել։ 

Այս դժգոհությունների կապակցությամբ փետրվարի 11-ին տեղեկատվական հարցում ուղարկեցի «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր  տնօրեն Նարեկ Ադամյանին՝ առաջադրելով հետեւյալ հարցերը․ «Տավուշի մարզի հեռուստատեսային աշտարակների օպերատորները դժգոհում են, որ հունվարից իրենց աշխատանքից ազատել են։ Քանի՞ օպերատոր է կրճատվել Տավուշի մարզում, քանի՞սը՝ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցում, ՀՀ տարածքում։ Ինչո՞ւեն այդ կրճատումները կատարվել 2026 թվականին, ինչո՞ւ նախկինում չէր կատարվում։ Օպերատորների կրճատումը բացասական չի՞ անդրադառնալու հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման որակի վրա, խափանումների պատճառ չի՞ դառնալու»։ 

Փետրվարի 16-ին ստացել եմ Նարեկ Ադամյանի պատասխանը, որտեղ նշված է․ «Տավուշի մարզում «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերության համակարգում հեռուստատեսային աշտարակների օպերատորների հետ աշխատանքային հարաբերությունների փոփոխությունները կատարվել են աշխատակիցների սեփական դիմումների հիման վրա։ Նշված հիմքով Տավուշի մարզում գործընթացը վերաբերել է 13 աշխատակցի, իսկ ՀՀ տարածքում՝ 61։ Միեւնույն ժամանակ հեռարձակման ցանցի արդիականացման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատակիցների վերապատրաստման պայմաններ՝ հետագայում հնարավոր համագործակցությունը շարունակելու համատեքստում։ 2026 թվականին ՀՀՌՑ-ի կողմից հեռարձակման ցանցի արդիականացման գործընթացի շրջանակում իրականացվել են կադրային փոփոխություններ՝ պայմանավորված ինչպես թվային եւ ավտոմատացված կառավարման համակարգերի, այնպես էլ  հեռարձակման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Իրականացված փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել եւ չեն ազդելու հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների հեռարձակման որակի վրա։ Ցանցի արդիականացման գործընթացի շրջանակում ՀՀՌՑ-ի կողմից իրականացվում է շարունակական տեխնիկական վերահսկողություն, եւ հեռարձակման կայունությունն ապահովվում է գործող նորմերին եւ տեխնիկական պահանջներին համապատասխան»։ 

Տարակուսանք է առաջացնում ՀՀՌՑ տնօրենի այն պնդումը, թե` «հեռուստատեսային աշտարակների օպերատորների հետ աշխատանքային հարաբերությունների փոփոխությունները կատարվել են աշխատակիցների սեփական դիմումների հիման վրա», ինչո՞ւ որոշեցին 61 օպերատորներ միաժամանակ դիմումներ գրել, ազատվել աշխատանքից, կորցնել իրենց միակ եկամուտը։ Եթե նրանք սեփական կամքով են աշխատանքից դուրս եկել, ինչո՞ւ են դժգոհում մեզ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image