Նիկոլ Փաշինյանի ձեւավորած եկեղեցու «բարենորոգման» խորհուրդը կոչ է անում չեղարկել հաջորդ ամիս Ասվտրիայում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը։
«Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։
Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք․ Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն է, որը Հայ Եկեղեցու Նվիրապետության կենտրոնն է՝ ճանաչված և՛ Քրիստոնյա աշխարհի, և՛ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների կողմից։ Որպես Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոն, այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկն իրավունք չունի նման կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխելով, հեղինակազրկելու Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը և վարկաբեկելու Հայոց Պետականությունը»,- ասված է հաղորդագրությունում։