Հասարակություն

«Հրապարակ». Նոր կրոնական եղբայրություն` «Նիկոլի վկա»

«Հրապարակ». Նոր կրոնական եղբայրություն` «Նիկոլի վկա»

«Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առաջ։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել»» (Ա Կորնթ. 6։6-7)։

Արմավիրի մարզի դատարանի որոշմամբ՝ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Նա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը եւ վերականգնել նույն պաշտոնում։ Մինչ հայցն ամբողջությամբ քննելը, դատարանը բավարարել է միջանկյալ միջնորդությունը։ Մինչդեռ հունվարի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նա ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից, եւ նրա փոխարեն առաջնորդական տեղապահ էր նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Անհասկանալի է, թե ինչպես է դատավորը որոշել, որ ինքը կարող է կաթողիկոսի նշանակած եւ հեռացրած հոգեւորականին հետողորմյա անել իր պաշտոնում։ 

Հայտնի չէ` ինչ հագուստ էր կրում այդ պահին դատավորը, արդյոք նա հագե՞լ էր կաթողիկոսական ծիսական ամբողջական հանդերձանքը, երբ որոշում էր, որ Գեւորգ սրբազանը պետք է վերադառնա ու առաջնորդի թեմը, որից հեռացված է «կրոնական միապետի» կողմից, որն ունի նման հարցում միանձնյա, բարձրագույն իշխանություն։ Բայց մի բան հայտնի է, որ այդ որոշումը կոնկրետ ուղղորդված էր կառավարության ղեկավարից, որը վաղուց է կրում թե՛ կաթողիկոսական սքեմ, թե՛ դատավորի մանտիա եւ թե՛ սրբի լուսապսակ՝  իր բազմադեմ երեւակայական կերպարներում։

Իսկ գուցե այդ դատավորն աթեի՞ստ է կամ որեւէ այլ կրոնի ներկայացուցիչ. նա իրավունք ունի՞ օրենքի անունից որոշումներ կայացնել այնտեղ, որտեղ որոշումներ կայացվում են բոլորովին այլ կարգով եւ այլ սկզբունքների ներքո։ Օրինակ, ինչո՞ւ մեզ հայտնի չեն դեպքեր, երբ որեւէ այլ կրոնական «եղբայրությունում» պաշտոնների նշանակման եւ հեռացման հարցերը քննարկվեն դատարանում։ Եվ, վերջապես, ինչպես դրան կնայեին եվրոպական կառույցները, որոնք թույլ չէին տալիս «Եհովայի վկաներին»` անգամ զինապարտներին տանել դատարան, երբ մարդիկ խուսափում էին զինվորական պարտադիր ծառայությունից՝ ասելով․ «Ես Եհովայի վկա եմ», ստիպում էին ընդունել նոր օրենքներ եւ պարտադիր զինապարտությունը հարմարեցնել կրոնական կազմակերպության հավատամքին։

Դատարանի այս որոշմանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը, թե «կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն, եւ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։ Նույնիսկ այդ հայտարարությունից հետո դժվար էր հավատալ, թե որեւէ հոգեւորական, թեկուզ արդեն «տիրադավ» բնութագրված, կարող է իրեն թույլ տալ դիմել դատարան՝ կաթողիկոսի այդ տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով։ Ինչ է, չգիտի՞ սրբազանը, որ կաթողիկոսը, որը նստած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին, գավազանը ձեռքին, առաջնորդում է հավատացյալների կյանքն ու հոգեւոր ուղին, նվիրապետության շրջանակում կայացնում է որոշումներ, որոնք բողոքարկելի չեն աշխարհիկ օղակներում՝ դատարաններում, պետական այլ կառույցներում։ Չէ՞ որ նա համբուրել է այն աջը, որն օրհնել է իրեն, որոշումներ կայացրել իր ծառայության վերաբերյալ, օրհնել է սուրբ Մյուռոնը․․․ Հիմա, ինչ է, պատրաստ է համբուրել իր հայրապետի որոշումները բեկանող եւ նոր որոշումներ կարգող դատավորի ա՞ջը։

Անհնար էր թվում, թե որեւէ դատավոր այդ բողոքին ընթացք կտա, հայցը կընդունի վարույթ եւ կկայացնի նման որոշում։ Արդեն պետք է զարմանալ, որ նա կարող է մեկնել իր աջն ու պահանջել, որ համբուրեն։ Բայց գործ ունենք փաստի հետ․ հերթական անգամ առնչվում ենք Սահմանադրությունը, օրենքները եւ պարզ մարդկային տրամաբանությունն ու բարոյականությունը չեղարկող իրավիճակի հետ եւ չգիտենք՝ սա զվարճալի՞ է, տխո՞ւր, թե՞ անհավանական։
Մասյացոտնի թեմի մի շարք հոգեւորականներ հայտարարություն են տարածել՝ իրենց զորակցությունը հայտնելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Նրանք նշել են, որ ճանաչում են Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ 22 հոգեւորական, գրեթե ամբողջ թեմը, ստորագրել է հայտարարությունը, ըստ որի՝ հոգեւոր խնամքին հանձնված եկեղեցական ծխերը լիակատար աջակցություն են հայտնում իրենց նորանշանակ առաջնորդին եւ պատրաստակամ են նրա հոգեւոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ եւ ծառայական ոգով, շարունակելու իրենց սպասավորությունը հավատավոր ժողովրդի եւ Սուրբ եկեղեցու կյանքում։ Հիմա սրան ի՞նչ պետք է պատասխանի դատավորը՝ հնարավո՞ր է արդյոք դատական կատարածուների միջոցով պարտադրել, որ այս հոգեւորականներն ընդունեն թեմի նախկին առաջնորդին եւ մերժեն նորին։

Եվ, վերջապես, ինչո՞ւ են այսպես մանրանում, եթե ամեն ինչ փոխվել է արդեն, եւ որոշումները կայացվում են ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով, այլ՝ աբսուրդի ժանրում, գուցե Փաշինյանը միանգամից հանձնարարի դատարանին՝ կաթողիկոսին հեռացնե՞լ «աշխատանքից»։ Չէ՞ որ վարչապետի բանավոր որոշումը՝ կաթողիկոսին հեռացնելու մասին, արդեն կայացվել է, ուղղակի դեռեւս չի գտնվել այն կյանքի կոչելու եղանակը՝ բացի մի կուսակցության շրջանակում այն կրկնելու եւ կաթողիկոսի համար չաղոթելու հաստատված ծիսակարգից։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image