Մասյացոտնի թեմի արդեն նախկին (Վեհափառի որոշմամբ) առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանի վճռով «վերականգնվել» է իր պաշտոնին: «Վերականգնվել» բառը չակերտավոր, քանի որ հայաստանյան որևէ դատարան նման որոշում արձակելու իրավասություն չունի: Ինչը նշանակում է, որ, նախ, դատական այդ որոշումն ինքնին հակասահմանադրական է: Ինչը նոնսենս է՝ դատարանը, որ պետք է առաջնորդվեր առաջին հերթին օրենսդրությամբ, խախտում է երկրի հիմնական օրենքը: Երկրորդ, վարչապետության 8-րդ տարին բոլորող Փաշինյանը, ով սիրում է խոսել կառավարման ինստիտուցիոնալացումից, հայոց եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմում կրկին որդեգրել է հեղափոխականի վարքագիծը: Մի բան, որ կարող էր ընկալելի լինել իշխանափոխության առաջին երկու տարում: Սակայն բացարձակ ընդունելի չէ գործող իշխանության ութերորդ տարում: Երրորդ, քաղաքացիական հասարակությունն՝ առանձին բացառություններով, և միջազգային հանրություն կոչվածը՝ մասնագտական վերպետական կառույցները ներառյալ, համրացել են ու կուրացել:
Նախքան շարունակելը վերադառնանք երկրորդ գործոնին՝ դիտարկելով այս երկու օրն աղմուկ հանած՝ «հուշարձանների պահպանության ոլորտում ինստիտուցիոնալ մեխանիզմներն ավելի ամրապնդելու» ՔՊ-ական երկու երեսփոխանների նախաձեռնությունը: Գաբրիելյան Սիսակն ու Ղազարյան Թագուհին առաջարկել են փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ահա այն. «Հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին: Հուշարձանների օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը»: Օրենքում ավելացվելու է 5 կետ, հիմնականը կարծում եմ այս պարբերությունն է. «Հուշարձանների պետական ցանկերում ներառված ... պաշտամունքային կառույցները կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել ՀՀ կառավարության համաձայնության դեպքում»:
Նախ, այդ երկուսի «հանճարեղ» մտածողության դեպքում կարելի էր միայն ենթադրել, որ հնարավոր է օտարել պաշտամունքային որևէ կառույց: Ու օտարողն էլ լինելու է հենց հայոց եկեղեցին: Ենթադրում եմ, որ այս անհեթեթության համար որպես հիմք է ծառայել Սուրբ Գեղարդի վաճառքի մասին հեքիաթը, ինչի հիման վրա առաջին գործողությունը՝ Վեհարանի վրա հարձակումը, կատարվեց 2018-ի ամռանը, իսկ երկրորդը՝ զուտ քարոզչականը, վերջերս: Նշանակություն չունի, որ Սուրբ Գեղարդը չէր օտարվել, ՔՊ-ական ջահելները որոշել են չբավավարվել օրինագծում եկեղեցական մասունքների հիշատակմամբ: Նրանք միանգամից պաշտամունքային կառույցի օտարման մասին են նշել դրանում՝ միամիտ հավտացյալներին անուղղակիորեն ներշնչելով, թե հայոց եկեղեցին կարող է նաև ամբողջական եկեղեցի օտարել: Ինչևէ, երբ պարզվել է, որ եկեղեցու ղեկավարությունն իրավունք ունի նվիրատվություն կատարել ու ստանալ կրոնական մասունքներ, որոշել են եկեղեցուն զրկել այդ իրավունքից: Ինչը հերթական հակասահմանադրական դրույթը կլինի, բայց ինչպես երևում է, դա բացարձակ չի հուզում «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետին:
Վերը նշվածը վկայում է, որ շողուլից ընկած են թե՛ Հայաստանի Հանրապետությունը և թե՛ «մեծարգո» վարչապետին աջակից՝ արևմտյան քաղաքակրթության դերակատարները: Այն քաղաքակրթության, որը կառուցվել է ժողովրդավարության, օրենքի առջև բոլորի հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա: Այս պայմաններում անհանգիստ տարածաշրջաններում տեղակայված փոքր պետություններն ունեն գործողությունների երեք տարբերակ: Առաջին, գտնել բնական դաշնակիցներ և նրանց հովանու ներքո փորձել պահպանել ինքնությունը՝ որքան դա հնարավոր է, ու զարգանալ: Երկրորդ, կատարել սխալ ու ըստ այդմ՝ ճակատագրական ընտրություն, ու աստիճանաբար կամ շատ արագ վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից: Երրորդ, ողջ ազգաբնակչությամբ վերածվել մեկ բռունցքի ու կռիվ տալ թե՛ ներքին, և թե՛ արտաքին թշնամու դեմ: Արդյունքում, այդ անհավասար պայքարում կա՛մ հաղթանակել ու զարգանալ և կա՛մ վերանալ: Ինչպես երևում է, առաջին երկու տարբերակների դեպքում որպես դերակատար հանդես է գալիս գործող իշխանությունը, իսկ երրորդի դեմքում՝ ողջ հասարակությունն իր գիտակից ու հայրենասեր հատվածի ղեկավարությամբ: Այսինքն այն, ինչ ճակատագրով այս օրերին վերապահվել է մեր ազգաբնակչությանը: