Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը The Times-ի հետ զրույցում բավականին հետաքրքիր բացահայտումներ է կատարել Ռուսաստանում տեղի ունեցած պրիգոժինյան ապստամբության որոշ ասպեկտների, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում տիրող հանրային տրամադրությունների մասին։ Ըստ այդմ, Ռուսաստանի ՆԳ նախարարությունը տիրապետում է որոշակի լրտեսական գործիքակազմի, որի օգնությամբ կարողանում է ստանալ երկրում տիրող հանրային եւ քաղաքական տրամադրությունների հնարավորինս օբյեկտիվ պատկերը։
Համաձայն այդ ուսումնասիրությունների՝ Ռուսաստանում Եվգենի Պրիգոժինի կողմից իրականացված մեկօրյա ապստամբությանն աջակցելու տրամադրություններ ունեցել են 14 դաշնային սուբյեկտների բնակիչներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցելու տրամադրությունները տիրապետող են եղել 21 դաշնային սուբյեկտներում։ Մյուս դաշնային սուբյեկտներում որոշակի հավասարություն է եղել։ Ընդ որում, Պուտինի հանդեպ դրականորեն տրամադրված են եղել հատկապես Մոսկվայի բնակիչները։ Սակայն նրա հայրենի Սանկտ Պետերբուրգի բնակիչների շրջանում Ռուսաստանի գործող նախագահը լայն աջակցություն չի ունեցել։ Իսկ ահա ամենաքիչը նրան աջակցել են Դաղստանում։ Սա նշանակում է, որ ռուսական հանրությունն այնքան էլ միատարր չէ, որքան ներկայացվում է ռուսական պետական քարոզչությամբ, եւ բավականին լուրջ հիմքեր կան կարծելու, որ «ապստամբությունը» կարող է կրկնվել՝ այս անգամ թիրախում ունենալով հենց նախագահ Պուտինին։ Բացի այդ, պարզվել է, որ ռուսաստանցիները ռուս-ուկրաինական պատերազմին աջակցում են միայն այն ժամանակ, երբ հեռուստացույց են դիտում։ Այս ամենը, բնականաբար, զեկուցվել է նաեւ Պուտինին, եւ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում որոշակի հետեւություններ կանի։