Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Զախարովայի խոսքով, Ռուսաստանում կարծում են, որ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը:
Նա ափսոսանքով է նշել, որ գործընթացի հետ կապված որոշ հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Նրա խոսքով՝ ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա Ռուսաստանը չէ։
Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ կառուցվածքում հաղորդակցությունների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծմանը, ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ «եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Ըստ Զախարովայի, Ռուսաստանն առաջնորդվել է նաև Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում նաև այն ժամանակ, երբ աջակցել է Երևանի և Անկարայի միջև երկխոսության վերսկսմանը: Նա հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։
Ռուսաստանը 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը ևս մեկ լավ հարթակ է համարում տարածաշրջանի հարևանների և երկրների փոխգործակցության համար․ «2024 թվականին հարթակի հաջորդ նիստի ընթացքում Թուրքիայում կքննարկվի նաև տրանսպորտային թեմատիկան։ Այս ձևաչափի շրջանակներում Երևանի կառուցողական առաջարկը, վստահ եմ, պահանջված կլինի»։