Բոլոր ազգերի երազանքն է ունենալ ազնիվ, ճշմարտախոս, խոսքի արժեքն իմացող ու պահպանող իշխանավորներ: Շատ ազգեր իրականացրել են իրենց երազանքը:
Հայերիս մինչև օրս չի հաջողվել:
Բայց մենք էլ ուզեցել ենք, ուզում ենք ունենալ այնպիսի իշխանավորներ, որ զերծ լինեն ստախոսության ախտից, չխաբեն ժողովրդին, ասեն ու անեն այն` ինչ ասել-խոստացել են: Զորօրինակ՝ այսօր չճչան՝ Արցախը մերն է, վաղը չվրչան՝ սխալվեցինք, մերը չէ:
Չխոստանան՝ մի թիզ հողի «կողքով» չենք անցնի առանց ժողովրդի իմացության, և ժողովրդից թաքուն պատառ-պատառ թշնամուն չեն բաշխի հայոց նվիրական հողատարածքները:
Վեց հարյուր հազար մեր հայրենակից թոշակառուներին չեն խոստանա թոշակների կտրուկ ավելացում, ապա երեսպաշտաբար նետեն՝ ավելացված գումարներն, իբր, ի՞նչ եք անելու, խեղճ թոշակառուներդ... իսկ մի համբակ էլ «ավետիս» տա՝ եթե թոշակն ավելացնենք, ավելի վատ կապրեք... Չէ՞ որ իրենք էլ երեք միլիոն դրամանոց «չնչին» պարգևավճարներով վատ ու վատ են ապրում հաստատապես:
Ստախոսության, խաբեության դեպքերն այնքան շատ են, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի կարող է հիշել հարյուրավոր օրինակներ: Ստախոսությունը մեր իշխանավորների արյան մեջ կայտառ խայտում է` ինչպես ձուկը ջրում:
Այսպես է եղել անկախության բոլոր տարիներին, բայց հատկապես վերջին 7-8 տարին: Գինեսի ռեկորդների հատորներ կկազմեն նորերի ստախոսության «գոհարները»: Ահա ինչու ամեն ընտրությունից առաջ հայ մարդիկ հայացքները հույսով հառում են այս կամ այն գործչին, կուսակցությանը: Սակայն հետո «էլեկտրահարված»՝ ետ ընկրկում, զղջում-փոշմանում, որովհետև կռահում-կասկածում են՝ հիմնականում ստախոս են, ոմանք՝ ստախոս են ուղնուծուծով:
Մրցավեճի մեջ են՝ ո՞վ շատ ու քաղցր խոստումներ կտա, որ ընտրվելուց հետո մոռացման շռայլ ապտակը մեզ տա:
Ի՞նչ է՝ հայերիս մեջ մի ճշմարտախոս այր, տղա, տղամարդ, տղամարդ-այր կամ թեկուզ «թասիբով» կին ու կինմարդ չի՞ լինելու, չի՞ ճարվելու, որ հավատ ընծայենք ու չսխալվենք: Տոնական օրերին միտքս միայն այդ հարցով էր ծանրաբեռնված: Վերջապես ինձ հաջողվեց «հայտնագործել»` առանց դես-դեն ընկնելու. Ճշմարտախոս մի հատիկ տղա կա մեր երկրում՝ Գագիկ Սուրենյան անունով` առաջներում հատուկ ուշադրություն չէի դարձնում նրա եղանակի տեսությունների վրա, բայց նախատոնական, տոնական օրերին եղանակի մասին ինչ ասաց` ճշգրտագույն կանխատեսումներ էին, որ ինձ ցնցեցին մինչև հոգուս խորքը:
Մտածեցի՝ եթե մարդը եղանակի մասին մշտապես ճշգրիտ տեղեկություններ է հաղորդում, ոչ մի անգամ չի սխալվում, չի ստում, ինչ կանխագուշակում է՝ կատարվում է, ուրեմն խոսքի տեր երիտասարդ է, գիտի խոսքի արժեքը: Բերանից մի բան «թռցրեց»` կատարվում է: Ասեց՝ եղավ անձրև, տեղատարափ, ձյուն, քամին խփեց հարավից, հյուսիսից, չորը` կանաչը տարավ, Սև ծովից սառը հոսանք մտավ, Աֆրիկայից տապը վրա տվեց... Հունվարի 3-ին հայտարարեց . «Այս գիշեր հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի», էլի չստեց. -37.0°C՝ գրանցվեց Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում: Համոզված եմ, եթե նա տրամադրվի ու հանուր հայությանն ուրախությամբ ազդարարի՝ «Վաղվանից հայի համար արեւ կծագի», հավատացեք՝ կծագի: Գուցե արժե հենց նրան էլ ազգովի ազգի առաջնո՞րդ ընտրենք...Ի՞նչ կասեք, հը՞: Մի՞թե սա ավելի պարադոքսալ, կամ կուրյոզ բա՞ն է, քան այն, ինչի մեջ մենք ապրում ենք:
Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, Գագիկ Սուրենյանը կընդունի՞ ազգի առաջնորդ դառնալու առաջարկը...
Գագիկ Անտոնյան