Օրենքով գողերին վերաբերող հերթական գործն է դատարանում քննվում։ Այս գործի կենտրոնում քրեական հեղինակություն համարվող Հայկ Խաչատրյանն է, որն առավել հայտնի է «Բոքսյոր Հայկո» մականունով։
Ըստ մեղադրանքի՝ Հ. Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եւ սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաեւ՝ այլ խնդիրներին վերաբերող վեճեր իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր։
Մեղադրանքում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, որ տարբեր քաղաքացիներ, իրենց հարցերը լուծելու համար դիմել են Հայկ Խաչատրյանին, նա հանդիպել է այս կամ այն անձին՝ որեւէ մեկի համար «հարցեր լուծելու» նպատակով, կամ հարթել է վիճաբանության կողմերի միջեւ առաջացած տարաձայնությունները եւ այլն։
Նրան մեղադրանք է առաջադրվել 322-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը)։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ օրեր առաջ առաջին ատյանի քրեական դատարանը երկարաձգել է քրեական հեղինակության կալանքի ժամկետը՝ 3 ամսով։ Նրա փաստաբան Էմին Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ դատարանը դատավոր Աշոտ Մաթեւոսյանի նախագահությամբ տնային կալանքը երկարաձգել է 2 օր առաջ եւ պատրաստվում են այն բողոքարկել Վերաքննիչ դատարան։
«Նախկին որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ դատարան, թողնվել է այն անփոփոխ, որի հետ համաձայն չենք, Վճռաբեկ դատարան ենք բողոքարկել, որի պատասխանը դեռ չունենք, սա էլ բողոքարկելու ենք։ Դատարանը մտահոգություն է արտահայտել գործին միջամտելու հետ կապված, որն իմ կարծիքով իրատեսական չէ այն իմաստով, որ Հայկ Խաչատրյանը բավականին երկար ժամանակ մասնակցում է գործի քննությանը, որեւէ ողջամիտ եզրահանգում կատարելու հիմք չի թողել, որ ինքը կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործի վրա։ Տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում օբյեկտիվորեն դատարանը բժշկական փաստաթղթի առկայության պայմաններում թույլատրել է Հայկ Խաչատրյանին մի քանի անգամ գնալու եւ համապատասխան բուժում ստանալու, առնվազ Ա կետից Բ կետ գնալու, ազատ ինչ-որ մարդկանց հետ շփվելու հնարավորություն եղել է եւ ինչ-որ փաստական տվյալ չկա, որ Հայկ Խաչատրյանը կատարել է կամ փորձել է կատարել այնպիսի մի գործողություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ գործի բնականոն ընթացքի վրա։ Ուղղակի քանի որ ի սկզբանե մի հիմք արձանագրվել է եւ այս պահին էլ դեռ այդ արձանագրված հիմքը չի նվազել, այդ մարդիկ չեն հարցաքննվել, մարդը արհեստականորեն մնում է անազատության մեջ, տնային կալանքն էլ է կալանք»։
Նշենք, որ Հայկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5 միլիոն ՀՀ դրամ, եւ բացակայելու արգելք: Նկատենք, որ պարտքով տրված գումարները հետ բերելու խնդիրը Հայաստանում միշտ եղել է, եւ երբ իրավապահները չեն կարողանում նման խնդիրներ կարգավորել, բնական է, որ քաղաքացիները դիմում են տարբեր անձանց, այդ թվում` քրեական հեղինակություններին, որ իրենց գումարները հետ ստանան: Այսինքն՝ գողականների եւ քրեական հեղինակությունների ազդեցությունը նվազեցնելու ուղիներից մեկն էլ քաղաքացիների դիմումներին արագ եւ օպերատիվ արձագանքելն է, նրանց խնդիրները լուծելը, իսկ այդ պարտականությունը պետք է կատարեն ոստիկանությունը, քննիչներն ու դատարանները: