Անցած տարվա դեկտեմբերին ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, հայ եւ ադրբեջանցի մտավորականների մասնակցությամբ, մի քանի օր շարունակ փոթորկեց հայ հանրությանը։ Մինչդեռ այցի նպատակը, ինչպես հետո փաստեցին հայ պատվիրակները, գերիներին ազատ արձակելու պահանջն էր։
Պատվիրակության կազմում ընդգրկված, Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ փոխանցեց, որ նոր հանդիպման պայմանավորվածություն չկա, ավելին՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ իրենք ասել են, որ հանդիպումներն իմաստ ունի շարունակել, եթե բոլոր գերիներն ազատ արձակվեն․ «Ադրբեջանական կողմն այդ ժամանակ իրենց կողմից բարձրաձայնեց քարտեզների հարցը, որոնք ամբողջովին վերադարձված են։ Իսկ իրենց միջնորդությամբ ոչ մի գերի իրականում չվերադարձվեց, դրանից հետո 2 անգամ են գերիներ վերադարձվել, մի անգամ՝ Հունգարիայի, մի անգամ էլ՝ Մակրոնի միջնորդությամբ։ Այնպես որ, իրենք որեւէ դերակատարում չեն ունեցել այդ հարցում, իսկ ձեւական հանդիպումներն ինձ եւ ընդհանրապես ոչ մեկին չեն հետաքրքրում։ Կլինեն արդյունքներ՝ կարելի է խոսել հետագայի մասին, բայց քանի այդ հանդիպմանն իրենց խոստացած արդյունքը չկա, ուրեմն անիմաստ է որեւէ ձեւով շարունակել այս հանդիպումները։ Եթե անգամ մենք պայմանավորվենք մեկ ուրիշ հարցով, ենթադրենք՝ մեր ժառանգության, դարձյալ ոչ մի վստահություն չկա, որ դա կունենա ինչ-որ արդյունք։ Իսկ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում պետք է ունենա արդյունք»։
Ռ․ Բաբայանն ասում է, որ եթե իրենց պահանջի դիմաց գոնե մի քանի գերի ազատ արձակեին, իրենք կհասկանային, որ ինչ-որ քայլ արվել է․ «Դա արվեր իրենց միջնորդությամբ, ոչ Հունգարիայի կամ Ֆրանսիայի միջնորդությամբ։ Պարզ է, որ իրենք չեն խնդրել ո՛չ Մակրոնին, ո՛չ էլ Հունգարիայի վարչապետին»:
Հնարավո՞ր է, որ մոսկովյան կողմը ուրիշ կազմով հանդիպում նախաձեռնի։ «Նախ, կարծում եմ՝ հիմա Ռուսաստանը դրա ժամանակը չունի։ Հետո՝ ես կգերադասեի, որ այդ հանդիպումներն ավելի երիտասարդական կազմով լինեին, մարդիկ, որ կնստեին ու ոչ թե նոստալգիկ բաներ կհիշեին անցյալից, թե ինչպես էր Բաբաջանյանը երաժշտություն գրում, եւ Մուսլիմ Մագոմաեւն էլ՝ կատարում, որը, ինչ խոսք, լավ է, բայց դա եղել-անցել է, եւ պետք է մտածել ապագայի մասին։ Բացի այդ՝ զգացվում էր, որ Ռուսաստանն ունի որոշակի օրակարգ, եւ դա իր քաղաքականության մեջ է տեղավորվում, թե ինչքան լավ էր, որ մենք մի միության մեջ էինք, եւ ոչ մի կոնֆլիկտ չկար։ Այդ ժամանակ ես Շվիդկոյին ասացի, որ դա դեռ քննարկելու հարց է, թե ինչքանով էր լավ կամ վատ, բայց, բոլոր դեպքերում, դա անցյալ է»։
Ստացվում է՝ Ռուսաստանը դեռ մի քանի ամիս առաջ է սկսել մեկ միութենական պետություն ունենալու քարոզը։ «Այո, եւ նա որոշակի հող էր նախապատրաստում, ու նրա ամբողջ քարոզչությունը հեռուստաեթերներով դա էր, թե ինչքան լավ էր նախկինում, ինչքան ճիշտ էր դա, երբ կար մի պետություն․․․։ Բայց երբ մենք նայում ենք դեպի ապագան, պետք է հասկանանք, որ եթե չունենանք անկախ պետականություն, դատապարտված ենք ասիմիլյացիայի եւ ձուլվելու ենք։ Սովետական Հայաստանը շատ լավ գաղութ էր, բայց՝ գաղութ էր, իսկ գաղութի եւ սուվերեն պետության տարբերությունը նա է, որ գաղութը որեւէ հարց չի լուծում»։
Ստեղծված իրավիճակում այսօր շատերը, որպես անվտանգության երաշխիք, ելքը տեսնում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ձեւավորելու մեջ, ինչը Ռուբեն Բաբայանը համարում է շատ վտանգավոր․ «Բոլոր այս խոսակցությունները եկան ասպարեզ հենց այն բանի պատճառով, որ մենք այս 30 տարվա ընթացքում շատ քիչ բան էինք անում, որպեսզի կայացնենք մեր պետությունը։ Մենք ավելի շատ այսրոպեական հարցեր էինք լուծում, եւ եթե դրանք ինչ-որ տեղ արդարացված են գլխավոր նպատակին հասնելու համար, ապա շատ արագ ու աննկատ մենք մոռացանք հենց գլխավոր նպատակի մասին, եւ այսրոպեական հարցերը մեզ համար դարձան գլխավոր։ Նույն՝ Արցախի հարցում մենք մեզ զրկել էինք ինքնուրույնությունից, աշխարհի հետ հարաբերակցվելուց, միջազգային օրենքներով շարժվելուց։ Այստեղ կարեւոր չէ՝ փոքր ես, թե մեծ ես, կարեւորն այն է՝ դու քո առաջ դնո՞ւմ ես պետություն ստեղծելու խնդիր, թե՞ ոչ, որովհետեւ եթե խնդիրը պարզապես լավ գաղութ ունենալն է, գաղութի ճակատագիրը միշտ պարզ է, եւ կարծում եմ՝ մեր վերլուծաբանները շատ թերի են ընկալում, թե ինչ է կատարվում վերջում կայսրությունների հետ»։